Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանը 900 միլիոն դոլարի հավելյալ օգնություն է ակնկալում Միացյալ Նահանգներից


Հայաստանի կառավարությունը առաջիկա երեք տարիներին ամերիկյան կառավարությունից մինչեւ 900 միլիոն դոլարի անհատույց ֆինանսական է օգնություն է ակնկալում` «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրերի շրջանակներում: Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի փոխանցմամբ,մշակված ծրագիրը մինչեւ սեպտեմբերի վերջը կներկայացվեն «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային։

ԱՄՆ-ի «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի կողմից մրցույթով ընտրված 16 աղքատ երկրների միջեւ այս տարի կբաշխվի 1 միլիարդ դոլար, հաջորդ տարվա հավակնորդների միջեւ՝ 2,5 միլիրադ, իսկ 2006 թվականից սկսած՝ 5 միլիարդ դոլար։

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Անդրեասյանի փոխանցմամբ, Հայաստանի հայտում նշված գումարի 2/3-ը, այսինքն՝ մոտ 600 միլիոն դոլարը վերաբերում է խմելու եւ ոռոգման ջրերի համակարգերի բարելավման ծրագրին:

«Ջրային ոլորտը այսօր ներդրումների առումով, նաեւ [«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային ներկայացվելիք] փաթեթից ելնելով, մեր տնտեսության առաջնային ներդրումային պահանջարկ ունեցող ուղղություններից է», - կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Անդրեասյանը:

Կառավարությունը ամերիկյան կառավարությունից եւս 137 միլիոն դոլար խնդրում է հանրապետական եւ տեղական նշանակության ճանապարհների վերանորոգման նպատակով: Գումարներ են հայցվում նաեւ կրթական եւ առողջապահական ոլորտներում ծախսելու համար։

Պատահական չէ, որ կառավարությունը հավելյալ գումարների առյուծի բաժինը պահանջում է հենց ջրամատակարարման համակարգերը կարգի բերելու նպատակով։ Չնայած վերջին տասնամյակում այդ ոլորտում արված լայնածավալ ֆինանսական ներարկումներին, շուրջօրյա ջրամատակարարման խնդիրն այդպես էլ շարունակում է անլուծելի մնալ բաժանորդների մեծ մասի պարագայում` ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ հանրապետության մարզերում։ Թեեւ, երբ զանգվածաբար ջրաչափեր էին տեղադրվում, մարդկանց վստահեցնում էին, թե շատ շուտով այդ խնդիրը կլուծվի։

Արամ Անդրեասյանը ջրամատակարարման ընդհատումներն այսօր բացատրեց «ինվեստիցիոն աշխատանքների հետ կապված պատճառներով»:

«Վերակառուցվում են Երեւանի ներքին համակարգերը, ստեղծվում են գոտիներ, փակ ճնշումային համակարգեր, որոնց միջոցով հնարավոր կլինի լուծել մեր առջեւ դրված խնդիրը», - բացատրեց նա:

Ըստ կոմիտեի նախագահի, թեեւ մայրաքաղաքում ներկա դրությամբ ջրաչափեր ունեն բաժանորդների 85 տոկոսը, սակայն, դրանց տեղադրմանը զուգահեռ ջրի կորուստները ավելացել են։ Եթե մեկ տարի առաջ ջրի կորուստները 50-55 տոկոս էին կազմում , ապա այժմ դրանք հասնում են 80 տոկոսի։ Սա իրականում շատ պարզ բացատրություն ունի: Անդրեասյանի խոսքերով, մինչեւ ջրաչափերի տեղադրումը հաշվարկը ելնում էր նրանից, թե յուրաքանչյուր սպառող ամսվա ընթացքում օգտագործել է 250 լիտր ջուր:

«Այսօր, երբ հաշվառման համակարգերը դրված են, ավելի կոնկրետ է դառնում, թե սպառողն ինչքան է սպառել, ինչը անհամեմատ ավելի քիչ է, քան նորմերով սահմանված է», - ասաց նա: - «Ըստ էության, այն ջրաքանակը, որ սպառողը չի սպառել , այսօր երեւում է որպես կորուստ: Այն ժամանակ դրանք թաքնված կորուստներ էին»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG