Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանն ու Իրանը խորացնելու են բազմակողմանի համագործակցությունը


Պաշտոնական այցով այսօր Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Մոհամմադ Խաթամին, բնութագրելով հայ-իրանական հարաբերությունները, ասաց, որ դրանք կարելի է «օրինակելի համարել բոլոր նրանց համար, ովքեր ապրում են կողք-կողքի»:

Պաշտոնական այցով առաջին անգամ Հայաստան ժամանող Իրանի ղեկավարին «Զվարթնոց» օդանավականայում դիմավորեցին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, նախարարներ, պաշտոնական այլ անձինք: Հայաստանի նախագահի նստավայրում Սեյեդ Մոհամմադ Խաթամիի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացավ նախագահներ Քոչարյանի եւ Խաթամիի առանձնազրույցը, որի ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցության ներկա վիճակին ու հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Ընդլայնված կազմով բանակցություններից հետո երկու երկրների նախագահները ստորագրել են Հայաստանի եւ Իրանի միջեւ համագործակցության սկզբունքների եւ հիմունքների մասին պայմանագիր: Ստորագրվել են նաեւ երկկողմ փաստաթղթեր էներգետիկայի, մշակույթի, մաքսային ոլորտներում համագործակցության վերաբերյալ:

«Հայ-իրանական հարաբերությունների հետագա խորացումը երկու ժողովուրդների օգտին է եւ վնաս չէ ոչ մեկին», - երկու նախագահների համատեղ ասուլիսում ասաց Մոհամմադ Խաթամին: - «Ավելին` դրանք կարելի է օրինակելի համարել բոլոր նրանց համար, ովքեր ապրում են կողք-կողքի»:

«Իրանը շահագրգիռ է Կովկասի կայունությամբ եւ տարածաշրջանի անվտանգությունը սեփական անվտանգություն է համարում: Կովկասում եւ Իրանում գոյություն ունեն ընդհանուր շահեր», - հայտարարեց Իրանի նախագահը` առանց մանրամասնելու:

Ռոբերտ Քոչարյանը իր խոսքում նշեց, որ հայկական կողմը իրանական ավելի մեծածավալ ներդրումներ սպասում ունի, իսկ համագործակցության հիմնական ոլորտը առաջիկայում կարող են լինել էներգակիրներն ու էներգետիկան:

Օրվա երկրորդ կեսին Սեյեդ Մոհամմադ Խաթամին այցելեց Հայստանի Ազգային ժողով, ուր խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ առանձնազրույցից հետո ելույթ ունեցավ պատգամավորների առջեւ:

«Ներտարածաշրջանային համագործակցության զարգացումը համարվում է Իրանի դիվանագիտությունը Կովկասում», - իր ելույթում ասաց Իրանի նախագահը: - «Պատրաստ ենք ներդնել ցանկացած ջանք` նաեւ տարածաշրջանում առկա ճգնաժամերը, այդ թվում Ղարաբաղյան հարցը, լուծելու եւ կայուն խաղաղության հաստատմանը օժանդակելու ուղղությամբ»:

Մոհամմադ Խաթամիի ելույթը հիմնականում արծարծում էր նոր տեսակի ժողովրդավարության փիլիսոփայությունը, որը, ըստ նրա, ամբողջովին տարբերվում է արեւմտյան լիբերալ դեմոկրատիային հասկանալի մոտեցումից: Խաթամիի խոսքերով, պետք է կրկին ուսումնասիրության եւ վերլուծության ենթարկվի բարոյական հատկանիշը՝ որպես ժողովրդավարության կարեւոր ասպեկտներից մեկը:

«Մենք միաստվածություն դավանող կրոնների հավատացյալներս, Սուրբ Հոգու շնորհքի օգնությամբ կարող ենք բարոյականության եւ հոգեւոր արժեքների միջոցով աշխարհում ժողովրդավարությունը ներկայացնել ավելի նուրբ եւ մարդկային բնույթով», - ասաց Իրանի նախագահը:


Արմեն Զաքարյան եւ Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG