Մատչելիության հղումներ

Թմրանյութերի շրջանառությունը Հայաստանում առայժմ շատ լուրջ խնդիր չէ


Հայ փորձագետների համոզմամբ, Հայաստանում թմրանյութերի շրջանառությունը առայժմ լուրջ խնդիր չէ, թեեւ նրանք չեն բացառում, որ խնդիրները կարող են լրջանալ, երբ վերացվի երկրի տնտեսական շրջափակումը:

«Հայաստանը, բարեբախտաբար ասեմ, ցավոք սրտի ասեմ` գտնվում է շրջափակման մեջ, ինչը գոնե այս մասով դրական ազդեցություն է թողնում», - հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց Եվրամիության եւ ՄԱԿ-ի կողմից իրականացվող «Թմրանյութերի դեմ պայքարի» ծրագրի հայաստանյան համակարգող Գրիգոր Մալինցյանը` պնդելով, որ թմրանյութերը Հայաստանով այլ երկրներ տեղափոխելը ոչ միայն թանկ է, այլեւ պարզապես վտանգավոր է. - «Թմրաբիզնեսով զբաղվող ցանկացած մարդ նախ եւ առաջ մտածում է` արդյո՞ք իմաստ ունի այս տարածքով թմրամիջոց անցկացնել: Ինչքանո՞վ է նա ռիսկի դիմում իր մի քանի տասնյակ կիլոգրամ կամ տոննա հասնող բեռը այդտեղ ենթարկել բլոկադայի»:

Մալինցյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցեց Վճռաբեկ դատարանում, որտեղ ՄԱԿ-ի եւ Եվրամիության համատեղ ծրագրի շրջանակում մարզային դատարաններին բաժանվեցին համակարգիչներ: ՄԱԿ-ի ներկայացուցիչները հուսով են, որ համակարգիչները դատավորներին կօգնեն թմրամիջոցների շրջանառությանը վերաբերող դատական գործերը քննելիս ավելի արդյունավետ ու օբյեկտիվ աշխատել:

Դատավորները, մինչդեռ, ասում են, որ այս պրոֆիլի գործերը այնքան էլ շատ չեն: Օրինակ, Վայոց Ձորի առաջին ատյանի դատարանում անցած 8 ամիսների ընթացքում ընդամենը 3 նման գործ է քննվել:

Վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատի նախագահ Մհեր Խաչատրյանը, այդուհանդերձ, դեմ չէր լինի, եթե թմրամիջոցների իրացման համար սահմանվող պատիժները Հայաստանում ավելի խստացվեին:

«Ֆրանսիայի քրեական օրենսգիրքը թմրամիջոցների ապօրինի վաճառքի, իրացման համար նախատեսում է ցմահ ազատազրկում: Օրինակ, իմ կարծիքով, մենք էլ պետք է ապագայում գնանք այդ ճանապարհով», - ասաց Խաչատրյանը:

Դատավորներից ոչ բոլորն են այս առաջարկը մեծ ոգեւորությամբ ընդունում: Քրեական եւ զինվորական գործերով Վերաքննիչ դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի խոսքերով, օրինակ, Հայաստանում նախատեսված պատժաչափերը ամենեւին էլ «մեղմ չեն», քանի որ թմրանյութերի իրացման համար նախատեսվում է «սպանության համար նախատեսված պատժաչափին հավասարազոր ազատազրկում»:

Հայաստանում առավել տարածված թմրանյութը կաննաբիսն է, որն ավելի հայտնի է որպես «մարիխուանա» կամ «պլան»: Հայ թմրամոլների միայն 5 տոկոսն է գերադասում է հերոին կամ LSD, որոնք մեր երկիր են գալիս հիմնականում Իրանի տարածքից: Այս երկրին սահմանակից Սյունիքի մարզում դատարանները պարբերաբար նման գործեր քննում են, բայց պատիժների խստացումն այստեղի դատավորների մոտ եւս մեծ ոգեւորություն չի առաջացնում:

«Խիստ պատժատեսակներ սահմանելը հարցի մեկ կողմն է», - ասաց Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Միշա Ասատրյանը: - «Հիմնականը` հանցագործությանը նպաստող սոցիալական պատճառներն ու պայմանները պետք է գտնել եւ վերացնել»:

Փորձագետներ ենթադրում են, որ թմրամիջոցների դեմ պայքարի գործում տեսանելի ապագայում լուրջ փոփոխություններ Հայաստանում չեն արձանագրվի: Նրանք, սակայն, կանխատեսում են, որ ամենալուրջ խնդիրները մեր երկրում կծագեն այն ժամանակ, երբ վերացվի Հայաստանի շրջափակումը` չբացառելով, որ այդ դեպքում իրավապահները ստիպված են լինելու պայքարել արդեն շատ ավելի ծանր ու առողջության համար ավելի մեծ վտանգ ներկայացնող թմրանյութերի իրացման դեմ:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG