Մատչելիության հղումներ

Դանիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Պեռ Ստիգ Մյոլերը, ուրբաթ օրը տարածաշրջանային այցի ավարտին այցելելով Հայաստան, Երեւանում հանդիպումներ ունեցավ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:

Երեւանյան հանդիպումների ժամանակ Պեռ Ստիգ Մյոլերը ասել է, թե Հարավային Կովկասի երկրներին «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրում ընդգրկելը մեծ «եվրոպական հեռանկարներ» են բացում Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի համար:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ըստ կառավարության տարածած հաղորդագրության, Մյոլերի հետ հանդիպման ընթացում նշել է, որ Եվրամիություն -Հայաստան հարաբերությունների զարգացումը կնպաստի նաեւ Դանիայի հետ մեր երկրի երկկողմ՝ այդ թվում տնտեսական հարաբերությունների զարգացմանը, ինչը, վարչապետի կարծիքով, փոխշահավետ կլինի երկու կողմերի համար:

«Տնտեսական համագործակցության ոլորտում, այլ բնագավառների թվում, վարչապետը հեռանկարային է համարել նաեւ էներգետիկայի ոլորտը՝ կարեւորելով մեր երկրին անհրաժեշտ էներգիայի այլընտրանքային աղբյուրների ստեղծման հարցում Դանիայի հետ փորձի փոխանակումը», - ասված է կառավարության հաղորդագրության մեջ:

Էներգետիկ խնդիրներին Մյոլերը անդրադարձավ նաեւ Վարդան Օսկանյանի հետ համատեղ ասուլիսում: Դանիայի արտգործնախարարի շեշտադրմամբ, հայ ժողովրդի շահերից է բխում «վտանգավոր տեղում կառուցված» Մեծամորի ատոմակայանի փակումը: Նրա հավաստմամբ, Դանիան պատրաստ է Հայաստանի հետ համագործակցել էներգետիկայի ոլորտում:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG