Մատչելիության հղումներ

Օլիմպիական ձախողումը բացատրվում է մարզիկների վնասվածքներով եւ միջոցների անբավարարությամբ


Չորեքշաբթի օրը Հայաստանի կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի պետական կոմիտեի եւ Ազգային օլիմպիական կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաեւ մարզիկներին Աթենքի խաղերին պատրաստած մարզիչները հայ օլիմպիականների ձախողումը պայմանավորեցին մրցումների ընթացքում մարզիկների ստացած վնասվածքներով, ինչպես նաեւ բնագավառին հատկացվող միջոցների անբավարարությամբ:

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մեր մարզիկները վերադարձան առանց օլիմպիական մեդալների, ինչը արժանացավ հայաստանյան լրագրողական եւ քաղաքական շրջանակների խիստ քննադատությանը` որպես հիմնական թիրախ ընտրելով կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի եւ Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին:

Ազգային օլիմպիկան կոմիտեում հրավիրած ասուլիսում կոմիտեի մամուլի քարտուղար Յուրի Ալեքսանյանը Զաքարյանի բացակայությունը բացատրեց, թե` Զաքարյանը չի հրավիրվել, որպեսզի իր ներկայությամբ չկաշկանդի մարզիչների անկեղծությունը:

Հայկական օլիմպիական կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Իսպիրյանի խոսքերով, Աթենք մեկնած 18 մարզիկներից 7-ը ունեին օլիմպիական պարգեւներ նվաճելու հնարավորություն, սակայն դրան խանգարեցին բազմաթիվ պատճառներ` այդ թվում վնասվածքները: Նրա խոսքերով, օլիմպիական մրցումների ընթացքում լուրջ վնասվածքներ էին ստացել ձյուդոիստ Արմեն Նազարյանը, ըմբշամարտիկներ Արայիկ Գեւորգյանը, Մարտին Բերբերյանը:

Իսկ բռնցքամարտիկ Ալեքսան Նալբանդյանի պարտության մասին քառորդ եզրափակիչում Իսպիրյանը ասաց. - «Միգուցե պարտվել է ինչ-որ թեթեւակի, բան չունենք ասելու: Բայց, ըստ էության, դա հաղթական մարտ էր»:

Ի պատասխան հայ մարզիկների օլիմպիական ելույթի ձախողման մեղավորներին ու պատասխանտուներին վերհանելու` լրագրողների պնդմանը, Իսպիրյանը ասաց. - «Եթե մենք իմանանք, որ ինչ-որ մեկը հրաժարական տվեց, եւ ամեն ինչ փոխվելու է դեպի լավը, բոլորս էլ պատրաստ ենք… Եվ եթե դուք կարծում եք, թե նստած մասնագետները ավելի վատ մասնագետ են, քան դուք ժուռնալիստ եք` դա էլ եք սխալվում»:

Մարզիչները խոսեցին սպորտին հատկացվող գումարների անբավարարությունից. Ազգային օլինպիական կոմիտեն հասարակական կազմակերպություն է, իսկ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեն բյուժեից ստանում է ընդամենը 350 միլիոն դրամ (մոտ 680 հազար դոլար):

«Մեդալ ունենալու համար երեք բան է պետք` փող, փող ու էլի փող», - ասաց ծանրամարտի մարզիչ Վահան Բիչախչյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG