Մատչելիության հղումներ

Ստեփանակերտի քաղաքապետ է ընտրվել ընդդիմադիր դիրքերից հանդես եկող թեկնածուն


Անցած կիրակի Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում քվեարկության երկրորդ փուլի արդյունքներով քաղաքապետ է ընտրվել ընդդիմադիր ճամբարը ներկայացնող թեկնածուն` Էդուարդ Աղաբեկյանը:

ԼՂՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի օգտին են քվեարկել ստեփանակերտցիների 58 տոկոսը: Էդուարդ Աղաբեկյանը երկրորդ փուլում հաղթել է իշխանությունների լիակատար աջակցությունը վայելող Պավել Նաջարյանին: Երկրորդ փուլում Աղաբեկյանին լայնորեն աջակցել են նաեւ ՀՅԴ Արցախի կազմակերպությունը եւ առաջին փուլում ընտրապայքարից դուրս մնացած, Ստեփանակերտի դեռեւս գործող քաղաքապետ Համիկ Ավանեսյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նորընտիր քաղաքապետը անցած ընտրությունները գնահատեց որպես առաջընթաց քայլ երկրի ժողովրդավարացման ճանապարհին:

«Անցել է ժողովրդի անունից խոսելու ժամանակը, եւ այն պետք է փոխվի ժողովրդի համար աշխատելու ժամանակով», - ասաց նա: - «Սա նաեւ միջազգային հանրությանն ապացուցեց, որ չճանաչված պետությունում կայացան ընտրություններ… Ժողովուրդը փաստեց, որ ղարաբաղցին ոչ պակաս ունակ է ընտրություն կատարելու, քան մերձբալթյան երկրներում, իսկ ավելի շատ նաեւ` մեր անմիջական հարեւանների մոտ»:


Հրանտ Ալեքսանյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG