Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն չեղյալ է հայտարարում զորավարժությունները Արդբեջանում


Ի պատասխան Ադրբեջանի իշխանությունների մերժմանը մուտքի արտոնագրեր տրամադրել ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու համար Բաքու մեկնող հայ զինվորականներին, ՆԱՏՕ-ի ղեկավարությունը չեղյալ է հայտարարել Արդբեջանում ծրագրված զորավարժությունները:

ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվելիք «Լավագույն համատեղ ջանք – 2004» զորավարժությունները չեղյալ հայտարարելու որոշումը ընդունել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միավորված զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, ամերիկյան գեներալ Ջեյմս Ջոնսը: Պատճառը 5 հայ սպաներին մուտքի արտոնագրի մերժումն է Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանության կողմից:

«Պատճառն այն է, որ Ադրբեջանը մուտքի արտոնագրեր չի տվել հայ զինվորներին ու սպաներին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՆԱՏՕ-ի զինվորական հրամանատարության խոսնակ, փոխգնդապետ Լյուդգեր Թերբրյուգենը: Խոնակը ասաց, թե առայժմ որոշված չէ, զորավարժությունները ընդհանրապես չեղյալ են համարվում, թե սոսկ հետաձգվում են եւ կարող են տեղի ունենալ, եթե Ադրբեջանը համաձայնի ընդունել հայ զինվորականներին:

Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչների առջեւ ադրբեջանական կողմից ամենաբարձր մակարդակով խոչընդոտներ հարուցելու կապակցությամբ «խորը մտահոգություն» են հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը եւ Հայաստանի արտաաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը` Բրյուսելում այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Օսկանյանը, ինչպես հաղորդել է Հաայստանի արտգործնախարարությունը, բարձր է գնահատել ՆԱՏՕ-ի սկզբունքային դիրքորոշումը` նշելով. - «Ադրբեջանի պատճառով զինավարժությունների չեղյալ համարելը հնարավորության մեծ կորուստ էր տարածաշրջանային համագործակցության համար»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպման ժամանակ ամենայն վճռականությամբ հայտնել է, որ նման մոտեցումը անընդունելի է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի մասնակից որեւէ պետության կողմից եւ դիտվում է որպես պարտավորությունների խախտում:

«Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող զորավարժությունները, որոնք ներառում են հիմնականում խաղաղարար գործողություններ, կազմակերպվում եւ ղեկավարվում են ՆԱՏՕ-ի հրամանատարության կողմից: Ըստ ծրագրի, զորավարժություններ հյուրընկալող երկիրը, որը չի անդամակցում ՆԱՏՕ-ին, չի կարող խոչընդոտել ՆԱՏՕ-ի կողմից հրավիրված մեկ այլ երկրի ներկայացուցիչների մասնակցությունը:

«Մենք ցավում ենք, որ այս դեպքում չի պահպանվել ընդգրկման սկզբունքը, ինչը հանգեցրել է զորավարժությունները չեղյալ հայտարարելուն», - ասված է ՆԱՏՕ-ի` այսօր տարածված հատուկ հայտարարության մեջ:

«Լավագույն համատեղ ջանք -2003» զորավարժությունները հյուրընկալած Հայաստանը հետեողականորեն ջանում էր մասնակցել Ադրբեջանում կայանալիք զորավարժություններին: Ադրբեջանում, մինչդեռ, մի քանի ամիս շարունակ բողոքի ակցիաներ էին կազմակերպվում հայ զինվորականների մասնակցության դեմ: Զորավարժությունների նախօրեին` երեկ Բաքվում կազմակերպված հանրահավաքին մասնակցում էր շուրջ հազար մարդ` պահանջելով իշխանություններից թույլ չտալ հայ սպաների մասնակցությունը:

Շաբաթ օրը Ադրբեջանի նախագահ ԻԼհամ Ալիեւը հայտարարել էր, թե դեմ է հայ սպաների մասնակցությանը զորավարժություններին: «Ադրբեջանը դրա համար անհրաժեշտ քայլեր կձեռնարկի», - ասել էր նա:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Սեյրան Շահսուվարյանը, Թբիլիսիի ադրբեջանական դեսպանատունը 5 հայ սպաներին մուտքի արտոնագիր չի տվել եւ հայ զինվորականները արդեն վերադարձել են Երեւան:

«Լավագույն համատեղ ջանք – 2004» զորավարժություններին պետք է մասնակցեին հարյուրավոր զինվորականներ շուրջ երկու տասնյակ երկրներից: Մասնակիցների մեծամասնությունը արդեն ժամանել էր Բաքու:


Հրայր Թամրազյան, Պրահա եւ Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG