Մատչելիության հղումներ

Ավարտվեցին հայ-ռուսական զորավարժությունները Հայաստանում


Ուրբաթ օրը ավարտվեցին Հայաստանում տեղակայաված Ռուսաստանի 102-րդ ռազմակայանի եւ Հայաստանի զինված ուժերի 5-րդ կորպուսի ստորաբաժանումների մասնակցությամբ եռօրյա զորավարժությունները, որոնք, Հայաստանի պաշտպանության նախարարի գնահատմամբ, անցան «ներդաշնակ եւ ծառայեցին իրենց նպատակին»:

Պայմանական հակառակորդը Հայաստանի վրա էր հարձակվել հյուսիսից եւ շարժվում է դեպի Արաքս գետը: Հայ-ռուսական համատեղ ուժերը երեք օրերի ընթացքում անում էին ամեն ինչ` դա թույլ չտալու համար` օգտագործելով ռազմական տեխնիկա եւ օդուժ:

«Զորավարժությունների ընթացքում որեւէ միջադեպ չի գրանցվել: Զորավարժությունների մասնակից ստորաբաժանումները ամբողջովին կատարել են իրենց առջեւ դրված խնդիրները: Մեր գնահատմամբ` ե’ւ ռուսական կողմի, ե’ւ հայկական, զորավարժությունները անցել են ներդաշնակ եւ ծառայել են իրենց նպատակին», - ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` Սարգսյանը անդրադարձավ նաեւ ամերիկյան զինվորականների` վերջերս հնչեցրած պնդմանը, թե Ադրբեջանի տարածքում կարող են հայտնվել ամերիկան ռազմակայաններ:

«Ես էլ եմ ենթադրում, թե կարող է այդպիսի բան լինել», - ասաց նա: - «Կարծում եմ, դա, մեր տեսանկյունից գոնե, միգուցե Ռուսաստանը այլ կարծիք ունի, մեր տեսանկյունից դա Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի գործն է»:

Պաշտպանության նախարարը հավաստիացրեց նաեւ, որ Հայաստանը չի հրաժարվել զինվորականներին Իրաք ուղարկելու մտադրությունից, սակայն սպասում է Ազգային Ժողովի թույլտվությանը՝ երկրի տարածքից դուրս զինված ուժերն օգտագործելու համար:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG