Մատչելիության հղումներ

Աթենքի օլիմպիական խաղերի հեռարձակման համար «Օքրո Օքրոյան» հիմնադրամը տրամադրել է 70 հազար դոլար


Աթենքում այս շաբաթ ավարտվող օլիմպիական խաղերը Հայաստանում հեռարձակում է Հանրային հեռուստատեսությունը, ինչպես յուրաքանչյուր ռեպորտաժից առաջ է հնչում` «Օքրո Օքրոյան» հիմնադրամի «ոսկե հովանավորությամբ»: Հիմնադրամի նախագահ Արտակ Ոսկանյանը «Ազատություն» ռադիոկայանին չորեքշաբթի օրը փոխանցեց, որ օլիմպիական խաղերի հեռարձակման համար Հանրային հեռուստատեսությանը տրամադրել է շուրջ 70 հազար դոլար:

Իսկ «ոսկե հովանավորն է», քանի որ, Ոսկանյանի խոսքերով, «Օքրո Օքրոյա» հիմնադրամը հեռարձակման «միակ եւ բավարար հովանավորն է»: Թերեւս այստեղ բառախաղ էլ կա, քանի որ «օքրո» վրացերեն նշանակում է «ոսկի»:

2003 թվականին մահացած Օքրո Օքրոյանը ապրում էր Ջավախքում, եղել է դպրոցի տնօրեն ու ժողկրթբաժնի վարիչ: «Իսկ էությամբ ու կոչումով բանաստեղծ էր», - ասաց Արտակ Ոսկանյանը: Հիմնադրամը հիմնել են Օքրոյանի զավակները` Մոսկվայում ապրող գործարարներ Մկրտիչ եւ Հարություն Օքրոյանները:

«Մեր պետական այրերի հետ Մկրտիչ Օքրոյանի հանդիպումների ընթացքում համաձայնության են եկել, որ Օքրոյան ֆոնդը ֆինանսավորի [օլիմպիական խաղերի հեռարձակումը]», -ասաց Արտակ Ոսկանյանը` ներկայացնելով Օքրոյան եղբայրներին: - «Նրանք Մոսկվայում մեծ համբավի եւ մեծ կարողությունների հասած, մեր Մանթաշյանների եւ Արամյանցների փաղանգի ներկայացուցիչներ են, որ մեծ ազգօգուտ գործ են կատարում այսօր: Ես չէի համարի դա բիզնես, որովհետեւ դա գիտական մակարդակի բիզնես է. նրանք խորացել են հռթիռային տեխնիկայի եւ այլնի ասպարեզը: Ես այդ մանրամասնությունները չգիտեմ, որովհետեւ դրանք այնքան էլ բացահայտ բաներ չեն»:

«Օքրո Օքրոյան»-ը գրական հիմնադրամ է, որն արդեն հրատարակել է Օքրո Օքրոյանի գրական ժառանգության մի զգալի հատվածը, եւ, Ոսկանյանի խոսքերով, շարունակելու է գործունեությունն այդ ուղղությամբ:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG