Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Եվրոպացիների հետ այսպես չեն աշխատում նրանք ծայրահեղություններ չեն սիրում,- շեշտում է այսօր «Հայոց աշխարհ» թերթը՝ անդրադառնալով Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ ԵԽ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնախմբին ներկայացված բրիտանացի Թերի Դեւիսի զեկույցին հայաստանյան սուր արձագանքին, մասնավորապես իշխանության որոշ ներկայացուցիչների կողմից,- Փաստորեն աշխարհով մեկ հայտարարում ենք, որ ինչպես Թերի Դեւիսը, այնպես էլ Դեյվիդ Ատկինսոնը անկողմնակալ չեն, անգամ գտնվում են որոշակի լոբբինգի ազդեցության տակ: Նման փաստերը, եթե անգամ հիմնավորված լինեն, միեւնույն է, պետությունը ներկայացնող անձանց կողմից հնչեցվելու պարագայում վերածվում են եվրոպական կառույցների ներկայացուցիչներին ուղղված բացահայտ մարտահրավերների, - զգուշացնում է «Հայոց աշխարհ»-ը,- Մի ծայրահեղությունից մյուսը թռչող, մակերեսային գնահատականների այսպիսի «գունապնակով» կարող ենք լուրջ հարված հասցնել սեփական երկրի ազգային շահերին՝ եվրոպացիների մոտ ստեղծելով իմպուլսիվ ու պարզունակ ազգի տպավորություն, որը ո՛չ լավն է հասկանում, ո՛չ էլ փորձում է շտկել իր մասին ստեղծված թյուր տպավորությունը»:

Մեկ այլ վերլուծականում, «Հայոց աշխարհ»-ի մեկնաբաններից մեկն էլ նշում է. «Հայանպաստ ձեւակերպումներն ու Ադրբեջանի հանրածանոթ պնդումները այնպես են խառնվել մեկը մյուսին, որ կողմերից յուրաքանչյուրը կարող է այն մեկնաբանել իր օգտին։ Սա ինքնին վկայում է, որ ԵԽԽՎի քաղաքական հանձնախմբին ներկայացված այս փաստաթուղթը պարզապես տեղեկատվություն է «խորհրդածության համար։ Բայց անգամ նման տեղեկատվությունը կարելի էր դարձնել շատ ավելի հայանպաստ, եթե այս «տեղեկատվականվերլուծական» փաստաթղթի դեմ ներկայումս «սրեր ճոճող» մեր քաղաքական գործիչներից շատերը բարեխղճորեն կատարեին իրենց պարտականությունները»:

«Հայկական ժամանակ» թերթի միանշանակ գնահատականով՝ Դեւիսը ջախջախել է Հայաստանը: Ըստ թերթի, զեկույցի ողջ տրամաբանությունն այն է, որ Հայաստանը միջազգային բազմաթիվ կոնվենցիաներին հակասող, դատապարտելի, անօրինական գործողություններ է իրականացրել, որի հետեւանքով հազարավոր մարդիկ զոհվել են, հարյուր հազարավորները՝ անտուն մնացել, խախտվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ԼՂ մարզում էթնիկ զտումներ են իրականացվել:

«Առավոտ» թերթի խտացմամբ, մենք կարծում ենք, որ ամբողջ աշխարհը մեր դարդերով է տապակվում: Դեռ մի բան էլ նեղանում ենք, երբ օտարները /օրինակ, Թերի Դեւիսը/ Ղարաբաղի հարցում մեր նման չեն մտածում: Աշխարհի երկրների մի մասին մեր տարածաշրջանը հետաքրքրում է այնքանով, որքանով իրենք ուզում են այստեղով գազամուղներ եւ նավթամուղներ քաշել, եւ անում են ամեն ինչ, որ մենք նրանց չխանգարենք: Հայաստանն ու Ադրբեջանը նրանց համար հետամնաց, ավտորիտար պետություններ են, որոնք իրար մեջ չեն կարողանում 5 հազար քառակուսի կիլոմետրանոց հողակտոր կիսել: Եվ նրանք մեզ ասում են՝ խելոք մնացեք, պատերազմներ ու հեղափոխություններ /առանց մեր հրահանգի/ մի արեք, սովից մի կոտորվեք, որ մեր ծրագրերին չխանգարեք: Մնացած հարցերում՝ որ պատին ուզում եք՝ գլուխներդ տվեք: Մտահոգվել պետք է, բայց՝ ոչ Դեւիսի զեկույցից, այլ մեր ներքին եւ արտաքին քաղաքականության ընդհանուր դրվածքից, որի տրամաբանական հետեւանքն են նման զեկույցները,- ընդգծում է «Առավոտը»:- Միակ արդյունավետ ճանապարհն է՝ օգտագործել Դեւիսի զեկույցի բարենպաստ պահերը, որոնք թեեւ քիչ են, բայց կան, եւ փորձել դրանք ամրագրել հաջորդ զեկույցում: Իհարկե, նկարագրված ֆոնի վրա դա անելը շատ դժվար է: Մյուս կողմից էլ՝ ամենահեշտը ոչինչ չանելն է»:

«Գոլոս Արմենիի» թերթն էլ այսօր անդրադառնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Սթիվեն Մաննի վերջին որոշ արտահայտություններին, ձեւակերպելով, որ վերջինս փաստորեն վերափոխել է խնդրի բոլոր հիմանական շեշտադրումները եւ վերանայել դրանք անցած դարի «քաղաքակիրթ դիվանագիտության» ավանդույթներով:

Ըստ «Գոլոս Արմենիի»-ի մեկնաբանի՝ «ակնհայտ է, որ միջնորդներն ավելի լավ տիրապետում են կովկասյան խոհանոցի, քան կովկասյան խնդիրների նրբություններին, եւ նման խոհարարական մոտեցում կա ընդհանրապես երրորդ աշխարհի բոլոր երկրների հանդեպ : Այս հանգամանքը, մեկնաբանի ընդգծմամբ, մեզ պիտի մղի ավելի հավաք լինել ու աշխարհին ցույց տալ մեր տարբերությունը ադրբեջանցիներից ոչ թե պատմական անյցալի մասին գոչյուններով ու խորտիկների նրբությամբ, այլ նույն այդ պատմությունից եկող քաղաքակիրթ կենցաղով ու գրագետ սոցիալ-կադրային քաղաքականությամբ:

«Հայկական ժամանակ» թերթում բերվող գնահատականով, երկրում տիրում է կատարյալ ներդաշնակություն. փչացած իշխանություն, փչացած ընդդիմություն եւ նույնքան փչացած հասար ակություն։ Այդուհանդերձ, դեռ 2003-ի նախագահական ընտրություններից առաջ երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը բոլորովին այլ էր։ Ի՞նչ պատահեց մեզ։ Ինչո՞ւ աթենքյան օլիմպիադայի պարտությունը, բացի սեփական անձնական շահը հետապնդող քաղաքական որոշ ուժերից, ոչ մեկին չանհանգստացրեց։ Ինչո՞ւ թիվ 44 ընտրատարածքում տեղի ունեցած խայտառակ ընտրությունը հասարակությանը թողեց բացարձակ անհաղորդ։

«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը դիմել է հոգեբան Կարինե Նալչաջյանին: Վերջինս մասնավորապես ասում է. «Այսօր մեր հասարակությունը հոգեբանական նահանջի, հոգեբանական ռեգրեսիայի մեջ է։ Դա մի հոգեվիճակ է, երբ անհատը, հանուն իր նեղ անձնական, կենցաղային, օրվա խնդրի, հրաժարվում է շատ բարձր արժեքներից եւ դրանով իսկ մեկ աստիճան իջնում ներքեւ։ Եթե մարդը սոված է, եթե մարդն իրեն արհամարհված եւ անպաշտպան է զգում, նա չի կարող մեծ արժեքների դավանել։ Մինչդեռ այսօր անհատը գտնվում է նման վիճակում, եւ հոգեբանական այս նահանջի պայմաններում խոսել արդար ընտրությունների, օլիմպիադաներում հաղթելու, հայրենասիրության կամ հանուն հայրենիքի ինչ-որ ազնիվ ու վեհ բան անելու մասին՝ օրվա պահանջ չէ։ Իսկ նման ռեգրեսիվ հոգեվիճակի պատճառն այն է, որ հասարակությունն այսօր հավասարապես հիասթափված է թե՛ գաղափարազուրկ իշխանությունից, թե՛ նույնքան գաղափարազուրկ ընդդիմությունից։ Ակնհայտորեն թույլ ընդդիմությունն այսօր պարարտ հող է իշխանական անսահմանափակ բեսպրեդելի համար: Իշխանությունը հրաշալի տեսնում է, որ ժողովուրդը կորցրել է իր երբեմնի հենարանին՝ ընդդիմությանը, եւ այսօր, ըստ էության, բացարձակապես անտեր է։Ուժերի համախմբում է պետք, այլապես մեզ իսկապես շատ լուրջ անկում է սպասում»:

Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG