Մատչելիության հղումներ

Քվեարկությունը կայացավ, սակայն հաղթողը դեռեւս հայտնի չէ


Անցած կիրակի Եղվարդում պատգամավորական թափուր տեղի համար կայացած քվեարկության նախնական տվյալներով, երկու հիմնական մրցակիցների` Արտակ Սարգսյանի եւ Արայիկ Հայրապետյանի ստացած ձայների տարբերությունը ավելի փոքր է, քան անճշտությունների թիվը, ուստի թիվ 44 ընտրատարածքային հանձնաժողովը պատգամավոր ընտրվելու մասին որոշում չի կայացրել:

Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած «Օրինաց երկիր» կուսակցության թեկնածու Արտակ Սարգսյանի օգտին տրված ձայները 32 քվեով ավելի են, քան երկրի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եւ «Նիգ Ապարան» հայրենակցական միության աջակցությունը վայելող Արային Հայրապետյանինը, մինչդեռ անճշտությունների թիվը 58 է: Ուստի Ազգային Ժողովի նորընտիր պատգամավորի անունն այս պահին հայտնի չէ, իսկ ընտրական մրցապայքարը տեղափոխվել է դիմում-֊բողոքների քննարկման դաշտ:

Նման դեպքում չի բացառվում կրկնական ընտրություն անցկացնելու որոշումը: Երկուշաբթի օրը ժամը 14-ին լրացավ ընտրական դիմում-բողոքներ ներկայացնելու ժամկետը, եւ այդ առիթով թիվ 44 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ, անկուսակցական
Գրիգոր Արշակյանը, ով հանձնաժողովում ներկայացնում է հանրապետության նախագահին, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե ստացվել է 21 գրավոր պահանջ` հավասարապես երկու հիմնական մրցակիցներից: Մյուս երեք թեկնածուներից բողոքներ չկան:

Անդրադառնալով ընտրատեղամասերից մեկում արդեն քվեարկված քվեաթերթիկների հայտնաբերմանը, Արշակյանը ասաց. - «Դա եղել է 44/03 տեղամասում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Համլետ Աբրահամյանի եւ ԿԸՀ անդամ Արթուր Պողոսյանի հետ միասին եղել ենք տեղամասում: Մեր ներկայությամբ տեղամասային հանձնաժողովի կողմից կազմվել է արձանագրություն: Եղել է 200 քվեաթերթիկ Արտակ Սարգսյանի օգտին քվեարկած»:

Արշակյանը համաձայնեց, որ հենց այդ տեղամասն է դարձել վճռական:

Պատասխանելով հարցին, թե ճ՞իշտ է, որ գիշերը հատուկ ջոկատ է ուղարկվել Եղվարդ, նա ասաց, թե նման տեղեկություն ինքը չունի: Լարվածություն, ըստ նրա, եղել է, սակայն` առանց բախումների:

Վաղն առավոտյան հանձնաժողովը կսկսի քննարկել գրավոր բողոքները: Ընտրության հետ կապված որոշումը հանձնաժողովը պարտավոր է ընդունել հինգ օրվա ընթացքում:

Արայիկ Հարյապետյանի վստահված անձանցից «Նիգ Ապարան» հայրենակցական միության նախագահության անդամ, պատգամավոր Աղասի Արշակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Արայիկ Հայրապետյանը այդ ընտրություններում տարել է ջախջախիչ հաղթանակ` առնվազ 3 հազար ձայնի տարբերությամբ»:

Նրա համոզմամբ, թվերը աղավաղվել են ձայների հաշվելու ժամանակ: Արշակյանն ավելացրեց, որ ինքը տեղամասերում է եղել մինչեւ դրանց փակվելը, եւ մինչ այդ «որեւէ կեղծիք չի եղել»:

«Մինչեւ ժամը 20-ը ընտրությունները անցել են նախանձելի ակտիվությամբ, բայց մենք արդեն ընտրությունների ընթացքում հայտնաբերեցինք, որ ընտրական հանձնաժողովների անդամներից, ովքեր ներկայացնում էին թեկնածուներից մեկին, առաջանցիկ գրաֆիկով թվեր էին հայտնում ընտրատարածքային հանձնաժողովին` նպատակ ունենալով օրվա ընթացքում այդ թվերը լցնել-ապահովել», - ասաց նա` ավելացնելով. - «Եղվարդի 03 տեղամասում նրանք բռնվեցին: Հանձնաժողովի նախագահի սեյֆից առգրավվեցին 200 հատ քվեարկած թերթիկներ»:

Մյուս կողմը՝ «Օրինաց երկիր» կուսակցությունը պատրաստվում է ընտրությունների շուրջ պաշտոնապես խոսել միայն ընտրատարածքային հանձնաժողովի որոշումից հետո: Կուսակցության ղեկավար անդամ, Ազգային Ժողովի պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, որ ընտրակեղծիքներ է թույլ տվել հակառակ կողմը: Իսկ թիվ 3 տեղամասի պատմության մասին էլ ասաց, թե անձամբ Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Հովհաննիսյանն է եղել այնտեղ՝ քրեական գործի հարուցման առիթով:

Մարգարյանի խոսքերով, երբ ինքը Հովհաննիսյանին ասել է, թե Ընտրական օրենսգիրքը եւ Սահմանադրությունը արգելում են մասնակցել ընտրական հանձնաժողովի աշխատանքին ամփոփման փուլում, դատախազի տեղակալը պատասխանել է, թե կատարում է Կոտայքի մարզի դատախազի կարգադրությունը:

«Այստեղ [03 տեղամասում] կար վախի մթնոլորտ», - ավելացրեց Մարգարյանը: - «Այսպիսի մթնոլորտում են աշխատել նաեւ գրեթե բոլոր տեղամասային հանձնաժողովները»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG