Մատչելիության հղումներ

logo-print
Իրաք հայ զինվորական մասնագետներ ուղարկելու Հայաստանի իշխանությունների մտադրությունը Իրաքի հայկական համայնքում խուճապային իրավիճակ է ստեղծել: Տեղի հայկական համայնքն այս օրերին ամենից շատ խոսում է հենց այդ որոշման եւ դրա հնարավոր հետեւանքների մասին:

Այսօր Իրաքի թեմի առաջնորդ Արքեպիսկոպոս Ասատուրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասաց, թե իրենք դեմ են Հայաստանի իշխանությունների այդ մտադրությանը, քանի որ Իրաքում կա հայկական համայնք, կան հայկական կառույցներ, որոնք կարող են պարզապես ահաբեկիչների համար թիրախ դառնալ: Իրաքի թեմի առաջնորդը չբացառեց նաեւ, որ հայ զինվորականների Իրաք ժամանելու արդյունքում սրվեն տեղի հայերի եւ ողջ արաբական աշխարհի հարաբերությունները: Իրաքի թեմի առաջնորդն այս կապակցությամբ արդեն նամակ է ուղարկել Հայաստանի Ազգային ժողովի նախագահին:

Բաղդադի հայկական համայնքի հոգեւոր առաջնորդ Տեր Նարեկ քահանա Իշխանյանը եւս այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե Իրաքում բնակվող բոլոր հայերն էլ դեմ են Իրաք հայ ռազմական մասնագետներ ուղարկելու որոշմանը, քանի որ մտավախություն ունեն, թե ահաբեկիչները կսկսեն տեղի հայերին էլ առեւանգել եւ սպանել, եկեղեցիներն ու տները ռմբակոծել: Հոգեւոր առաջնորդի խոսքերով, իրենք պարզապես խնդրում են, որ Հայաստանի իշխանությունները նման քայլի չդիմեն:

Բաղդադի միակ հայկական դպրոցի տնօրեն Ծովինար Իշխանյանը եւս հեռախոսազրույցում իր անհանգստությունը հայտնեց Իրաք հայ զինվորականներ ուղարկելու կապակցությամբ:

Տիկին Իշխանյանի փոխանցմամբ, Բաղդադում այդ լուրը ստանալուն պես իրարանցում է սկսվել, եւ անգամ արաբական թերթերն են գրում այդ մասին՝ նշելով, թե նույնիսկ բարեկամ Հայաստանն է Իրաք բանակ ուղարկում :

Բաղդադի հայերը մտավախություն ունեն, որ ահաբեկիչների թիրախ կարող է դառնալ հայկական դպրոցը: Այդ իսկ պատճառով, ըստ դպրոցի տնօրենի, Իրաք հայ զինվորականներ ուղարկելու մասին լուրը լսելուն պես տեղի հայերը Բաղդադի հայկական դպրոցից սկսել են երեխաներին տեղափոխել օտարերկրյա դպորցներ: Տնօրենի խոսքերով, արդեն 35 հայ երեխա հեռացել է դպրոցից, հենց այդ պատճառով: Ավելցնենք, որ Բաղդադի միակ հայկական դպրոցում այս պահին 200 աշակերտ է սովորում:

Տնօրենի հետ հեռախոսազրույցից մի քանի րոպե առաջ, դպրոցի շենքի մոտակայքում պայթյուն էր տեղի ունեցել՝ այն պահին, երբ երեխաները քննություն էին հանձնում: Իսկ հարցազրույցի ընթացքում լսվում էր ռազմական ինքնաթիռների աղմուկը:

Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG