Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


Սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի օրվա կապակցությամբ շնորհավորելով առաջին դասարանցիներին եւ բոլոր դպրոցականներին, «Հայկական ժամանակ» թերթը նրանց խորհուրդ է տալիս «տուրք չտալ որոշ մեծերի պնդումներին, թե Հայաստանում լավ ապրում են ոչ թե խելացիները, այլ զորբաները»: «Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Արմեն Երիցյանն իր օրինակով հերքել է այս անհեթեթ պնդումը եւ լուծել թվաբանական մի այնպիսի խնդիր, որ նրանից առաջ որեւէ մեկը չի կարողացել լուծել», - օրինակ է մատնանշում «Հայկական ժամանակ»-ը: - «Ստանալով մոտ 400 ԱՄՆ դոլարին համարժեք աշխատավարձ (ընդ որւոմ` աշխատավարձը մեկ տարի առաջ է բարձրացել ու հասել ներկա մակարդակին), Արմեն Երիցյանը այդ մի տարվա մեջ այնքան փող է ետ գցել, որ կարողացել է ոչ միայն Ծաղկաձորում ճոխ «դաչա», այլեւ Երեւանի կենտրոնում «For you» հայրենասիրական անունով բար-սրճարան կառուցել (մոտ մեկ միլիոն դոլար ընդհանուր արժեքով)»:

«Մի’ հաբռգիր» վերնագրի տակ «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանն այսօր կրկին ամրագրում է. - «Ցանկացած իշխանությանը վարկաբեկելու ավելի զորեղ միջոց չկա, քան հենց այդ նույն իշխանության ներկայացուցիչների, նրանց մերձավորների ցոփ, շվայտ, անհագուրդ կենսակերպն է ու լկտի, ցուցադրաբար ցինիկ պահվածքը՝ հասարակության մեջ… Մարդկանց զայրացնում է դղյակատերերի եւ նրանց մանկլավիկների օրեցօր լկտիացող կենսակերպը: Բավական է մատնացույց անել որեւէ օբյեկտ, ասենք, նույն Ծաղկաձորում «տնկված» տարածուն, պարսպապատ պալատներից մեկը, եւ իշխանության ներկայացուցիչները սերտած կրկնում են. «Օրինական է...»… Իսկ արդարացի՞ է, ազնի՞վ է, արդա՞ր վաստակով է: Ո՞վ է ասել, թե իշխանության գործառույթը միայն «օրինական է» մրմնջալն ու աչքերը փակ պահելն է: Եվ հետո ի՞նչն է օրինական: Ինչպե՞ս կարող է «օրինական» կոչվել անտառի կամ պուրակի հաշվին տնկվող կառույցը», - նորից հարցեր է դնում մեկնաբանը` եզրափակելով. - «Իշխանությունը պետք է հասկանա, որ այսպես շարունակել չի կարելի: Դա նշանակում է այլասերված «արժեքային» համակարգ, մի խոսքով՝ հաստ խաչ դնել վաղվա օրվա վրա»:

Մամուլում արդեն իսկ հրապարակվել են լուրեր, որ ծաղկաձորցիների պնդումների համաձայն՝ պետական գործիչներից մեկը Ծաղկաձորում, որսի ընթացքում, կենդանու փոխարեն մարդ է խփել, ավելի ստույգ՝ վիրավորել, սակայն թեեւ այս պատահարի մասին տեղյակ է նաեւ ոստիկանությունը՝ այդ անձնավորությունը չի ենթարկվել որեւէ պատասխանատվության: «Առավոտ» թերթն այսօր պարզաբանում է, որ այդ տեղեկությունները վերաբերում են Սպորտկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին, որը շուրջ մեկ ամիս առաջ որսի ժամանակ պատահաբար վիրավորել է Ծաղկաձորին մերձակա Աթարբեկյան գյուղի մի բնակչի եւ նրան թողել անօգնական վիճակում»:

Երեկ Աթենքից վերադարձած Հայաստանի մարզիկները լրագրողների հետ շփվելու ցանկություն չեն ցուցաբերել եւ ոչ մի հարցի չեն պատասխանել: Ավելի ուշ «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը հեռախոսազրույցում Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ՀՀ կառավարությանն առընթեր Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վարչության պետ Իշխան Զաքարյանին ուղղակի հարց է ուղղել` «Արդյոք ինքը պատրաստվու՞մ է հրաժարական տալ սպորտային զույգ պաշտոններից»: Այդ հարցին Զաքարյանը չի պատասխանել` պատճառաբանելով, որ դա հեռախոսային խոսակցություն չէ:

«Հայոց աշխարհ»-ը խմբագրականը այսօր ի մի է բերել. - «Օլիմպիական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն այնպես էր պահում իրեն, ասես օժտված էր բարձրակարգ մարզիկների ընտրության ու նախապատրաստման չինական համակարգով, դրանց իրականացման ամերիկյան հնարավորություններով եւ կոմունիզմի շինարարների բարոյական սկզբունքներով։ Իրականում Աթենքում մենք քերում էինք խորհրդային փառապանծ մարզական անցյալի մնացորդները։ Ցավոք, մնացորդներն այդ չափազանց սակավ գտնվեցին... Ամեն ինչ միայն փողով չի որոշվում, ճոռոմ արտահայտություններն էլ ոչինչ են», - ցուցանում է «Հայոց աշխարհ»-ի խրատը:

«Ռոբերտ Քոչարյանի՝ Աթենքից Հայաստան վերադարձին կոալիցիայի երեք կուսակցություններն էլ սպասում են մեծ անհամբերությամբ: «Օրինաց երկիր»-ը Քոչարյանի հետ պետք է ճշտի թիվ 44 ընտրատարածքի հետագա ճակատագիրը, հանրապետականները՝ թե իրենք 14 օր անց ինչ չափով պետք է մասնակցեն գլխավոր դատախազ - «Օրինաց երկիր» ռազբորկային, իսկ դաշնակները ոչ միայն ճշտելու, այլ նաեւ Քոչարյանի առաջ բարձրացնելու մի քանի հարց ունեն», - մատուցում է այսօր «Հայկական ժամանակ»-ը: - «Կոալիցիայի կուսակցություններն այսօր արդեն խոստովանում են, որ նույնիսկ ամենակենցաղային հարցը այլեւս ճշտվում է միայն Քոչարյանի մակարդակով, եւ ՀՀԿ-ն, «Օրինաց երկիր»-ն ու ՀՅԴ-ն իրար հետ խոսելու բան չունեն»: Թերթի փոխանցմամբ, Դաշնակցության ներկայացուցիչները խոստովանում են, որ «բեսպրեդելը», անօրինականությունն արդեն խեղդել են երկիրը, եւ իրենք այլեւս չեն ուզում պատասխանատվություն կրել համատարած այս անարխիայի համար. - «Եվ եթե, մասնավորապես, առաջիկա օրերին Ռոբերտ Քոչարյանն անհապաղ պատասխանատվության չենթարկի աթենքյան օլիմպիադայի խայտառակ պարտության պատասխանատուներին ու եթե չդադարեցնի թիվ 44 ընտրատարածքի սիցիլիական կրքերը, ապա Դաշնակցությունն այս ամենի վերաբերյալ հանդես է գալու պաշտոնական դիրքորոշմամբ»:

Սեպտեմբերի կեսերին Դաշնակցությունը հրապարակելու է առաջարկությունների փաթեթ, որը, ըստ ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի, ցույց է տալու այն ճանապարհը, որը տանելու է դեպի երաշխավորված փոփոխություններ: «Եթե մեր առաջարկները կրկին անարձագանք մնան, ապա Դաշնակցությունը ստիպված կլինի գնահատել կոալիցիայում իր տեղի ու դերի արդյունավետությունն ու ըստ այդմ կդիմի համապատասխան քայլերի», - ասում է Արմեն Ռուստամյանը: «Հայկական ժամանակ»-ը ընդհանրացրել է. - «Իշխանամետ քաղաքական ուժերն էլ արդեն հասկանում են, որ այսպես այլեւս չի կարելի»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG