Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի թղթակիցը դիմել է «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար, խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանին. - «Ինչպե՞ս եք գնահատում 44 ընտրատարածքի ընտրությունները: Ձեր կարծիքով՝ ՀՀ գլխավոր դատախազը սեփական նախաձեռնությա՞մբ է հանդես գալիս ընդդեմ «Օրինաց երկիր»-ի, թե՞ հրահանգ ունի»: «Բոլոր ընտրություններին էլ բնորոշ է լարվածությունը եւ կարծում եմ, որ բոլորս էլ ընտելացել ենք դրան: Սակայն այս դեպքում եղան եւ արտառոց դրսեւորումներ, քանի որ մի կողմից՝ միջամտեցին դատախազության մարմինները, մյուս կողմից՝ Քրեական օրենսգրքի հետ լուրջ խնդիրներ ունեցող անձինք», - արձագանքում է «Օրինաց երկիր»-ի ղեկավարը: - «Պայքարը պետք է լինի քաղաքական ուժերի միջեւ, այլ ոչ թե դատախազության եւ քաղաքական ուժերի: Համոզված եմ, որ ինչպես գլխավոր դատախազը, այնպես էլ դատախազության ներկայացուցիչները քաջածանոթ են գործող Սահմանադրությանը, որով ուղղակիորեն արգելվում է իրավապահ մարմիններին միջամտել ընտրական եւ քաղաքական գործընթացներին: Երկիրը կարող է առաջընթաց ունենալ միայն այն դեպքում, երբ յուրաքանչյուր ոք զբաղվում է իր գործով. դատախազը՝ օրինականության խնդիրներով, քաղաքական գործիչը՝ քաղաքականությամբ… Կարծում եմ՝ դեռ ոչ ոք չի մոռացել այն տարիները, երբ ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը զբաղվում էր ընտրություններով», - զուգահեռում է Արթուր Բաղդասարյանը:

«Հայկական ժամանակ» թերթն այսօր ծավալուն մի վերլուծական է նվիրել Հայաստանի անկախության տարիներին զարմանալիորեն արագ ձեւավորված սոցիալական այն շերտին, որին պայմանականորեն կարելի է անվանել «Նոր կոմսոմոլներ»: Այս շերտը ներառում է երիտասարդ կարիերիստների, ում համար բարձրագույն արժեքը կարիերան է` որպես վայելքների եւ բարեկեցության գործիք… Ստորաքարշությունն ու ծառայամտությունը այն հիմնական գործիքներն են, որոնք օգնում են նրանց սնունդ հայթայթել: Հետագայում նրանք նույն հատկանիշների շնորհիվ հայտնվում են պետական կառավարման տարբեր ոլորտներում` կառավարություն, հարկային տեսչություն, մաքսային կոմիտե, դատախազություն եւ էական դեր ստանձնում երկրի կառավարման ոլորտում: Ներկայումս սոցիալական այս շերտը փորձում է ավարտին հասցնել իր ձեւավորման կարեւորագույն փուլը: Եվ այս շերտի լիդերը դառնալու համար են պայքար մղում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ եւ մասնավորապես ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ու նախագահի առաջին օգնական Արմեն Գեւորգյանը», - մատնանշում է «Հայկական ժամանակ»-ը: - «Ի դեպ, «Նոր կոմսոմոլները» սափրած գլուխներից տարբերվում են հիմնականում սոցիալական ծագմամբ: Սափրած գլուխները սոցիալական ցածր շերտից են սերում, չունեն կրթություն եւ ինտելեկտ»: Այս շրջանակում է «Հայկական ժամանակ»-ը տեղավորել` «Գեւորգյանն ու Բաղդասարյանը նույն տեսակի գործիչներ են, նույն տիպաժի ներկայացուցիչներ… Հայաստանում հիմա այսպիսի երիտասարդների մի հսկայական բանակ է գոյացել, ու հիմա պայքարը այս տեսակի, տիպաժի լիդերության համար է, եւ այդ տեսակի լիդերը քաղաքական հետեւորդների լուրջ բանակ է ձեռք բերում»: Այնպես որ, ըստ «Հայկական ժամանակ»-ի, մասնավորապես նախագահի վերահսկողական ծառայության միջոցով Գեւորգյանը քայլեր է անում «ոչնչացնելու «Օրինաց երկիր»-ի իմիջը եւ ձեռք բերելու այնպիսի կոմպրոմատներ, որոնք լիարժեք կառավարելի կդարձնեն Բաղդասարյանին»:

«Ազգ» թերթը հարցազրույց է ներկայացնում այս օրերին Հայաստանում գտնվող Անկարայի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Հասան Օքթայի հետ: «Ի՞նչ տպավորություն գործեց Հայաստանը» հարցին նա պատասխանել է. - «Ես ավելի լավն էի ակնկալում: Հայաստանը կարող էր համեմատաբար լավ վիճակում լինել, իսկ Երեւանը՝ ավելի բարեկարգ»: Հասան Օքթայի կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունները առաջիկա օրերին ավելի լավ կլինեն, քան ներկայումս են: Հայ-թուրքական հարաբերությունների զարգացման գլխավոր խոչընդոտն էլ, նրա խորին համոզմամբ, «ո՛չ թուրքերն են, ո՛չ էլ հայերը, հարաբերությունների գլխավոր խոչընդոտը իմպերիալիզմն է»: Անդրադառնալով իրենց աշխատանքներին, Օքթայը ձեւակերպում է. - «Փորձում ենք գիտական ուսումնասիրությունների միջոցով պատասխանել նրանց, ովքեր փորձում են պղտորել թուրք-հայկական հարաբերությունները»: Եվս մեկ մեջբերում. - «Ես հայ ժողովրդին եւ նրա մտավորականությանը կոչ եմ անում համատեղ ջանքերով նպաստել թուրք-հայկական հարաբերությունների բարձրացմանը այն մակարդակի վրա, ինչ եղել են երանելի հին ժամանակներում»:

«Հայոց աշխարհ» թերթի շեշտադրմամբ` Եվրամիության հետ Թուրքիայի բանակցությունների յուրաքանչյուր շրջափուլից առաջ պաշտոնական Անկարան «հերթական քարոզչական հնարքն է կիրառում Հայաստանի հանդեպ». - «Նպատակը մեկն է. ցույց տալ Եվրոպային, որ ինքը մեր երկրի հետ անկեղծ երկխոսություն է սկսել, ուստի անցյալի կնճռոտ հարցերը, այդ թվում Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը պետք է քննարկվեն ոչ թե քաղաքագետների, այլ հայ եւ թուրք պատմաբանների կողմից»: Այս ֆոնի վրա է ընկալվում «Հայոց ցեղասպանության պատմությունը խեղաթյուրող թուրքական պաշտոնական պատմագրության նշանավոր ներկայացուցիչներից մեկի՝ Հասան Օքթայի հայտնվելը Երեւանում»: «Չգիտես ինչո՞ւ, ի՞նչ բարոյական իրավունքով Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք պատմաբանը մուտք է գործել նաեւ Եղեռնի զոհերի հուշահամալիր», - վրդովվում է «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը: - «Անկարայի կողմից ձեռնարկվող հերթական քարոզչական սադրանքի մեջ է ներքաշվում նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ղեկավարությունը: Շուտով, Հասան Օքթայի այցի կապակցությամբ, Թուրքիայի պաշտոնական քարոզչամիջոցները ողջ աշխարհով մեկ լուրեր կտարածեն երկու երկրների պատմաբանների միջեւ սկսված երկխոսության մասին: Չի բացառվում, որ նրանք կվկայաբերեն նաեւ Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրենի խեղաթյուրված խոսքերը, ու վերջինս հերքումներով հանդես կգա, բայց միայն հայաստանյան մամուլում»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG