Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Կարծում եմ, ներքին իրադրությունը պետք է արմատապես փոխել», - «Հայոց աշխարհ»-ում շեշտադրում է նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը: Ըստ նրա` հանրապետության նախագահի ստասբուրգյան ելույթին համարժեք ներքին փոփոխություններ տեղի չունեցան. - «Կառավարությունը շարունակում է գործել նույն կազմով: Օրենսդրական դաշտի իրական բարեփոխման հեռանկարն առայժմ մշուշոտ է: Ընտրական օրենսգրքի շուրջ ոչ միայն չհաջողվեց երկխոսության հրավիրել ընդդիմությանը, այլեւ նույն կոալիցիոն ուժերը այս հարցում լիարժեք համաձայնության չեն եկել: Սահմանադրական բարեփոխումների ներկայիս փաթեթը նույնպես շոշափելի տարբերություններ չունի նախորդ նախագծերի համեմատ»:

«Օգոստոսի 29-ին թիվ 44 ընտրատարածքում խորհրդարանի պատգամավորի թափուր տեղի ընտրությունը հստակություն կմտցնի, թե, այնուամենայնիվ, ազդեցությամբ ով է ավելի հզոր՝ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը, թե գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը», - բանաձեւում է «Ազգ»-ը: Թերթի ոչ պաշտոնական տեղեկություններով, վերջերս նախագահ Քոչարյանը նույն սեղանի շուրջ նստեցրել է Աղվան Հովսեփյանին եւ Արթուր Բաղդասարյանին, որպեսզի վերջիններս ինչ-որ համաձայնության գան պատգամավորական թափուր տեղի պայքարի հարցում: «Երկու ախոյանները կարծես թե համաձայնության են եկել, սակայն եռակողմ հանդիպումից մի քանի օր անց ռեստորանի սեղանի շուրջ ԱԺ նախագահի կողմնակիցները բաժակ են բարձրացրել Հայաստանի ապագա նախագահի՝ «իմպերատոր Արթուր Բաղդասարյանի համար»` թույլ տալով որոշ անպարկեշտ հայտարարություններ գլխավոր դատախազի հասցեին», - գրում է «Ազգ»-ը` շարունակելով, թե մի կողմից, խորհրդարանի նախագահի, մյուս կողմից գլխավոր դատախազի ու Հայաստանի նախագահի միջեւ թիվ 44 ընտրատարածքը միակ հակասությունը չէ: Դիվանագիտական վստահելի աղբյուրներից թերթը տեղեկացնում է. - «Փարիզի իշխանությունները ցանկություն ունեն Արթուր Բաղդասարյանին մոտակա ամիսներին շնորհել Ֆրանսիայի ամենաբարձր կոչումը՝ «Պատվո լեգիոնի» շքանշանը: Նախագահ Քոչարյանը այնքան էլ հիացած չէ ֆրասիացիների մտադրությունից եւ, չստուգված տեղեկությունների համաձայն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդուարդ Նալբանդյանն այժմ ջանքեր է գործադրում ձգձգելու արարողությունը: Լավ աշխատելու դեպքում Նալբանդյանը կարող է արժանանալ Հայաստանի վարչապետի աթոռին… Ֆրանսիայի նախկին դեսպաններից մեկը մտերմիկ զրույցներում ակնարկում էր Արթուր Բաղդասարյանին Հայաստանի ապագա նախագահի պաշտոնում տեսնելու ցանկությունը», - հավելում է «Ազգ»-ը: Մեկնաբանի դիտարկմամբ, ուշագրավ է արդարացումը՝ «Բաղդասարյանին Հայաստանի բնակչությունը չի ատում»: Տարբեր լուրերն ի մի բերելով` «Ազգ»-ը եզրակացնում է. - «Ըստ լուրերի, Արթուր Բաղդասարյանի փառասիրությունը «մշակում է» նաեւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը»:


«Հայկական ժամանակ»-ի մատուցմամբ, կոալիցիայի մեկամյա գոյության ընթացքում թիվ 44 ընտրատարածքում սպասվող ընտրությունը, ըստ էության, առաջին դեպքն է, երբ «կոալիցիան չի կարողանում քաղաքական որոշում կայացնել»: ՀՅԴ անդամերից մեկը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է. - «Սա մեր կռիվը չի, իսկ չուժոյ պախմել մտնում են միայն հիմարները: Դաշնակցությունը գլադիատորական մարտերի չի մասնակցում: Թիվ 44-ում գլադիատորական մարտի են դուրս գալու ոչ թե պատգամավորության թեկնածուները, այլ նրանց պապաները, իսկ նման մարտերն առանց միջադեպերի չեն ավարտվում»:

«Առավոտ»-ը, հիշեցնելով գլխավոր դատախազության հայտարարություններն ու տեղեկատվությունը, թե ապրիլի 9-ի հանրավաքի օրը բերման ենթարկված Գեւորգ Մեսրոպյանն ու Արթուր Մանգասարովը «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի` իբր տրամադրած 4 հազար դոլարի դիմաց պիտի մահափորձ իրականացնեին «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանի նկատմամբ, գրում է. - «Գեւորգ Մեսրոպյանն ու Արթուր Մանգասարովը դատարանի վճռով մեկական տարվա ազատազրկման են դատապարտվել ընդամենը ապօրինի զենք պահելու համար»: Թերթում ներկայացված է Արտաշես Գեղամյանի կարծիքը. - «Այս ամենը վկայում է, թե խնդիրն ամենեւին հավանական մարդասպաններին վնասազերծելը չէր: Խնդիրը ընդդիմության տարբեր թեւերի միջեւ պառակտման սերմեր սերմանելը եւ ընդդիմադիր այս կամ այն գործչի նկատմամբ ժողովրդի հավատը սասանելն էր»:

«Արդարադատություն՝ հայավարի» վերնագրի ներքո «Առավոտ»-ում ընդգծված է. - «Նախարարի բալային՝ պայմանական, ոստիկանին պլաստիկե շշով խփողին՝ իրական պատիժ»: Թերթի հարցազույցում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նշում է. - «Մարդիկ մեր երկրում պաշտպանված են ոչ թե օրենքով, այլ իրենց պաշտոնով եւ ֆինանսական միջոցներով»:

Մեկնաբանելով Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե Ռուսաստանը կարող է երաշխավոր եւ միջնորդ լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում` «Գոլոս Արմենիի»-ն տարակուսում է. - «Ռուսաստանի նախագահի այս առաջարկը, մեղմ ասած, այնքան էլ հասկանալի չէ. ի՞նչ ձեւով է Մոսկվան պատրաստվում միջնորդ լինել, երբ վաղուց արդեն դա այդպես է»:


«Հայկական ժամանակ»-ի գնահատմամբ` որքան էլ ցավալի է խոստովանել, բայց անկախության հռչակագրի ընդունման օրը՝ օգոստոսի 23-ը, չի ընկալվում որպես հիշարժան օր. - «Երեւի թե, այդ օրվա նկատմամբ հասարակության վերաբերմունքը այնպիսին է, ինչպիսին մեր երկրի անկախության մակարդակն է… Թերեւս վերապահումով պետք է վերաբերել մի երկրի անկախությանը, որի սահմանների պաշտպանության առաքելությունը հանձնված է մեկ այլ երկրի, որի օդանավակայանում երկրից դուրս գալու կամ մուտք գործելու թույլտվությունը իրականացնում է մեկ այլ երկրի սահմանապահ»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG