Մատչելիության հղումներ

logo-print

Իրավապահները կրկին զբաղվում են Աշոտ Մանուչարյանի դեմ բռնության հետաքննությամբ


Ընդդիմադիր քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանին ապրիլի 22-ին դաժան ծեծի ենթարկելու փաստով քրեական գործի հետաքննությունը, ըստ ամենայնի, վերսկսվել է` «Առավոտ» օրաթերթում Մանուչարյանին ծեծողներից մեկի լուսանկարը հրապարակելուց հետո:

Ըստ «Առավոտ»-ի երեկվա հրապարակման, Մանուչարյանը այդ լուսանկարում ճանաչել էր իր նկատմամբ բռնություն գործադրածներից մեկին: Ինքը` Աշոտ Մանուչարյանը այսօր հրաժարվեց մեկնաբանություններից, սակայն, միջադեպի առիթով առանձին հետաքննություն նախաձեռնած «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության նախագահ Էդիկ Բաղդասարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հաստատեց, որ Մանուչարյանը իրոք ճանաչել է լուսանկարում պատկերված անձնավորությանը:

Բաղդասարյանը ասաց նաեւ, որ իրենք պարզել են, որ նշված անձնավորությունը ծագումով Լեռնային Ղարաբաղից է, «Նաիրի» կինոթատրոնի մոտ է գտնվել ապրիլի 5-ին, երբ բռնության էին ենթարկվել լրագրողները:

Երեւանի Կենտրոն համայնքի ոստիկանությունից «Ազատություն» ռադիոկայանի փոխանցեցին, որ իրենք ներկայումս «ճշտում են ստացված տեղեկությունների իսկությունը»: Ոստիկանություն է հրավիրվել Էդիկ Բաղդասարյանը եւ հարցաքննվել որպես վկա: Նրա փոխանցմամբ, քննիչներին հատկապես հետաքրքել է, թե որտեղից է Բաղդասարյանը ստացել այդ տեղեկությունները եւ արդյոք Աշոտ Մանուչարյանը իսկապես ճանաչել է այդ երիտասարդին:

Ինքը՝ Մանուչարյանը հրաժարվում է քննիչների հետ հանդիպելուց, քանի որ, Բաղդասարյանի փոխանցմամբ, չի վստահում նրանց` համոզված լինելով, որ իր վրա հարձակվողները կապված են իրավապահ մարմինների հետ:

Առանձին հետաքննություն էին սկսել նաեւ Աշոտ Մանուչարյանի ընկերները: Վերջիններս, թեեւ պնդում են, թե գիտեն ով եւ ինչի համար է ծեծել Մանուչարյանին, առայժմ լռում են: Նրանցից «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ լուսանկարի հրապարակումից հետո իրենք սպասում են իրավապահ մարմինների արձագանքին, ինչից հետո կհրապարակեն իրենց հետաքննության արդյունքները:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG