Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Իրավունք» թերթի պատկերավորմամբ. «Ներկայիս քաղաքական անդորրի ընդերքում աստիճանաբար հասունանում է ներքաղաքական եւ արտաքին քաղաքական փոթորիկ: Մասնավորապես դաշնակցականները շարունակում են նախապատրաստել Ռոբերտ Քոչարյանին ներկայացվելիք համընդգրկուն փաթեթը, որը, ըստ երեւույթին, սկզբունքորեն հնարավոր կլինի իրականացնել միմիայն կոալիցիան փլուզելու պարագայում: Ներկոալիցիոն տարաձայնություններ կան եւ արտաքին քաղաքական հարցերում: Այսպես, եթե դաշնակցական գործիչները Թերի Դեւիսի ղարաբաղյան զեկույցի շուրջ մեծ աղմուկ են բարձրացնում եւ տագնապում այդտեղ պարունակող հակահայկական բազում կետերի առնչությամբ, ապա հանրապետականները ի դեմս Տիգրան Թորոսյանի, հայտարարում են, որ այդ զեկույցի շուրջ նման աղմուկը ամենեւին էլ շահեկան չէ Հայաստանի համար: Խոշոր հաշվով, Հայաստանում ամեն ինչ ընթանում է ղարաբաղյան կարգավորման արագացման եւ Արեւմուտք-Ռուսաստան մրցակցության ֆոնի վրա,- խտացնում է մեկնաբանը,- ենթադրվում է, որ ղարաբաղյան գործոնի ազդեցությունը իշխանական դաշտի վրա եւ այդ ազդեցության ներքո տվյալ դաշտի ապակայունացումը իրենց զգացնել են տալու հոկտեմբերի կեսերին»:

«Առավոտ»-ի մեկնաբանի դիտարկմամբ, եվրոպական կառույցներն ամենայն հավանականությամբ, արդեն իսկ ունեն մշակված առաջարկներ, որոնք առաջիկայում անպայման կդրվեն բանակցող կողմերի սեղանին: Եվ դրանցում ելակետ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այդ հարցերին լուրջ կարեւորություն է տվել երեկ Գերմանիայի դեսպան Հայկե Ռենատե Հայչեի եւ Արտաշես Գեղամյանի մեկ ժամից ավելի տեւած հանդիպման ընթացքում, հղում է անում մեկնաբանը: -«Պատահակա՞ն է համընկնում արդյոք, որ նույն ժամանակահատվածում եւ եվրոպական երկրների դիվանագետներն են նման յուրօրինակ լոբինգ սկսում, եւ հրապարակվում է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի զեկույցը, եւ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանն է հանդես գալիս իր հայտնի հայտարարություններով՝ հակամարտության ձգձգման անհանդուրժելիության մասին»:

«Առավոտ»-ում բերված է այս հարցադրմանը Արտաշես Գեղամյանի հետեւյալ արձագանքը. «Արեւմտաեվրոպական երկրների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի դիվանագիտական տեսչությունները երբեք ու երբեք չեն գործում պատահականորեն, այլ ցուցաբերում են մտածված ու համակարգված մոտեցումներ, առկա է նաեւ հստակ դերակատարում, թե ով, որտեղ եւ ինչ հարցադրումներով է հանդես գալու»:

Հայաստանը շարունակում է մեծապես տուժել Վրաստան-Ռուսաստան ավտոճանապարհի փակումից, - արձագանքում է այսօր «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը, - երեկվա դրությամբ դրական որեւէ տեղաշարժ չկար: Եվ արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը եւ տրանսպորտի ու կապի նախարարության լրատվական ծառայության ղեկավարը երեկ պաշտոնական տեղեկություններ չունեին սահմանակետի մոտ ստեղծված իրավիճակի եւ ավտոմեքենաների քանակի մասին:
Ըստ կառավարության հասարակության հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանի էլ, ամեն ինչ կախված է Ռուսաստան-Վրաստան հարաբերություններից, որոնք եթե լեզու գտնեն իրար հետ, այդ խնդիրը կլուծեն:

«Հայկական ժամանակ» թերթի փոխանցմամբ, «Հայ արիական միաբանություն» կուսակցության նախագահ Արմեն Ավետիսյանի նախաձեռնությունը՝ հրապարակել հայ քաղաքական էլիտայի գեյերի ցանկը, աննախադեպ շփոթ է առաջացրել թե՛ ԱԺ-ում, թե՛ կառավարությունում: Ե՞րբ է պատրաստվում «ՀԱՄ» նախագահը հանդարտեցնել քաղաքական վերնախավի կրքերը:
Արմեն Ավետիսյանը «Հայկական ժամանակ» թերթի թղթակցին ասել է. «Երեկ մեր գրասենյակ էր եկել նախագահի աշխատակազմի մի ներկայացուցիչ եւ հետաքրքրվում էր, թե որքանով է մեր ունեցած տեղեկությունը ռեալ, եւ երբ կհրապարակվեն այդ անունները: Այս օրերին ինձ զանգահարել են նաեւ բազմաթիվ պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք նույնպես հետաքրքրվում են, թե երբ են հնչելու այդ անունները: Իհարկե, եղել են նաեւ բազում անանուն զանգեր, որոնք խորհուրդ են տալիս նման բան չանել, քանզի այդ մարդիկ ունեն ընտանիք եւ երեխաներ: Սակայն ես ձեր թերթին արդեն ասել եմ՝ այդ անունները հրապարակվելու են. այդ մարդիկ Նոր տարվա սեղանի շուրջ նստելու են վարկաբեկված ու խայտառակ եղած»:

«Ժողովրդի որոշակի շահերը պաշտպանելու ընդունակ ընդդիմության բացակայության պայմաններում հատուկ դեր է ստանում հասարակական կարծիքը, - շեշտում է այսօր «Գոլոս Արմենիի» թերթի տեսաբանը,- Պետք է պարզապես տեր լինել սեփական տանը, հիշել, որ ոչ թե օլիգարխներն ու նախարարները, այլ մենք՝ հասարակ մահկանացուներս ենք երկրի տերերը, նրա աղն ու հենարանը: Եվ այդ ժամանակ հասարակական կարծիքի ազդեցությունը կլինի ինչպես ժողովրդավարական երկրում, ուր «վարկանիշ», «կենսագրություն» «հասարակական մթնոլորտ» հասկացությունները լցված են իմաստով:

Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG