Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների դեսպանը ողջունում է Իրաք զինվորականներ ուղարկելու Հայաստանի մտադրությունը


«Մենք ողջունում ենք Իրաք բժիշկների եւ սակրավորների խումբ ուղարկելու Հայաստանի մտադրությունը: Իրաքում բազմազգ ուժերը դժվարություններ ունեն, եւ մենք գնահատում ենք Հայաստանի աջակցությունը», - չորեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում հայտարարեց Հայաստանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ջոն Էվանսը:

Իրաքում Հայաստանի ոչ մարտական զորամիավորման հնարավոր ներկայության հարցը որոշակի մտահոգություն է առաջացրել Հայաստանում` մտավախությամբ, թե դա կարող է բացասաբար անդրադառնալ իրաքահայ համայնքի վրա: Ջոն Էվանսը ասաց, որ ԱՄՆ-ը հասկանում է, որ սա Հայաստանում հանրային քննարկման խնդիր է եւ որ հարցը պետք է քննարկվի նաեւ Ազգային ժողովում:

Պատասխանելով Ադրբեջանում չեղյալ հայտարարված «Լավագույն համատեղ ջանք – 2004» զորավարժություններին վերաբերող հարցին, դեսպանը ասաց. - «Մենք կարծում ենք, որ ՆԱՏՕ-ն ճիշտ որոշում է կայացրել` չեղյալ հայտարարելով զորավարժությունները»:

««Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագիրը չի կարող լիարժեք լինել, եթե բոլոր անդամները չկարողանան մասնակցել զորավարժություններին», - ավելացրեց նա` շեշտելով, որ դրանց չեղյալ հայտարարելը որեւէ մեկի հաղթանակը չի կարող համարվել. - «Դա շատ վատ է բոլորիս համար»:

Իր ելույթում դեսպանը շեշտեց, որ ԱՄՆ-ը երեք հիմնական խնդիր ունի տարածաշրջանում` կայունության, անվտանգության ու խաղաղության հաստատում, տնտեսական զարգացման խթանում եւ ժողովրդավարական ինստիտուտների լիարժեք կայացում:

Արդեն մեկ ամսից ավելի Հայաստանում գտնվող դեսպան Էվանսի տպավորությամբ, բոլոր երեք ուղղություններով էլ առաջընթաց զգացվում է:

Թեեւ ղարաբաղյան խնդիրը, դեսպան Էվանսի փոխանցմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Սթիվեն Մաննի լիազորությունն է, այդուհանդերձ, անդրադառնալով Աստանայում սպասվող Հայաստանի եւ Արդբեջանի նախագահների հերթական հանդիպմանը, Էվանսը ասաց. - «Այս իրավիճակում դժվար է կանխագուշակել, թե ինչ արդյունքեր կլինեն: Այդուհանդերձ, մենք ողջունում ենք Բաքվի եւ Երեւանի միջեւ երկխոսությունը: ԱՄՆ-ը, Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների հետ միասին, միշտ աջակցել է երկխոսությանը: Բայց այս ուղղությամբ առաջընթացը եւ այս բարդ խնդրի լուծումը կախված է կողմերից` Հայաստանից եւ Ադրբեջանից»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG