Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 4-ը սեպտեմբերի)

«Մեր քաղաքական գործիչները հաճախ են բորբոքվում, երբ նրանց հիշեցնում ենք իրենց իսկ նախկին պնդումները եւ առաջարկում առաջ նայել եւ ոչ թե հետ», - արձանագրում է «Առավոտ» թերթի մեկնաբանը, որը փորձել է պարզաբանումներ ստանալ Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից` մասնավորապես ընդդիմադիր պատգամավորներին բացակայությունների պատճառով մանդատներից զրկել-չզրկելու հարցով իր դիրքորոշումների վերաբերյալ: Սահակյանը հիմա էլ բանաձեւում է միայն հետեւյալը. - «Հակասություն չեմ տեսնում: Խնդիրն այն է, որ օրենքն է գործելու»: Այսուհանդերձ, ի մի բերելով իր մտավոր-վերլուծական բոլոր կարողությունները, մեկնաբանը ուրվագծում է այսպիսի հավանական սցենար. - «Սեպտեմբերի 10-ին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը անհարգելի կհամարի ընդդիմադիր պատգամավորների բացակայությունները, սակայն ԱԺ լիագումար նիստում սեպտեմբերի 13-ի գաղտնի քվեարկությամբ նրանք չեն զրկվի մանդատներից»: Ընդդիմությունից «Սահմանադրական իրավունք» միության (ՍԻՄ) նախագահ Հրանտ Խաչատրյանը «Հայոց աշխարհ» թերթում ասում է. - «Այդ խաղը իշխանություններն են սկսել` նպատակով, որ ընդդիմության ճամբարում կհայտնաբերվեն թույլ օղակներ, եւ այն կսկսի քայքայվել: Գտնում եմ, որ ընդդիմությունը ցանկացած պարագայում շահեկան վիճակում է, մանավանդ որ թույլ օղակներ չգտնվեցին: Եթե գտնվեին, ընդդիմությունը կունենար նոր մարտավարություն մշակելու խնդիր: Բայց հիմա իշխանությունը պետք է մտածի, թե մինչեւ սեպտեմբերի 13-ը եւ նրանից հետո ինչ է անելու»: «Ընդդիմադիր դաշտում համեմատաբար քիչ բան է փոխվել, եւ հիմնական գործընթացները կզարգանան իշխանական ճամբարում», - շարունակում է Խաչատրյանը` պատկերավորելով. - «Մենք բոլորս այսօր ավելի անհամբեր ենք, որովհետեւ մեկ տարի առաջ՝ ընտրությունների շեմին, բարձրացրել ենք հեղափոխության դրոշ: Չէի ասի, թե շատ բարձր ենք բարձրացրել, բայց, այնուհանդերձ, դրա արդյունքում կիսահեղափոխական վիճակ է ստեղծվել եւ բոլորը՝ նույնիսկ իշխանության ճամբարում, իրականում սպասում են հանգուցալուծման»: Իսկ բարձրացված դրոշը «կիսահեղափոխական» է, որովհետեւ «անորոշություն կա ընդհանուր իրադրության մեջ»: Ամեն դեպքում Հրանտ Խաչատրյանը ընդգծում է. - «Որեւէ մեկը հույս չունենա, որ ընդդիմությանը ճնշելով, համոզելով կամ կաշառելով գոյություն ունեցող պրոբլեմները լուծելու են: Եթե իրավիճակը փոփոխության չենթարկվի, ոչ մի իշխանավոր հանգիստ չի նստելու մինչեւ 2008 թվականը»:

Որպես գործող նախագահի եւ պաշտպանության նախարարի միջեւ հակասությունների առկայության նոր վկայություն «Հայկական ժամանակ» թերթի մեկնաբանն այսօր շեշտադրում է Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի հանդեպ վերաբերմունքի տարբերությունը. - «Զաքարյանի խրոխտ կեցվածքի հետեւից ուղղակի անհնար էր չնկատել Ռոբերտ Քոչարյանի «ականջները»»: Ըստ տեսաբանի, իր որոշ հրապարակային արտահայտություններով պաշտպանության նախարարը բոլորին հասկացնում է, որ ինքն ու Քոչարյանը այլեւս նույն անձինք չեն` հայաստանյան իշխանական քաղաքական շրջանակներին հնարավորություն տալով, որ նրանք իրենց հաշվարկները կառուցեն ըստ այդմ»: Ինչ վերաբերում է պատճառներին` «իշխանության վերնախավում հայտնվել են նոր ֆիգուրներ, որոնք փայաբաժին են ստացել իշխանական այն լիազորություններից, որ իրար մեջ հավասարապես կիսում էին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ու այդ փայաբաժնի հիմնական մասը ակնհայտորեն վերցվել է հենց Սերժ Սարգսյանից», - գրում է «Հայկական ժամանակ»-ը: - «Եվ հետո, պաշտպանության նախարարը չէր կարող չնկատելու տալ նախագահի նստավայրից ժամանակին տարածվող այն լուրերը, թե արեւմտյան երկրները Ռոբերտ Քոչարյանին համոզում են պաշտոնանկ անել Սերժ Սարգսյանին՝ նրան համարելով քաղաքական վերափոխումների հիմնական խոչընդոտ»: «Քաղաքական երկնակամարում Աղվան Հովսեփյանի հայտնվելը արդեն իսկ լուրջ ահազանգ էր Սերժ Սարգսյանի համար. սա նշանակում էր, որ իրեն իշխանական բուրգից դուրս թողնելու տարբերակը նախագահականում հնարավոր են համարում», - մատուցում է «Հայկական ժամանակ»-ը:

«Տեղական արտադրողներն անշնորհակալ գտնվեցին բոլորիս նկատմամբ եւ գերշահույթներ են ստանում` արհեստականորեն բարձրացնելով գները», - ամրագրում է այսօր «Ազգ» թերթի մեկնաբանը: - «Վերջին տարիներին Հայաստանում տեղական արտադրությունը ոտքի կանգնեց, եւ դրա հիմնական պատճառներից մեկը տեղական արտադրողների նկատմամբ բնակչության բարեհաճ վերաբերմունքն էր… Բայց տեղական արտադրողները, գրավելով շուկան ու ձերբազատվելով ներմուծողների մրցակցությունից, պատեհ եւ անպատեհ յուրաքանչյուր առիթն օգտագործեցին իրենց ապրանքները թանկացնելու համար: Վերջնարդյունքում դրանք ավելի թանկ դարձան, քան եղել էին ներմուծվող ապրանքների գները»: Մեկնաբանը կարծում է, որ այսուհետ սպառողների վերաբերմունքը միայն գերշահույթի հետեւից ընկած գործարարների հանդեպ էապես կփոխվի:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG