Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայաստանի Հանրապետություն» թերթի ձեւակերպմամբ, Ռոբերտ Քոչարյանը «արդեն» 50 տարեկան է. - «Որովհետեւ հասցրել է ազգային զարթոնքի սկզբնավորման, երկու հայկական պետությունների ստեղծման եւ կայացման համար աշխատել տքնաջան ու նվիրումով: Նաեւ դեռ հիսուն տարեկան է: Որովհետեւ զարգացող երկիրը դեռ պետք է բարգավաճի, արցախյան հարցը դեռ պետք է վերջնական հայանպաստ լուծում ստանա»: Թերթի մեկնաբանը նաեւ գրում է. - «Երկրի նախագահը գիտակցում է, որ անապահով հասարակությունից հեշտ չէ քաղաքական սթափություն ակնկալելը, եւ հենց դրա վրա են լարախաղացություն անում որոշ քաղաքական ուժեր… Հայաստանի իշխանությունների համար ավելի տրամաբանական է ամեն ինչին նայել իրատեսորեն եւ հասարակության բարեկեցության ապահովման համար հիմքեր ու ռեսուրսներ ստեղծել հենց տեղում` երկրի վրա»: «Հայոց աշխարհ» թերթն էլ նախագահ Քոչարյանին մաղթում է, որ «ունենա ճշմարտախոս ու աներկյուղ խորհրդականներ, ազնիվ ու բանիմաց նախարարներ, օրենքը հարգող պատգամավորներ, համեստ կենցաղավարող գործարար-պաշտոնյաներ, մի քիչ էլ՝ առողջ ընդդիմություն»:

«Հայաստանցիներից շատերն են հիմա փորձում հասկանալ, թե ինչպես հնարավոր եղավ մեր օլիմպիական հավաքականի խայտառակությունը», - անդրադառնում է «Հայկական ժամանակ» թերթը` այս առումով շեշտադրելով. - «Սպորտսմենները Ռոբերտ Քոչարյանի անձնական ուշադրության կենտրոնում էին, որովհետեւ էլ ո՞վ, եթե ոչ նրանք՝ պետք է լցնեին քվեատուփերը, ծեծեին քաղաքական հակառակորդներին, ահուսարսափ տարածեին երկրով մեկ, ջարդեին լրագրողների ֆոտոխցիկները եւ պահպանեին օլիգարխներին: Ճշմարտությունն այն է, որ վերջին վեց տարիների ընթացքում Հայաստանի գրեթե բոլոր մարզադահլիճներում ոչ թե մարզիկներ են պատրաստվել, այլ սափրած գլուխներ… Ճշմարտությունն այն է, որ հայաստանյան մարզադահլիճների հիմնական մասի տնօրենների պաշտոններից ազատվեցին սպորտի նվիրյալները, եւ նրանց փոխարեն այդ պաշտոններին տիրացան քրեական տարրեր, որոնց ֆիզիկական ուժը պետք էր քրեական ռազբորկաներում հաղթելու եւ հակառակորդ խմբավորումների նկատմամբ առավելություն ստանալու համար»: «Օլիմպիադայում հաղթում են միայն հաղթանակի ոգի, ապագայի նկատմամբ հավատ ունեցող երկրները, եւ ոչ թե նրանք, ովքեր հետեւողականորեն եւ դաժանաբար զրկվում են ոգուց եւ ապագայից», - շրջանակում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը: - «Համոզված եմ, սակայն, Հայաստան անունը Աթենքում հնչեցրել են, բարձր են հնչեցրել` օլիմպիական կազինոներում, խանութներում, ռեստորաններում եւ զվարճանքի այլեւայլ վայրերում»: «Մեծ են Սպորտկեմիտեի եւ Օլիմպիական կոմիտեի ղեկավար Իշխան Զաքարյանի ծառայությունները հայրենի սպորտի առջեւ», - գնահատում է «Առավոտ» թերթի խմբագիրը: - «Անմար կոմերիտական ավյունով նա կազմակերպում է Ռոբերտ Քոչարյանի ազատ ժամանակը, նրա ակտիվ սպորտային հանգիստը… Նա մեծապես նպաստեց, որ սպորտսմեններին սկսեցին օգտագործել որպես բութ գործիք քաղաքականության մեջ եւ միջկլանային ուժային պայքարում: Անզեն մարդկանց (առաջին հերթին՝ լրագրողներին) ծեծելը շատ ավելի հեշտ է, քան մարզադահլիճներում իրենց ուժն ու կարողությունները ցույց տալը: Հայաստանում չեմպիոն դառնալը պակաս պատվավոր է եւ նյութապես պակաս շահեկան, քան «խաղաղ բնակչության» նկատմամբ սեփական «բիլակները» ցույց տալը»: «Կատարյալ ձախողումը անչափ մեղմ բնորոշում է Հայաստանի մարզիկների անփառունակ ելույթների համար», - նշում է «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը: - «Նրանք համակված անտարբերությամբ՝ ասես մասնակցում էին ոչ թե օլիմպիական խաղերի, այլ բակային մրցումների»: «Ովքե՞ր են պատասխանելու այս այլանդակության, չորս տարվա ընթացքում հարկատուների քամուն տված միլիոնավոր դրամների համար», - հարց է դնում մեկնաբանը` բանաձեւելով. - «Հարկավոր են նոր մարդիկ, բայցեւ նոր գաղափարներ եւ նոր մոտեցումներ»:

«Թե ինչպես կավարտվեն թիվ 44 ընտրատարածքում թափուր տեղի համար կազմակերպված խորհրդարանական ընտրությունները՝ այնքան էլ կարեւոր չէ», - ամրագրում է այսօր «Առավոտ»-ը: - «Եղվարդի ու մերձակա գյուղերի բնակչության, ինչպես նաեւ ողջ հայ ժողովրդի համար բացարձակապես էական չէ, թե ով կդառնա ԱԺ-ի 131-րդ պատգամավորը՝ Սասի Արտա՞կը, թե՞ Լավանդայի Արայիկը: Իբր մնացած 130-ը այնպիսի սպինոզաներ են, որ իմաստունների այդ արեոպագին Լավանդան կամ Սասը կարող են խանգարել: Ընտրությունները հետաքրքրություն են ներկայացնում քաղաքականացված սահմանափակ շրջանակների համար, այն էլ՝ զուտ ազգային ընտրական տեխնոլոգիաների տեսակետից: Այդ տեխնոլոգիաների ամենակարեւոր առանձնահատկությունն Է ընտրողների, այսինքն՝ ՀՀ քաղաքացիների բացարձակապես ավելորդ լինելը: Մրցում են ոչ թե ծրագրերն ու գաղափարները, որոնցով թեկնածուները պետք է գայթակղեն ընտրազանգվածին, այլ փողը, ինչպես նաեւ՝ վարչական եւ ուժային լծակները»: «Թիվ 44 ընտրատարածքում տեղի ունեցածը պայթյունավտանգ լիցքեր է պարունակում, քանզի այդտեղ իրականում մենամարտում են Ազգային ժողովի խոսնակն ու գլխավոր դատախազը», - խտացրել է «Իրավունք» թերթը: - «Երկու կողմերն էլ ստվերային «բազարների» ընթացքում գրեթե վերջնագրային տոնով պնդում են, որ քաղաքական որոշում կայացվի հենց իրենց թեկնածուի օգտին: Ում էլ ճանաչեն հաղթող, հակառակ կողմը, հավանաբար, հանդես կգա իշխանական բուրգը սասանող դեմարշներով, ուստի հերթական անգամ արբիտրի դերը ստանձնող Ռոբրետ Քոչարյանը հավանաբար կկայացնի «ո’չ քեզ, ո’չ էլ քեզ» ֆորմատով որոշում: Եթե, իհարկե, նախագահի ծրագրերի մեջ չի մտնում օգտվել ներիշխանական ցնցումների առիթից եւ խոշոր վերադասավորումներ սկսել»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG