Մատչելիության հղումներ

Հայաստանի արտաքին պարտքը նվազել է


2004 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, Հայաստանի արտաքին պարտքը կազմում է 1 միլիարդ 70 միլիոն դոլար։ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանն ասաց, որ անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ երկրի արտաքին պարտքը նույնիսկ 2,5 տոկոսով նվազել է։

Այս տարվա առաջին կեսին միջազգային ֆինանսական շուկաներում ստեղծված կացությունը, փաստորեն, բարենպաստ ազդեցություն է ունեցել երկրի արտաքին պարտքի վիճակի վրա։ Մասնավորապես, միջազգային դրամական շուկաներում տոկոսադրույքների իջեցումը, ինչպես նաեւ դոլարի շարունակական արժեզրկումը եվրոյի ու մյուս արժույթների նկատմամբ այդ առումով դրական դեր են խաղացել:

«Պարտքը մենք չափում ենք դոլարով, բայց այստեղ ներառված են նաեւ այլ արտարժույթներով տրամադրված վարկերը», - պարզաբանեց Արշալույս Մարգարյանը: - «Պարտքի այդպիսի դիվերսիֆիկացումը բավականին նպաստավոր է դարձնում մեր պարտքային պորտֆելը տարբեր արտարժույթների կուրսերի տատանումներից նվազագույն ծախսեր կրելու առումով»:

Դոլարն արժեզրկվել է ոչ միայն դրսի, այլեւ ներքին շուկայում, հատկապես վերջին երկու-երեք ամիսներին, ինչը, բնականաբար, որոշակիորեն էժանացրել է արտաքին պարտքի սպասարկումը: Սակայն, ըստ Արշալույս Մարգարյանի, դոլարի արժեզրկման ազդեցությունը արտաքին պարտքի վրա չնչին է:

«Դոլարի արժեզրկումը գրեթե զրոյական ազդեցություն է ունենալու պետական պարտքի սպասարկման տեսանկյունից», - ասաց նա` ավելացնելով. - «Իհարկե, վճարումների տեսակետից այսօր մենք շահեկան վիճակում ենք: Բայց, եթե հաշվի առնենք, որ մենք գրեթե համարժեք արտարժութային մուտքեր ենք սպասում պետական բյուջեում, ապա դրանք փոխադարձ կոմպենսացնում են իրար: Եվ բյուջեի տեսակետից վնասներն ու օգուտները գրեթե հավասար են»:

Արտաքին պարտքի բեռի տեսանկյունից Հայաստանը միջին ծանրաբեռնվածություն ունեցող երկրների շարքում է եւ, ըստ Մարգարյանի, միտում է դրսեւորում անցնելու արտաքին պարտքի թեթեւ բեռ ունեցող երկրների շարքը։ Դրան, անշուշտ, նպաստեց Ռուսաստանի 100 միլիոն դոլար պարտքը գույքով մարելու գործարքը, ինչի հետեւանքով արտաքին պարտքի միջին տոկոսադրույքը իջավ մոտ 2 տոկոսի։

Հարցին, թե հնարավո՞ր է նոր վարկի ստացում Ռուսաստանից նախկինում ստացվածների պայմաններով, վարչության պետը ընդհանուր պատասխան տվեց` ասելով, թե կառավարությունը նույնիսկ չի քննարկում այն հայտերը, որոնց պայմանները գերազանցում են արտոնյալ վարկերի համար սահմանված նվազագույն չափանիշները:

Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նույնպես հայտարարեց, թե որեւէ կոնկրետ պայմանավորվածություն չկա Ռուսաստանի կառավարությունից նոր վարկ ստանալու վերաբերյալ: Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ նպատակով է Ռուսաստանը հաջորդ տարվա համար 31 միլիոն դոլարի վարկ նախատեսում Հայաստանի համար (այդ մասին օրերս ասել էր Ռուսաստանի վարչապետ Ֆրադկովը), Անդրանիկ Մարգարյանը ասաց. - «Ռուսաստանի կառավարությանը մենք այդպիսի հայտ չենք ներկայացրել, ուղղակի միջպետական բանկից համաձայնություններ ունենք վարկ ստանալու… Բայց, եթե անհրաժեշտություն լինի, մենք կարող ենք բանակցել: Խնդիրը այժմ այդպես շտապ դրված չէ, որ մենք ռուսական կառավարությունից նորից վարկ վերցնենք»:

Իսկ ռուսական վարկերը շատ ավելի թանկ են, քան ասենք Համաշխարհային բանկի կամ Արժույթի միջազգային հիմնադրամի վարկերը։

Արշալույս Մարգարյանի խոսքերով, պետական բյուջեի այսօրվա հնարավորությունները թույլ են տալիս առանց խնդիրների սպասարկել արտաքին պետական պարտքը։ Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս պետական բյուջեի կատարումը «տնտեսմամբ» է ընթանում, ինչը հավելյալ պետական ծախսեր կատարելու հնարավորություններ կարող է ստեղծել, հնարավոր է նաեւ` արտաքին պարտքի սպասարկման կամ մարման գծով։

Արտաքին պարտքի մեջ ոչ բոլոր գումարներն են, որ արտոնյալ պայմաններ են վերցված։ Մասնավորապես, այդպիսին է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կառուցման նպատակով Եվրոբանկից վերցված, հիմնականում ծախսված, սակայն, այդպես էլ նպատակին չհասած, ու, ըստ էության, ձախողված 57 միլիոն դոլարի վարկն է։ Հրազդանի ՋԷԿ-ը պարտքի դիմաց տրվեց Ռուսաստանին, սակայն, Հայաստանի կառավարությունն է ստիպված ոչ միայն վճարել այդ բավականին թանկ վարկի տոկոսները, այլեւ մաս-մաս մարել հիմնական վարկի գումարները։


Ատոմ Մարգարյան եւ Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG