Մատչելիության հղումներ

Ցեղասպանության զոհերի ժառանգները արդեն կարող են դիմել ամերիկյան ապահովագրական ընկերությանը


Սեպտեմբերի 1-ից սկսած` վեց ամիս ունեն New York Life Insurance Co ընկերությունում 1915 թվականից առաջ ապահովագրական ավանդներ մուծած, բայց ցեղասպանությանը զոհ գնալու պատճառով դրանցից չօգտված անձանց ժառանգները՝ հայցով դիմելու եւ իրենց հասանելիքը ստանալու համար: Հայաստանի արդարադատության նախարարությունը օժանդակելու է Հայաստանում եւ հարակից երկրներում բնակվող հնարավոր հայցվորներին` նրանց համար մատչելի դարձելով անհրաժեշտ տեղեկատվությունը:

New York Life Insurance Co. խոշորագույն ամերիկյան ապահովագրական ընկերությունը 1915 թ. հայոց ցեղասպանությունից առաջ ապահովագրել էր Օսմանյան կայսրությունում բնակվող հազարավոր հայերի, որոնց ժառանգները, սակայն, մինչեւ այժմ չեն կարողացել ստանալ ապահովագրական գումարները: Անցած հուլիսի 30-ին ամերիկահայ փաստաբանների ջանքերի շնորհիվ Միացյալ Նահանգներում դատարանը հաստատել է համաձայնագիր, որով նախատեսվում է, որ այդ անձանց ժառանգները կստանան մինչեւ 11 միլիոն ԱՄՆ դոլար:

New York Life Insurance Co. ընկերության պահոցներում հայտնաբերվել է ժամանակին Թուրքիայում իրենց կյանքն ապահովագրած 2400 հայի անուն:

Քանի որ, ըստ Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի, Հայաստանում այս հարցի շուրջ տեղեկատվությունը «թերի էր, խճճված, անմատչելի», մոտ մեկ ամիս առաջ Հայաստանի արդարադատության նախարարությունը ստացել է ամերիկյան դատարանի համաձայնությունը՝ Հայաստանում եւ հարակից երկրներում բնակվող հնարավոր հայցվորների համար տեղեկատվությունը մատչելի դարձնելու լրացուցիչ մեխանիզմներ կիրառելու շուրջ եւ ներկայումս մշակում է դրանք:

«Ընդհանրապես դատարանը նախատեսում է համապատասխան գումարներ տրամադրել [տեղեկատվության ու քարոզչության համար]», - «Ազատություն» ռադիոկայանի եւ «Ռադիոլուր»-ի հետ հարցազրույցում ասաց Դավիթ Հարությունյանը: - «Մենք սպասում ենք, որ որոշ մասով փոխհատուցում կստացվի:Սակայն մենք ձեռնարկում ենք նաեւ այլ քայլեր: Այն է` մենք չենք տարածելու միայն անգլերեն տեղեկատվությունը: Մենք անում եք ոչ պաշտոնական, բայց հնարավորին չափ ճշգրտված թարգմանություն: Բնականաբար, այդ հարցերը կհոգա արդարադատության նախարարությունը»:

«Եթե անձը ունի ապահովագրական պոլիս իր ձեռքին, սակայն իր բարեկամի ազգանունը չի հայտնաբերում ցուցակներում, նա դարձյալ հնարավորություն ունի դիմելու»,- ասաց Հարությունյանը` պարզաբանելով. - «Նա կարող է ուղղակիորեն դիմել դատարանին` համապատասխան պաշտոնական անգլալեզու ինտերնետային կայքից օգտվելով: Սակայն մենք սեպտեմբերի 20-ից հետո հրապարակելու ենք այն հեռախոսահամարները եւ այն հաստատությունների ցանկը, որոնք պատրաստ են աջակցելու մեր հայրենակիցներին այդ գործընթացի կազմակերպման համար»:

Սեպտեմբերի 20-ից, այսպիսով, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի փոստային բաժանմունքներին, հարակից երկրներում Հայաստանի դեսպանություններին եւ հյուպատոսություններին արդարադատության նախարարությունը կտրամադրի New York Life Insurance Co. ընկերության ապահովագրական պոլիսներ ունեցողների հայերեն ցուցակները եւ այն հաստատությունների հասցեներն ու հեռախոսահամարները, որտեղից կարելի է հայցի ձեւերն ու խորհրդատվություն ստանալ:

Նախարարությունում այժմ մշակվում է ամերիկյան ընկերության պահոցներում պահպանված ազգանունների եւ անունների հայերեն թարգմանությունը: «Պաշտոնական տեղեկատվության մեջ այդ ազգանունները արեւմտահայերեն են, ընդ որում` լատինատառ: Ինչի արդյունքում մենք ունենք բազմաթիվ աղավաղումներ, աղճատումներ», - բացատրեց նախարարը:

Բացի թարգմանությունից եւ դրանք այբբենական կարգով դասավորելուց, մասնագետների աջակցությամբ ավելացվում են այդ անունների` հնարավոր փոփոխություններ կրած տարբերակները, ինչպես նաեւ աշխարհագրական տեղանունների ճշգրտումները:

Անդրադառնալով հարցի քաղաքական կողմից, Դավիթ Հարությունյանն ասաց. - «Ես ցավում եմ, որ դատարանի վճռում որեւէ մեկ անգամ չի հիշատակված «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը: Եվ զուտ քաղաքական նկատառումներով կողմերի հրաժարվելը այս հասկացությունը օգտագործելուց, կարծում եմ, ճիշտ չէ»:

«Այնուամենայնիվ, ես համարում եմ սա իսկապես հաղթանակ: Եվ սա, կարծում եմ, մեծ, երկար շարքի առաջին քայլերից մեկն է», - եզրափակեց արդարադատության նախարարը:

New York Life Insurance Co. ընկերության ապահովագրական պոլիսներ ունեցող անձանց ազգանունները եւ անունները տեղակայված են հետեւյալ ինտերնետային կայքում. http://www.armenianinsurancesettlement.com/PolicyList.pdf:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG