Մատչելիության հղումներ

Հինգշաբթի օրը տարածած հայտարարությամբ Հայաստանի գլխավոր դատախազությունը տեղեկացրել է, որ օգոստոսի 24-ին Ծաղկաձորում «Ֆոտոլուր» լրատվական գործակալության ֆոտոլրագրող Մխիթար Խաչատրյանի եւ «Առավոտ» օրաթերթի թղթակից Աննա Իսրայելյանի նկատմամբ «խուլիգանական գործողություններ կատարելու եւ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու փաստի առնչությամբ հանրապետության գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը քրեական գործ է հարուցել»:

Քրեական գործի քննությամբ բացահայտվել է հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Դա Երեւան քաղաքի բնակիչ, 1961 թվականին ծնված Գագիկ Ստեփանյանն է, որն արդեն բերման է ենթարկվել: Դատախազաթյան հայտարարության մեջ, սակայն, նշված չէ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը:

Օգոստոսի 24-ին Ծաղկաձորում «Ֆոտոլուր» լրատվական գործակալության ֆոտոլրագրող Մխիթար Խաչատրյանը եւ «Առավոտ» օրաթերթի թղթակից Աննա Իսրայելյանը հրապարակում էին պատրաստում առանձնատներ կառուղելու նպատակով կանաչ տարածքների ոչնչացման վերաբերյալ: Առանձնատներից մեկի տիրոջ թիկնապահը նախ թույլ չի տվել լուսանկարել, իսկ ավելի ուշ բռնություն է կիրառել Խաչատրյանի նկատմամբ` նրանից խլելով թվային ֆոտոխցիկի չիփը:

Ի տարբերություն ապրիլի 5-ի միջադեպի, ծաղկաձորյան դեպքի առնչությամբ իրավապահ մարմինները զարմանալիորեն արագ արձագանքեցին` չնայած նրան, որ տուժող լրագրողները այս անգամ իրավապահ մարմիներին բողոք չէին ներկայացրել:

«Առավոտ»-ի թղթակից Աննա Իսրայելյանը, ամեն դեպքում, հույս չունի, թե հանցագործություն կատարած անձը համարժեք պատիժ կստանա` աչքի առաջ ունենալով ապրիլի 5-ին լրագրողների նկատմամբ բռնություն գործադրածների դատավարության արդյունքը:

«Այդ քննությունից առանձնապես ակնկալիքներ չունեմ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Աննա Իսրայելյանը: - «[Ապրիլի 5-ի] Գործը դատական հեռանկար ունեցավ, հասավ դատարան, բայց ընդամենը 100 հազար դրամով գլուխները պրծացրին, եւ հասանք այն վիճակին, որ այդ նույն սափրագլուխները, դատարանից դուրս լրագրող տեսնելով, խմբով բացականչում էին` մանթո, մանթո»:

Իսրայելյանի կարծիքով, այս անգամ էլ պատիժը զուտ խորհրդանշական կլինի:

«Մանավարդ, կարծես, այդ երիտասարդը հենց ի սկզբանե հաշվի էր առել այդ նախադեպը, քանի որ մեր թանկարժեք լուսանկարչական սարքին ձեռքը գցելիս հանգիստ ասում էր` կջանդեմ, հետո փողը կտամ», - փաստարկեց նա` ավելացնելով, թե պատահական չէ, որ հանցագործությունը կատարած անձը ինքնակամ է ներկայացել իրավապահ մարմիներին` թերեւս հույս ունենալով, որ հետագայում դա կդիտվի իբրեւ մեղմացուցիչ հանգամանք:

Ըստ Իսրայելյանի, Ծաղկաձորում իրենց վրա հարձակում կատարողը պատգամավոր Լեւոն Սարգսյանի (Ալրաղացի Լյովի) թիկնապահներից մեկն է: Դա, այսպես ասած` ներքին կարգով հաստատեցին նաեւ իրավապահ մարմիններում:

Լեւոն Սարգսյանը, սակայն, հերքեց, թե ճանաչում է Գագիկ Ստեփանյանին: «Ո’չ ճանաչում եմ, ո’չ ուզում եմ ճանաչել», - «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով ասաց Սարգսյանը` այդուհանդերձ ավելացնելով. - «Կարող է եւ ծանոթ լինել: Եսիմ ով ա»:


Սարգսյանը ասաց նաեւ, թե Ծաղկաձորի իր առանձատան կապապցությամբ «վախենալու բան չունի». - «Ոչ մի ծառ չեմ կտրել, այդ տունն էլ գնել եմ փաստաբան Աշոտ Սարգսյանից»:

Օգոստոսի 24-ին Ծաղկաձորում տեղի ունեցած միջադեպին արձագանքել է Նյու Յորքում տեղակայված Լրագրողների պաշտպանության կոմիտեն` Հայաստանի իշխանություններին կոչ անելով «հետաքննել լրագրողների նկատմամբ կատարված բռնությունները եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG