Մատչելիության հղումներ

Այսօր Անկախության տոնի առթիվ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր եւ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:
Եռաբլուր են այցելել նաեւ ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները:

ՀՀ նախագահի հրավիրած ընդունելությանը մասնակցելու համար ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները, պատգամավորները հրավերներ ստացել են, գնալ-չգնալու հարցը հատուկ չեն քննարկել, միասնաբար որոշում չեն ընդունել, բայց ընդդիմադիրներից շատերը որոշել են չգնալ, փաստորեն պաշտոնական ընդունելությունը բոյկոտում են: Ընդունելությանը մասնակցելու որոշում է կայացրել միայն ԱԺՄ կուսակցության ղեկավար Վազգեն Մանուկյանը:

«Հայոց համազգային շարժում»-ը սեպտեմբերի 21-ը միշտ էլ առանձին է նշում: Կուսակցության վարչության գործադիր քարտուղար Անդրանիկ Հովակիմյանի խոսքերով, այստեղ մենաշնորհի խնդիր բոլորվին չկա: Այս տոնը ՀՀ քաղաքացիներին է, ովքեր 1991 թվականին քվերարկեցին իրենց ազատության համար: Եվ առանձին նշելը ավանդույթ է ՀՀՇ-ի համար՝ այն պետք է նշվի իրենց գրասենյակում:

Անկախության տարիները ծանր անցան, ցուրտ ու մութ տարիներ, զրկանքներ, ու մարդկանց մեջ տպավորություն ամրապնդվեց, որ այդ ամենի համար ՀՀՇ-ն է մեղավոր:
Անդրանիկ Հովակիմյանի մեկնաբանությամբ, այս սերունդը իրավունք ունի բացթողումների համար ինչ-որ մեկին չսիրելու, անիծելու, եւ օբյեկտիվորեն այդ թիրախը դարձել է ՀՀՇ-ն, որը դա հասկանում է եւ գիտակցում:

ՀՀՇ-ում համոզված են, որ տարիներ կանցնեն ու անկախության հասած սերունդը պատմության մեջ կմա որպես հերոսական սերունդ: Բայց ՀՀՇում նաեւ համոզված են, որ այսօրվա դրությամբ երկրի անկախությունը վտանգված է, քանի որ Հայաստանը կիսապատերազմական վիճակում է՝ տարածաշրջանի լուրջ խմորումներից դուրս մնացած: Տնտեսական անվտանգությունը շատ ավելի լուրջ է վտանգված, տրածաշրջանային կոմունակացիաները շրջանցում են Հայաստանը՝ վտանգելով մեր տնտեսական ու քաղաքական անկախությունը:

Անդրանիկ Հովակիմյանի կարծիքով, այս խնդիրները քննարկման առարկա չեն դառնում, քաղաքական բանավեճ չի կայանում, եթե նույնիսկ խնդիրները առաջ են քաշվում, հասարակությունը դրան վերաբերում է ոչ թե որպես վիճաբանությունների առարկայի, այլ՝ «ով է ասում, երբ է ասում»:

Այսօրվա իշխանության կուսակցություններից, Հանրապետական խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը նույնպես Հայաստանի անկախության համար վտանգներ է տեսնում՝ ավելի շատ ներսի վտանգներ, անկախության օրն էլ միասնություն չկա:

Գալուստ Սահակյանի համոզմամբ, դեռեւս ձեւավորված ավանդույթներ չկան: Իսկ կոնկրետ այսօրվա համար, երբ նախագահի հրավիրած ընդունելությանը ՀԺԿ-ի, «Ազգային միաբանության» եւ «Հանրապետություն» կուսակցությունների ղեկավարներն ու պատգամավորները չեն մասնակցում, Գալուստ Սահակյանն այսպես է ընկալում. «Վերջին հաշվով սա առանձին անձի տոն չէ: Նախագահն է հրավիրում, եւ անձնավորել չգնալ, կարծում եմ, սա ոչ թե քաղաքական իմաստ է պարունակում, այլ նշանակում է ինչ-ինչ պատճառներով՝ խռովել չգնալ»:

Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG