Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան եւ Ադրբեջան


Բուլղարիայի նախկին վարչապետ Ֆիլիպ Դիմիտրովը, որը երեկ նշանակվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հատուկ ներկայացուցիչ, գալիք շաբաթվա ընթացքում երկօրյա այցով կժամանի տարածաշրջան: «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Դիմիտրովը ասաց, որ կայցելի Հայաստան եւ Ադրբեջան` ակնարկելով նաեւ, որ պատրաստ է Երեւանում հանդիպել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին:

«Իմ հիմնական նպատակն է ՝ ըստ ամենայնի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար, լեհ դիվանագետ Անջեյ Կասպրչիկին, Մինսկի խմբին եւ, իհարկե, նախագահությանը, որը ես ներկայացնում եմ: Այնպես որ, ես ոչ թե փոխարինելու եմ մեկնում, այլ աջակցելու: Հարկ է ամեն ինչ անել կատարած լուրջ աշխատանքի արդյունքները պահպանելու, նահանջը բացառելու երաշխիքներ համար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ֆիլիպ Դիմիտրովը Պրահայում, որտեղ նա մասնակցում է «Դիկտատուրայից դեպի դեմոկրատիա» թեմայով միջազգային գիտաժողովին:

Նրա խոսքերով, աստիճանաբար Եվրոպային մերձեցող հարավկովկասյան տարածաշրջանը «մեծ կարեւորություն ունի»:

«Մենք շատ ենք ցանկանում կայուն տեսնել տարածաշրջանը, սառեցված հակամարտությունները չեն կարող մեզ չանհանգստացնել: Պետք է շարունակել բանակցությունները: Մենք գիտակցում ենք, որ ո'չ հրաշք է հնարավոր, ո'չ էլ կողմերին հարցը լուծելու որեւէ տարբերակի պարտադրում», - ասաց Դիմիտրովը` նման բարդ հարցի լուծումը գտնելուհնարավորությունների մասին էլ ավելացնելով. - «Այն անհրաժեշտ է գտնել: Ես հուսով եմ, որ մի օր Կովկասը կտեսնենք որպես հանդուրժողականության, փոխադարձ վստահության եւ ազատության տարածաշրջան: Ժամանակին դա գրեթե հնարավոր չէր պատկերացնել Բալկաններում, սակայն այդ հեռանկարն այնտեղ աստիճանաբար ավելի իրական է դառնում»:

Ներկայումս Բուլղարիան է նախագահում ԵԱՀԿ-ում, դրա հետ էլ կապված է Սոֆիայի դիվանագետների ակտիվացումը տարբեր կոնֆլիկտների կարգավորման ասպարեզում: Օրերս ԵԱՀԿ նախագահ, Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Սոլոմոն Պասսին իր երկրի նախկին նախագահ Պետեր Ստոյանովին նշանակել է ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Մոլդովայի հետ հարաբերությունների եւ մերձդնեստրյան կարգավորման հարցերով:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG