Մատչելիության հղումներ

Հայ օդաչուների՝ Հասարակածային Գվինեայում ընթացող դատավարությունը հավանաբար կշարունակվի հոկտեմբերի 1-ին


Երկու շաբաթ առաջ Հասարակածային Գվինեայի մայրաքաղաք Մալաբոյում սկսված դատավարությունը այդ երկրում պետական հեղաշրջման փորձ ձեռնարկելու մեջ մեղադրվող մի խումբ մարդկանց, այդ թվում 6 հայ օդաչուների նկատմամբ, բարձրաստիճան հայ դիվանագետի փոխանցմամբ, կշարունակվի, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի 1-ին:

Մալաբոյում դատավարության ընթացքին հետեւող հայ դիվանագետների խմբի ղեկավար, Եգիպտոսում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը, ով այս օրերին Երեւանում է, «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, որ դատավարության ընդհատումը «անսպասելի էր բոլորի համար»:

«Շոկ ապրեցինք: Դա սկզբունքորեն հակասում էր բոլոր միջազգային օրենքներին: Եվ դա մատնանշվեց դատապաշտպանների կողմից: Անգամ հակասում է այն միջազգային կոնվենցիաներին, որի անդամն է դարձել այս պետությունը», - ասաց նա` չբացառելով, որ նման զարգացումների պատճառը տեղացի ամբաստանյալների վկայությունն էր, որոնցից մի քանիսը ցուցմունք են տվել, թե դավադրության մասնակիցները առնչություններ են ունեցել Հասարակածային Գվիենային նախագահ Թեոդորո Օբյենգ Նգուեմայի մերձավորների հետ:

«Դատավարության ընթացում հնչեցին նախագահական ընտանիքի անդամների անունները: Եվ երեւի թե իրենք պատրաստ չէին նման զարգացումների», - ասաց դեսպանը` եւս մեկ անգամ ընդգծելով, որ հայ օդաչուների մեղքի որեւէ ապացույց դատավարության ընթացքում չի ներկայացվել:

Մանասարյանը ձեռնպահ մնաց դատավարության հետագա ընթացքի մասին կանխատեսումներից: Նա, այդուհանդերձ, նշեց, որ Մալաբոյում գտնվելու ընթացքում հասցրել է հայաստանցիների ճակատագրի մասին խոսել Հասարակածային Գվինեայի մի շարք պաշտոնյաների, ինչպես նաեւ գործը վարող դատավորի հետ:

«Նա [դատավորը] հայտարարեց` անհոգ եղեք: Հավատացեք, որ ես պատրաստի որոշում չունեմ: Եվ դատավարության վերջում եթե հաստատվի, որ ձերոնք որեւէ կապ չունեն, ես նրանց հանգիստ սրտով բաց կթողնեմ», - փոխանցեց դիվանագետը:

Սերգեյ Մանասարյանը վերահաստատեց երեկ արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանի հայտարարությունը, որով վերջինս հերքել էր որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե Հայաստանում են գտնվում քննիչներ Հասարակածային Գվինեայից:

«Թե' Հասարակածային Գվինեայի, թե' Զիմբաբվեի որեւէ քաղաքացի վերջին մի քանի օրվա ընթացքում Հայաստանի սահմանը չի հատել», - ասաց Մանասարյանը:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG