Մատչելիության հղումներ

Գիտնականները բաց նամակով դիմում են երկրի ղեկավարությունը


Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) հումանիտար գիտությունների բաժանմունքի ներկայացուցիչները ուրբաթ օրը հրապարակեցին Հայաստանի նախագահին, Ազգային ժողովին եւ կառավարությանն ուղղված բաց նամակ` պահանջելով «ստեղծել գիտական աշխատանքի գոնե նվազագույն բնականոն պայմաններ»:

«Շատ մտահոգիչ է, որ Հայաստանի ղեկավարությունը չի հասկանում, որ առանց գիտության այն ոլորտի, որը զբաղվում է ազգային լեզվի, գրականության, մշակույթի, ազգային ժառանգության պահպանության հարցով, ազգային պետություն ոչ կստեղծվի, ոչ էլ կարող է զարգանալ», - ուրբաթ օրը հրավիրած ժողովում, որի ընթացքում հրապարակվեց բաց նամակը, ասաց ԳԱԱ հումանիտար գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վլադիմիր Բարխուդարյանը:

«Անկախության շրջանում մեր հանրապետություն գիտության շուրջ ստեղծվել է խիստ անբարենպաստ մթնոլորտ: Կտրուկ իջել են գիտաշխատողների աշխատավարձերը, գիտական ուսումնասիրությունների նյութական եւ ֆինանսական ապահովումը, այս բոլորի հետեւանքով տեղի է ունեցել գիտական կադրերի մեծ արտահոսք գիտական հիմնարկներից», - ասված է նամակում, որը հավաքված գիտնականների ու լրագրողների համար ընթերցեց Մհեր Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Ազատ Եղիազարյանը: - .Հատկապես աղետալի է հայագիտական եւ հասարակագիտական ինստիտուտների վիճակը. նրանք գրեթե ոչ մի հնարավորություն չունեն միջազգային դրամաշնորհներ ստանալու եւ ստիպված են բավարարվել պետության հատկացրած զուտ խորհրդանշական ֆինանսավորմամբ»:

Նամակի հեղինակները հիշեցնում են, որ վերջին տարիներին հանրապետության առաջին դեմքերը մի քանի անգամ խոստացել են գոնե հայագիտության զարգացման համար բնականոն պայմաններ ստեղծել, սակայն ցայսօր ոչինչ չի արվել: Մինչդեռ, ըստ նամակը ստորագրած գիտնականների` «այս ամենը կարող է անուղղելի հարված հասցնել հայագիտությանը, որը պետք է լինի ազգային պետության քաղաքականության առաջնային ուղղություններից մեկը»:

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշեց, որ խնդիրը ոչ միայն գիտնականների ծիծաղելիորեն ցածր աշխատավարձերին է վերաբերում: «Խոսքը այստեղ այդ ողորմելի 16 հազարի [այդքան է ԳԱԱ գիտահետազոտական հիմնարկներում գիտաշխատողի միջին աշխատավարձը] մասին չէ այնքան, որքան պետական քաղաքականության մասին հայագիտության եւ ընդհանրապես գիտության նկատմամբ: Դա ազգային անվտանգության հարց է: Այս ահազանգը կապված է հայագիտության հարցում պետական ընդգծված քաղաքականության, հայեցակարգի բացակայությամբ առաջացած մտահոգության հետ»:

«Մենք պահանջում ենք հանրապետության ղեկավարությունից կատարել «Գիտության մասին» օրենքի պահանջները եւ իրենց խոստումները գիտնականներին, ստեղծել գիտական աշխատանքի գոնե նվազագույն բնականոն պայմաններ», - եզրափակում են բաց նամակի հեղինակները:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG