Մատչելիության հղումներ

Չորեքշաբթի օրը Հայաստանի խաղաղապահ ուժերի նոր դասակ մեկնեց Կոսովո` փոխարինելու երկուշաբթի օրը վերադարձած դասակին, որը այս տարվա փետրվարից ՄԱԿ-ի ուժերի կազմում խաղաղապահ առաքելություն էր իրականացնում այնտեղ: Հայ զինվորականների այս խումբը, ինչպես եւ նախորդը, կծառայի Կոսովոյի հարավում` Ուրոշեւաց քաղաքի մոտ: Դա ամերիկյան սեկտորում է, բայց հայկական դասակը կտեղակայվի հունական պատասխանատվության գոտում եւ կենթարկվի հունական հրամանատարությանը:

34 հայ զինվորականներին «Զվարթնոց» օդանավակայանում ճանապարհում էին պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր խաղաղապահների Կոսովո մեկնելը կապեցին Հյուսիսային Կովկասի իրադարձությունների հետ:

«Այսօր, երբ ամբողջ աշխարհը պայքարում է տեռորի դեմ, զայրանում է Բեսլանի դեպքերով, դուք մեկնում եք խաղաղություն հաստատելու, կանանց, երեխաներին պաշտպանելու, հայ ժողովրդի բարի կամքը ներկայացնելու», - ասաց պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը: - «Իմացեք, որ մենք ձեզ հետ ենք, միշտ պատրաստ ենք գալ օգնության»:

Խաչատուրովը այսօր անդրադարձավ նաեւ սեպտեմբերի 13-ին Բաքվում մեկնարկող ՆԱՏՕ-ի «Լավագույն համատեղ ջանք – 2004» զորավարժություններին հայ սպաների մասնակցությանը: Փոխնախարարի փոխանցմամբ, հայ զինվորականների գործերը դեռ Թբիլիսիի ադրբեջանական դեսպանատանն են, եւ հայկական կողմը հաստատակամ է մասնակցել զորավարժություններին:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG