Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 11-ը սեպտեմբերի)

«Ազգային միաբանություն» կուսակցության ակտիվի հետ երեկվա հանդիպմանը ակնկալվում էր, որ կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը կհրապարակի վաղօրոք հայտարարված անակընկալը։ Բայց ո՛չ Գեղամյանին դիմավորող ու ճանապարհող ակտիվիստների ծափերն ու օվացիաներն էին նորություն, ո՛չ էլ «Ազգային միաբանության» նախագահի ելույթը», - տարակուսած հեգնում է «Առավոտ» թերթի մեկնաբանը։ «Հայկական ժամանակ» թերթի մեկնաբանը ընկալմամբ` անակնկալը իրոք տեղի ունեցավ. - «Ավելի մեծ «սյուրպրիզ» Արտաշես Գեղամյանից դժվար էր սպասել, քանի որ նա ոչ միայն կարծում է, թե սահմանադրական զարգացման դաշտը հնարավոր է Ռոբերտ Քոչարյանի նախագահի պաշտոնում մնալու պարագայում, այլեւ հիմնավորեց, որ դա կարող է անել հենց Ռոբերտ Քոչարյանը»: «Գեղամյանը առաջարկել է, որ Քոչարյանը լուծարի խորհրդարանը, նշանակի արտահերթ խորհրդարանական ընտրություններ եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքով կառավարություն ձեւավորի: Այս առաջարկը նշանակում է, որ Գեղամյանը կորցրել է Ռոբերտ Քոչարյանին իշխանությունից համաժողովրդական ցասման ճանապարհով հեռացնելու հույսը», - մեկնաբանվում է «Հայկական ժամանակ»-ում: - «Նրա հաշվարկը պարզ է. եթե խորհրդարանը լուծարվի, նոր ընտրություններում կհաղթի «Ազգային միաբանություն»-ը: Այս հաղթանակը Գեղամյանին թույլ կտա զբաղեցնել վարչապետի կամ առնվազն ԱԺ նախագահի պաշտոնը: Այս պաշտոնը զբաղեցնելով՝ Գեղամյանը Քոչարյանին իշխանությունից հեռացնելու, կամ էլ՝ 2008 թվականին նրա գահաժառանգը դառնալու հսկայական հնարավորություն կունենա»:

«Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, ուր քննարկվելու էր նախորդ նստաշրջանի քվեարկությունների կեսից ավելիից անհարգելի բացակայած պատգամավորների հարցը, ընթացավ վաղուց կանխատեսված սցենարով», - արձանագրում է «Հայկական ժամանակ»-ը: - «Արդեն որոշված էր, որ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն իր քվեարկությամբ անհարգելի է համարելու «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների պատգամավորների բացակայությունները, բայց երբ հարցը տեղափոխվի եռօրյա նիստերի օրակարգ՝ փակ, գաղտնի քվեարկությամբ կայացվելու է քաղաքական որոշում, եւ ընդդիմությանը մանդատներից չեն զրկելու»: Ինչ վերաբերում է երեկվա նիստի այլ երանգներին, «Հայկական ժամանակ»-ում առանձնացված է. - «Օրինաց երկի»-ի երեք անդամի ձեռնպահ քվեարկությունը պարզապես ապշեցրել է ՀՀԿ-ին եւ ՀՅԴ-ին, քանզի նախնական պայմանավորվածություն է եղել, որ կոալիցիայի անդամները պետաիրավական հանձնաժողովի նիստում կողմ են քվեարկելու ընդդիմադիր պատգամավորների բացակայությունները անհարգելի համարելուն: ՀՀԿ-ում եւ ՀՅԴ-ում պատրաստվում են շատ լուրջ եւ վերջնական պարզաբանում պահանջել «Օրինաց երկիր»-ից»: «Հայոց աշխարհ» թերթն էլ խորհրդարանում առաջիկա քվեարկության արդյունքը միանգամայն պարզ է համարում. - «Դիմությունը ակնհայտորեն տրամադրված չէ ընդդիմությանը զրկել մանդատներից` դրանով առաջացնելով նոր լարումներ»:

«Գալի՞ս են ընդդիմադիր պատգամավորները նիստերին, թե՞ ոչ՝ գործնականում ոչինչ չի փոխվում», - վերլուծում է այսօր «Առավոտ» թերթը: - «Միեւնույն է՝ նրանց ձայները որեւէ կերպ չեն կարող եղանակ ստեղծել եւ կամ որեւէ ազդեցություն ունենալ: Մեզ մոտ որոշումներն ընդունվում են ամենեւին ոչ խորհրդարանում. խորհրդարանական գրպանային մեծամասնությունն ընդամենը սեղմում է կոճակներն այնպես, ինչպես կարգադրում են «վերեւից»: Այնպես որ, ընդդիմությանը մնում է միայն հանրահավաքներ անել: Ընդ որում՝ չարտոնված»: Ընդհանրապես, «Առավոտ»-ի տպավորությամբ, իշխանությունն «ինքն է ցանկանում տեղից շարժել ընդդիմությանը». - «Հրահրելով փողոցային անկարգությունների՝ Քոչարյանի աշխատակազմին կհաջողվի ինչ-որ ձեւով, գոնե՝ ժամանակավորապես, հարթել իշխող կոալիցիայի ներսում ծագած եւ գնալով աճող անհաշտությունը: Թեեւ ընդդիմության որոշ գործիչներ պնդում են, թե Քոչարյանն անում է ամեն ինչ՝ լուծարելու խորհրդարանը, այդպիսով եւ՝ կոալիցիան, բայց դրան դժվար է հավատալ: Գոնե՝ այս փուլում»:

«Անդրադառնալով ընդդիմության մարտավարության հստակեցման շուրջ խոսակցություններին` ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը «Ազգ» թերթի հարցազրույցում մանրամասնում է. - «Մարտավարությունը հանրահավաքներ անել-չանելը չէ: Կամ դաշինքն իր առջեւ խնդիր է դնում, որ Քոչարյանին պետք է անպայման «գցել», որովհետեւ արդար չի ընտրվել ու լավ չի կառավարում, կամ կարող է լինել երկրորդ տարբերակը, երբ որ ասվում է` այո, իսկապես արդար չի ընտրվել, այո, իսկապես վատ է կառավարում, եւ մենք պիտի քննադատենք դա: Մեր նպատակն է նաեւ հասարակությանը համախմբել որոշակի խնդիրների լուծման շուրջ: Դրանք 2 տարբեր մարտավարություններ են: 2 մարտավարությունները հանրահավաքներ էլ կունենան, հանդիպումներ էլ ժողովրդի հետ: Հիմա այդ հարցն է կարգավորվելու»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG