Մատչելիության հղումներ

Ավարտվեց Իրանի նախագահի պաշտոնական այցը Հայաստան


Հինգշաբթի օրը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Մոհամմադ Խաթամին ավարտեց իր երկօրյա պաշտոնական այցը Հայաստան, որի արդյունքում կողմերը վերահաստատեցին երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունները ամրապնդելու եւ փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու իրենց վճռականությունը:

Այցի երկրորդ օրը Իրանի նախագահը այցելեց Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին:

Երեւանի պետական համալսարանում պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ ունեցած իր ելույթում Սեյեդ Մոհամմադ Խաթամին շեշտեց, որ «կրոնական ու գաղափարական տարբերությունները, որոնք սովորաբար լուրջ բաժանումներ են առաջացնում աշխարհագրական տարածաշրջաններում, ի վիճակի չեն եղել խզել Իրանական աշխարհի եւ Հայաստանի ժողովուրդների քաղաքակրթական միասնությունը»:

«Յուրաքանչյուր իրանցի գալով Հայաստան եւ ոտք դնելով Համալսարան, ասես վերագտնում է «իրեն»: Այս հողի բանաստեղծության ելեւէջները, արվեստի գոհարները եւ բարության փայլերը վկայում են Իրանի եւ Հայաստանի միջեւ կապերի առկայության մասին», - շարունակեց Խաթամին:

Իրանի նախագահը անդրադարձավ նաեւ ավելի քան 100 հազարանոց իրանահայ համայնքին: «Մեր հայազգի հայրենակիցները միշտ մասնակից են եղել ազգային ջանքերին, տառապանքներին եւ ուրախություններին», - ասաց նա` բարձր գնահատելով նաեւ Հայաստանի դերը «Իրանում կրթական, գիտական ու արդյունաբերական նոր ինստիտուտների ձեւավորման ու զարգացման գործում»: - «Իրանի զարգացման նոր հորիզոնների եւ ուղիների բացման գործում հայերի ու Հայաստանի դերն ու մասնակցությունը ունի կարեւոր նշանակություն»:

Այսօր Իրանի նախագահը նաեւ հանդիպում է ունեցել Դաշնակցության ղեկավարների հետ: «Անդրադառնալով Դաշնակցության դերակատարությանը` պարոն Խաթամին հատկապես կարեւորեց կուսակցության համահայկական բովանդակությունը, նրա համախմբող դերակատարությունը աշխարհասփյուռ հայության համար եւ ներազգային համերաշխության ամրապնդմանն ուղղված գործընթացներում», - ասված է տարածված հայտարարությունում:

Իրանի նախագահի այցի օրերին Երեւանում տեղի ունեցավ նաեւ երկու երկրների տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի հինգերորդ նիստը, որի արդյունքները երկուստեք արժանացան բարձր գնահատականի` վստահություն հայտնելով, որ հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը կնպաստի տնտեսության տարբեր ճյուղերի համագործակցության ու փոխադարձ առեւտրի ծավալների ավելացմանը:

Այցի ընթացքում, ըստ երկու նախագահների համատեղ հայտարարության, կարեւորվել են «Իրան-Հայաստան գազամուղի, Քաջարանի թունելի, Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցման եւ այլ նախագծերի իրագործումը որպես երկկողմ փոխհարաբերությունների խորացման, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության զարգացման արդյունավետ գործոն»:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարում` Սեյեդ Մոհամմադ Խաթամին Երեւանի Կապույտ մզկիթում)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG