Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ում ուրբաթ օրը Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագրով մասնակի ներում է շնորհվել, ազգականների եւ մտերիմների խոսքերով, բուժման կարիք ունի եւ չի բացառվում, որ այդ նպատակով մեկնի արտասահման:

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով 2000 թվականին 14 տարվա ազատազրկման դատապարտված Բաբայանը ազատ է արձակվել` մեկ տարի փորձաշրջանով: Այժմ Սամվել Բաբայանը գտնվում է Երեւանի իր բնակարանում եւ, կնոջ` Իրինա Բաբայանի փոխանցմամբ, առայժմ հրաժարվում է հանդիպել լրագրողներին:

Բաբայանին հանդիպել ու նրա հետ զրույցել է «Արդարություն» դաշինքի ղեկավար անդամ, «Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հրանտ Խաչատրյանը, որի խոսքերով, գրեթե հինգ տարվա ազատազրկումը ամենեւին չի անդրադարձել Սամվել Բաբայանի վրա:

«Սամվել Բաբայանը չի փոխվել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Խաչատրյանը: - «Ե’վ արտաքին տեսքով, ե’ւ իր մտածողության լայնությամբ, ե’ւ խնդիրները պատկերացնելու աստիճանով: Անկասկած նա բուժման կարիք ունի. երբ ասում եմ` չի փոխվել, ես առաջին հերթին նկատի ունեմ հոգեբանական վիճակը, մտածողության մակարդակը: Բոլորովին չես ասի, որ 5 տարի ազատազրկման վայրում եղած մարդու հետ ես զրուցում»:

Պաշտոնապես որեւէ բացատրություն չի տրվել, թե ինչու է Բաբայանը ազատ արձակվել: Հրանտ Խաչատրյանը չցանկացավ այդ ուղղությամբ վերլուծություններ անել: Նա, այդուհանդերձ, ասաց. - «Սամվել Բաբայանը, հավանաբար, շատերի եւ, չեմ բացառում նաեւ` բոլորի համար այս պահին ավելի պիտանի է ազատության մեջ, քան բանտում»:

Բաբայանի ազատ արձակելու պատճառների մասին «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Պատճառը, թերեւս, մեկն էր. ի սկզբանե բոլորիս համար ակնհայտ էր, որ այդ մահափորձին Սամվել Բաբայանը ոչ մի առնչություն չուներ: Հավանաբար, մարդկանց խիղճը տանջեց եւ որոշեցին իրենց իսկ կողմից դեռ չորսուկես տարի առաջ թույլ տված սխալը շտկել»:

Դաշնակցության բյուրոյի անդամ, Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը նույնպես հրաժարվեց խոսել Բաբայանին ազատ արձակելու պատճառների մասին` ասելով միայն, թե ուրախ է, որ Բաբայանը ազատության մեջ է:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG