Մատչելիության հղումներ

Նախագահի նստավայրի մոտ հանրահավաքների անցկացումը արգելվել է


Անցած շաբաթավերջին կառավարությունը հաստատել է կարեւորագույն այն օբյեկտների ցանկը, որոնց մերձակայքում արգելվում է զանգվածային միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաեւ այն տարածքների ցանկը, որտեղ զանգվածային միջոցառման անցկացումը թույլատրվում է միայն իշխանություններին իրազեկելուց հետո: Առաջին ցանկում տեղ է գտել նաեւ Հայաստանի նախագահի նստավայրը:

Հայաստանի փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանը շաբաթ օրը հրավիրած ասուլիսում հրապարակել է այն «հույժ կարեւորության» օբյեկտների ցանկը, որոնց տարածքում եւ շրջակայքում՝ առնվազն 150 մետր շառավղով, որեւէ զանգվածային միջոցառում կազմակերպելը խստիվ արգելվում է:

Հունանյանի փոխանցմամբ, բացի նախագահի նստավայրից, ցանկում ընդգրվել են Մեծամորի ատոմակայանը, Հայաստանի կենտրոնական բանկը, Հանրային հեռուստատեսությունն ու Հանրային ռադիոն, գազի ստորգետնյա պահեստարանները ու դրանց սպասարկման կառույցները, «Օրբիտա - 2» վերգետնյա արբանյակային կայանը:

«Նախագահի նստավայրը առաջին ցուցակում է հայտնվել միայն նրա համար, որ նախագահի նստավայրը համարվում է հույժ կարեւոր պետական նշանակություն ունեցող օբյեկտ», - ասաց փոխոստիկանապետը` փաստարկելով. - «Քանի որ այդտեղ է նստում մեր երկրի նախագահը, որը այս պետության սիմվոլներից մեկն է»:

Հարցին, թե ինչու են ցանկից դուրս մնացել պետականության մյուս խորհրդանիշերը` Ազգային ժողովը եւ կառավարությունը, Հովհաննես Հունանյանը պատասխանեց. - «Դրանք էլ են սիմվոլներ, բայց ոչ առաջին սիմվոլներից»:

Կառավարության հաստատած երկրորդ ցանկում ընդգրկված են ընդհանուր օգտագործման այն տարածքները, որտեղ միջոցառում կազմակերպել կարելի է միայն իշխանություններին իրազեկելուց հետո: Այս ցանկում ընդգրկված են Երեւանի, Գյումրիի ու Վանաձորի բառացիորեն բոլոր հրապարակները:

Այս երկու ցանկերը, լրացնելով անցած գարնանը ընդդիմության բացակայության պայմաններում ԱԺ ընդունած «Հանրահավաքների, ցույցերի եւ երթերի անցկացման մասին» օրենքը, փաստորեն արգելում են ցանկացած երթ դեպի նախագահական նստավայր, մինչդեռ նման երթերին կարեւոր տեղ էր վերապահված հայաստանյան ընդդիմության զինանոցում:

Ընդդիմության առաջնորդներից Արտաշես Գեղամյանը, սակայն, տեղի ունեցածը ողբերգություն չի համարում:

«Իշխանափոխությունը երթերով չէ, որ իրականացնելու ենք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Ազգային միաբանության» առաջնորդը: - «Իշխանափոխությունը իրականացնելու ենք ժողովրդական ամենալայն զանգվածների վճռական «ոչ»-ի արտահայտմամբ գործող նախագահին եւ վարչակազմին»:

Ընդդիմադիր մեկ այլ գործիչ, ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ որպես քաղաքացի ինքը վրդովված է: «Եթե իրենք կարծում են, որ դրանով Հայաստանի բոլոր պրոբլեմները կլուծեն, եւ իրենք կարող են անել այն ամենը, ինչ ցանկանում են, ապա խորապես սխալվում են», - ասաց Մանուկյանը: - «Հանրահավաքները դժվար կլինի անել, բայց եթե դանակը ոսկորին է հասնում, այդ դեպքում ոչ ոք ուշադրություն չի դարձնի, ինչպես աշխարհի բոլոր երկրներում: Հանրահավաքներ կանեն այնտեղ, որտեղ կցանկանան ու իշխանությունը ոչինչ չի կարողանա անել»:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG