Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 28-ը օգոստոսի)


«Մեկից մեկ կանխատեսելի է, թե ինչ հեռանկարներ է ունենալու օգոստոսի 24-ին լրագրողների վրա հարձակվածներից մեկի՝ Գագիկ Ստեփանյանի դեմ հարուցված քրեական գործը», - վստահեցնում է «Առավոտ»-ի խմբագիրը: - «Նա իր հանցագործության վերաբերյալ կհնչեցնի մի անհեթեթ եւ անհավատալի առասպել. օրինակ` «գնացել էի անտառ սունկ հավաքելու, մեկ էլ տեսա` ինձ նկարում են, ու կատաղեցի»: Քննիչներն ու դատավորները ձեւ կանեն, թե այդ հեքիաթներին հավատում են, մի քանի կոպեկի տուգանք կնշանակեն ու կազատեն հանցագործին: Սափրագլուխը շարունակում է իրեն լկտի ու ամբարտավան պահել, որովհետեւ վստահ է, որ անպատիժ է մնալու, որովհետեւ իր տերը՝ Ալրաղացի Լյովը արդեն համաձայնեցրել է իրավապահ կառույցնեի հետ, թե ինչ ստեր է Գագիկը փչելու՝ օրինական պատժից խուսափելու համար: Լրագրողների վրա մնացած հարձակվողները, ինչպես նաեւ նրանց տերերը՝ նույն Ալրաղացի Լյովը եւ փոխոստիկանապետ Արմեն Երիցյանը ընդհանրապես դուրս կմնան քրեական գործից»:

Նույն թերթում Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կանխատեսում է, որ Ռոբերտ Քոչարյանը կարձակի Ազգային ժողովն ու կառավարությունը, քանի որ, ըստ նրա, կոալիցիան հոգնեցրել է «իր ներքին գզվռտոցով ու ազդեցության ոլորտների կուսակցական բաժանմամբ»: «Բայց սրա համար ձեւական առիթ է պետք, որն անհրաժեշտ է ստեղծել: Այդ ամենը կարվի այն դեպքում, եթե կոալիցիան քվեարկի ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու դեմ: Այս պարագայում մթնոլորտը, այնուամենայնիվ, սրվելու է, եւ դա առիթ կդառնա խորհրդարանը լուծարելու», - ուրվագծում է ՀԴԿ-ի նախագահը:

«Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը, ընդգծելով, որ ընդդիմությունը ակտիվորեն նախապատրաստվում է քաղաքական նոր սեզոնի բացմանը, նկատում է. - «Արմատական առաջնորդները հրաշալի հասկանում են, որ նույն գետը երկրորդ անգամ մտնելը, այն է` հեղափոխական սրացումների գարնանային սցենարի կրկնելը իրատեսական չէ: Ընդդիմության առաջնորդներին մնում է խաղարկել խորհրդարանը ցրելու սցենարը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկելով որպես վստահության ճգնաժամը հաղթահարելու պահեստային տարբերակ»: Մեկնաբանի կարծիքով, սակայն, երկիրը ցնցումների մեջ ներքաշելու այս ծրագիրը նույնպես ի սկզբանե դատապարտված է. - «Նախագահը եւ կոալիցիան խելքները հացի հետ չեն կերել՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների խայծը կուլ տալու եւ քաղաքական արկածախնդրության այս նոր ձեռնարկին ընդհառաջ գնալու համար»:

«Գոլոս Արմենիի»-ի գնահատմամբ` ընդդիմությունն իր գոյության ամբողջ ընթացքում ժողովրդի համար ոչինչ չի արել: «Նրանք չկային Դալմայի այգիները վարձակալած մարդկանց կողքին, երբ վերջիններից խլում էին հողերը, չկային այն բնակիչների կողքին, որոնց տարածքով կառուցվում է Հյուսիսային պողոտան, չկային գրողների կողքին, երբ նրանցից խլում էին պոլիկլինիկան, եւ ընդհանրապես ընդդիմությունը ոչ մի տեղ եւ ոչ մի անգամ ժողովրդին մոտ չի եղել: Հատկապես` երբ խոսքը վերաբերել է ժողովրդի խնդիրներին, այլ ոչ թե ընդդիմության շահերին, ինչն առանձնապես զգացվեց այս ամռան ընթացքում, երբ ընդդիմությունը հանգստանում էր», - գնահատականները խստացնում է «Գոլոս Արմենիի»-ն` ընդգծելով, թե արմատականները վաղուց ապացուցել են, որ նրանք ամենեւին էլ իշխանության եւ իշխանությունների կամայականությունների դեմ չեն պայքարում, նրանք նախագահի դեմ են, որովհետեւ «ցանկանում են նրա տեղի համար մրցույթ հայտարարել»:

«Տեւական ընդմիջումից հետո երեկ հրավիրված «Արդարություն» դաշինքի քաղաքական խորհրդի նիստի ավարտին սպասող լրագրողները վստահ էին, թե դաշինքը ներկայացնելու է իր նորացված մարտավարությունը», - գրում է «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը` շարունակելով, թե «մեծ էր հիասթափությունը, երբ դաշինքի` գրեթե բլից նիստի ավարտին ոչ մի նոր բան չներկայացվեց»:

Ընդդիմության պայքարի արդյունավետությանը վերաբերող հարցին, Շավարշ Քոչարյանը «Առավոտ» թերթին պատասխանում է. - «Իհարկե, կարելի է դատողություններ անել, թե որքանով է այդ պայքարն արդյունավետ կամ պակաս արդյունավետ եղել, բայց ասել, որ ամբողջովին ապարդյուն էր՝ չի կարելի, որովհետեւ, եթե մենք թույլ տայինք, Հայաստանում այնպիսի կարգեր կլինեին, որ Թուրքմենբաշին անգամ կնախանձեր»:

«Այնպիսի տպավորություն է, թե Հայաստանը դառնում է դեկորացիաների երկիր», - մտորում է «Հայոց աշխարհ»-ը. - «դեկորատիվ Ազգային ժողով, դեկորատիվ դատարաններ, դեկորատիվ կուսակցություններ, դեկորատիվ ընդդիմություն, դեկորատիվ առաջնորդներ….էլի մի քանի դեկորացիա եւ անխուսափելիորեն կգաս այն եզրակացության, որ ապրել այս երկրում ընդամենը ժամանակ վատնել է նշանակում»:

Ռուս-հայկական համատեղ զորավարժությունները լուսաբանած «Հայկական ժամանակ»-ի լրագրողը՝ ներկայացնում է նաեւ այսպիսի մի դիտարկում. - «Մեր Գյումրի ու Վանաձոր քաղաքները, ըստ զորավարժությունների պլանի, կրում են իրենց սովետական անունները: Ռուսական զորամիավորման դրոշի ծայրին փայլփլում էին սովետական մուրճն ու մանգաղը, զինվորականները հիմնականում իրար դիմում էին «տավարիշչ» ձեւով, տեխնիկան էլ արդեն 15 տարի գոյություն չունեցող երկրի արտադրության էր»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG