Մատչելիության հղումներ

Երեւանի պարարվեստի ուսումնարանի մանկավարժական կոլեկտիվը երկուշաբթի օրվանից գործադուլ է հայտարարել` բողոքելով մշակույթի նախարար Հովիկ Հովեյանի կողմից ուսումնարանում նոր տնօրեն նշանակելու դեմ:

Հովեյանի հրամանով անցած շաբաթավերջին ուսումնարանի տնօրեն է նշանակվել Երեւանի մանկավարժական համալսարանի պարի ամբիոնի վարիչ Կարեն Գեւորգյանը: Նշանակումը «անհեթեթ» է համարում պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Դիվանյանը` փաստարկելով, թե Գեւորգյանը «չի տիրապետում ոլորտին», «բալետից ու զուգապարից ոչինչ չի հասկանում»:

«Այս ուսումնարանը տալիս է բալետի դերասաններ, իսկ նա բալետի հետ ոչ մի առնչություն չունի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Դիվանյանը: - «Մեզ պնդում են, որ նա մասնագետ է, բայց ինչի՞ մասնագետ է: Նա մանկավարժական համալսարանի պարային բաժնի ամբիոնի վարիչ է, իսկ այնտեղ պատրաստում են մանկավարժներ ինքնագործ խմբակների համար»:

Նոր տնօրենը, մինչդեռ, խոստացել է բարձրացնել ուսումնարանի ուսուցիչների աշխատավարձը: Վերջիններս հրաժարվել են:

«Երեւի ուրիշ եկամուտներ ունի», - խոստման կապակցությամբ ասաց Հովհաննես Դիվանյանը` նշելով, որ իրենց բազմաթիվ դիմումները կառավարություն` աշխատավարձի բարձրացման վերաբերյալ, մերժվել են: - «Նրանք կարծում են, թե այս ամեն ինչը փողով է արվում: Ասաց` ես եկել եմ, որ ձեր փողը ավելացնեմ: Ասացի` տղա ջան, այստեղ փողի համար չեն աշխատում, այստեղ արվեստի համար են աշխատում»:

Դիվանյանը ասաց, որ անձամբ նախարար Հովեյանին է ասել, որ նշանակումը սխալ է: Ուսումնարանի մանկավարժներին խիստ զարմացրել է նաեւ այն, որ նորանշանակ տնօրենը ուսումնարան էր եկել զինված թիկնապահների ուղեկցությամբ:

Դիվանյանը ասաց նաեւ, որ թեեւ հայտնի չէ նախկին տնօրեն Մեհրաբյանի` ազատվելու մասին դիմում ներկայացնելու դրդապատժառը, բայց ինքը կարծում է, որ նրան «հասցրել են» այդ քայլին: Ուսումնարանում տնօրենի փոփոխության մասին իմացել են միայն այն ժամանակ, երբ նախարար Հովեյանը եկել է` ներկայացնելու արդեն նոր տնօրենին:

Հովիկ Հովեյանի մեկնաբանությունը կատարվածի վերաբերյալ չհաջողվեց ստանալ, քանի որ մշակույթի նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ նախարարը «այսուհետեւ հարցազրույցներ չի տալու», խոսելու է միայն ուղիղ եթերում, որպեսզի լրագրողները «չաղավաղեն» իր խոսքերը:

Մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Մանասյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ Նորայր Մեհրաբյանին իրենք հորդորել են չհրաժարվել պաշտոնից, սակայն վերջինս, վկայակոչելով ծանրաբեռնվածությունը, հրաժարվել է ետ վերցնել դեւռեւս օգոստոսի 4-ին ներկայացված դիմումը: Եվ միայն գրեթե մեկ ամիս անց կատարվել է նոր նշանակումը: Մանասյանը չվարանեց թվարկել նոր նշանակված տնօրեն Կարեն Գեւորգյանի բոլոր կոչումներն ու պաշտոնները:

Պարարվեստի ուսումնարանի երկարամյա աշխատակից Արմեն Գրիգորյանը, սակայն, ում թեկնածությունն էր առաջարկել Նորայր Մեհրաբյանը իր փոխարեն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ երբ նախարարը ուսումնարանի կոլեկտիվի ներկայությամբ ասել է, որ նշանակելու է Կարեն Գեւորգյանին, նախկին տնօրենը, դեմ արտահայտվելով, հայտարարել է, որ ցանկանում է հետ է վերցնել իր դիմումը:

«Հիմա մեր ամբողջ պայքարը այն է, որ Նորայր Մեհրաբյանին վերականգնեն», - ասաց Գրիգորյանը` ավելացնելով, որ եթե տնօրենի պաշտոնում մնա Գեւորգյանը, իրենք դուրս կգան աշխատանքից: Նրա խոսքերով, իրենք արտասահմանում աշխատանքի տեղավորման խնդիր չեն ունենա, քանի որ հայկական բալետը ներկայումս «շատ բարձր հիմքերի վրա է», ինչի մասին վկայում են տարբեր հեղինակավոր մրցույթներում ստացած մրցանակները:

Սպեդիարյանի անվան Օպերայի եւ բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը, ով միայն այսօր էր իմացել կատարվածի մասին, նույնպես իր վրդովմունքը հայտնեց: «Նման տեղերում չի կարելի մարդ նշանակել առանց խորհրդակցելու», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գեղամ Գրիգորյանը` վերջին տարիներին մշակույթի նախարարների նման կարդային քաղաքականությունն էլ բացատրելով հետեւյալ կերպ. - «Երեւի այդ մարդկանց թվում, որ այդ պաշտոնները բենզակալոնկայի տպավորություն են թողնում, որտեղ կարելի է փող աշխատել… Նրանք սխալվում են: Այդպես չպետք է լինի: Դրա համար էլ այդպես պերչատկայի պես [նախարարներին] փոխում են»:


Ռուզաննա Ստեփանյան եւ Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG