Մատչելիության հղումներ

«Սափրած գլուխները» կրկին բռնություն են գործադրում լրագրողների նկատմամբ


«Առավոտ» օրաթերթի թղթակից Աննա Իսրայելյանը եւ «Ֆոտոլուր» գործակալության լուսանկարիչ Մխիթար Խաչատրյանը այսօր Ծաղկաձորում բնապահպանական թեմաներով ֆոտոռեպորտաժ նախապատրաստելիս ենթարկվել են բռնության, որի արդյունքում բռնացողները տիրացել են թվային լուսանկարչական ապարատի չիփին:

Իսրայելյանը, ով նաեւ ապրիլի 5-ին «Ազգային միաբանություն» կուսակցության հանրահավաքի ժամանակ «Նաիրի» կինոթատրոնի մոտ նույն «սափրած գլուխների» կողմից բռնության ենթարկված լրագրողների թվում էր, եւ Խաչատրյանը ռեպորտաժ էին պատրաստում ծառահատված տարածքում բարձրացած առանձնատների վերաբերյալ: Երբ մոտեցել են առանձնատանը, որը, նախնական տեղեկություններով, պատկանում է Հայաստանի փոխոստիկանապետ Արմեն Երիցյանին, նրանց մոտեցել ու ասել են, թե չի կարելի նկարել:

«Բայց, ճանաչելով, թե որ մեքենան է մեզ տանում այնտեղ, որտեղ կարելի է մեզ գտնել, վերջում եկան-գտան», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Մխիթար Խաչատրյանը` դժվարանալով ասել, թե կոնկրետ ովքեր էին իրենց նկատմամբ բռնացողներն ու սպառնացողները. - «Գրողների միության հանգստյան տանը սուրճ խմելիս, ով որ ինձ զգուշացրել էր, թե չի կարելի նկարել, նա ճանաչեց մեզ եւ կանչեց այդ խմբին: Նրանցից մեկը` սափրած գլխով ու հաստ վզով, հարձակվեց ինձ վրա, թե` դու գիտե՞ս ում տարածքն ես մտել, քեզ կուտենք, կհաշոտենք, վերջդ կտանք»:

Հարցին, թե արդյո՞ք իրեն հարվածելուց են առաջացել իր մարմին վրա եղած վերքերը, Մխիթարը պատասխանեց. - «Քաշքշուք եղավ: Ես, խնայելով ապարատուրան, որը բավականին թանկարժեք է` մոտ 2 հազար դոլար եւ ընդամենը 15 օր առաջ եմ ձեռք բերել, եւ որը կարող էին կոտրել , իրենց հասկացրի, որ վերցնեն չիփը… Հայհոյանքներ, թե` կոչնչացնենք ձեր մամուլն էլ, ձեր թերթն էլ»:

Խաչատրյանի խոսքերով, հարձակվողները պնդում էին, թե ինքը եւ Իսրայելյանը մտել էին «սեփական տարածք», որտեղ «չի կարելի մտնել»:

Ինչպես Խաչատրյանը, այնպես էլ Աննա Իսրայելյանը ասացին, որ իրավապահ մարմիններին չեն դիմելու: Իսկ հարցին, թե փորձելո՞ւ են պարզել, թե ովքեր էին իրենց վրա հարձակվածները, Խաչատրյանը պատասխանեց. - «Կարծում եմ, այս ամբողջից հետո պիտի պարզվի… Այս հայտարարությունից հետո հենց իրավապահ մարմինները պիտի զբաղվեն դրանով: Ենթադրում եմ, որ մենք օրինական երկրում ենք ապրում»:

«Առավոտ» օրաթերթի թղթակից Աննա Իսրայելյանը նույն հարցին այսպես պատասխանեց. - «Ապրիլի 5-ին տեղի ունեցածի դատավճռից հետո, երբ լրագրողին ծեծելու կամ ապարատը կոտրելու դիմաց ընդամենը հիսուն հազար դրամ տուգանվեցին, այդ քայլին դիմելը նույնիսկ ծիծաղելի եմ համարում»:

Իսրայելյանի տեղեկություններով, չնայած միջադեպի գլխավոր առարկա առանձնատան տերն Արմեն Երիցյանն է, բայց «օգնության կանչված տղերքը» մոտակայքում գտնվող առանձնատնից են եկել, եւ Մխիթար Խաչատրյանի գլխին հարվածողն ու պարանոցից քաշքշողը եղել է պատգամավոր Լեւոն Սարգսյանի թիկնազորի ղեկավարը: Աննա Իսրայելյանն ավելացրեց, որ Գրողների միության Ծաղկաձորի հանգստյան տանը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, եւ որի տնօրեն Մովսես Մանուկյանը փորձում էր հանդարտեցնել իրավիճակը, այդ երիտասարդը բարձրաձայն հայհոյում էր. - «Քո ժուռնալիստ… [շարունակությունը վերարտադրելի չէ]»:

Հայաստանի ժուռնալիստների միությունն ու Երեւանի մամուլի ակումբը հանդես են եկել միջադեպը դատապարտող հայտարարությամբ` պահանջելով իրավապահ մարմիններից «հայտնաբերել այդ անձանց եւ քրեական գործ հարուցել»:

«Մենք փաստում ենք, որ միջադեպը այն անպատժելիության արդյունքն է, որ ստեղծվել է լրագրողների նկատմամբ բոլոր նախորդ բռնարարքների հետեւանքով», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի ժուռնալիսների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը:


Ռուզան Խաչատրյան

(Լուսանկարում` «Ֆոտոլուր»-ի թղթակից Մխիթար Խաչատրյանը)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG