Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 21-ը օգոստոսի)

«Եթե նախորդ մի քանի ամիսներին ԱՊՀ իր գործընկերների հետ գրեթե բոլոր հանդիպումներում Վլադիմիր Պուտինը հաղորդում էր անշեղորեն աճող ապրանքաշրջանառության մասին, ապա նախօրեին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ խոսակցությունը նա սկսել է միանգամայն հակառակ հայտարարությամբ` երկու երկների միջեւ ապրանքաշրջառությունն անկում է ապրում», - արձանագրում է «Ազգ» թերթը` փոխանցելով նաեւ, որ հանդիպումից հետո երկու նախագահների համատեղ ասուլիսում Վլադիմիր Պուտինն ասել է, թե «Ռուսաստանը պատրաստ է երաշխավոր ու միջնորդ լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթը մատուցմամբ, Վլադիմիր Պուտինն ասել է, թե «Ղարաբաղի հակամարտության կարգավորման քննարկումը ծավալվել է լրացուցիչ հնարավորությունների որոնման, երկխոսության պահպանման եւ խնդրի լուծման ուղղությամբ»: Որպես հանդիպման ընդհանրացված գնահատական, «Հայաստանի Հանրապետություն»-ը նյութը ընդգծված վերնագրել է Ռոբերտ Քոչարյանի խոսքերով` «Սոչիի հանդիպումը նոր խթան է հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների համար»:

«Հայկական ժամանակ»-ը մեկնաբանում է Հայաստանի նախագահի մամուլի ծառայության տարածած լուսանկարը: «Ռոբերտ Քոչարյանը նայում է օբյեկտիվին եւ ժպտում` լավ իմանալով, որ լուսանկարը տարածվելու է հայկական լրատվամիջոցներով: Ժպիտով ուղեկցված այս հայացքը պատահական չէ եւ ակնհայտորեն ուղղված է ինչ-որ մեկին»,- զարգացնում է «Հայկական ժամանակ»-ը: - «Քոչարյանին, անշուշտ, անհանգստացնում են քաղաքական թեժ աշնան մասին խոսակցությունները, եւ նա վստահ չէ, որ աշնանը Պուտինի հետ նկարվելու առիթ կընձեռնվի ու հիմա որոշել է նախապես ցուցադրել իր ինքնավստահությունը եւ այն, որ Պուտինի հետ հանդիպման արդյունքում ինքն այլեւս անլուրջ է վերաբերում Հայաստանում իշխանափոխության հեռանկարին»: «Ոմանք կարծում են, որ նա նայում է Արտաշես Գեղամյանին, ոմանք՝ Ստեփան Դեմիրճյանին կամ էլ Արամ Զավենի Սարգսյանին: Լուսանկարի առավել մանրամասն ուսումնասիրությունը, սակայն, ցույց է տալիս, որ Քոչարյանը բոլորիս է նայում», - եզրահանգում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը:

«Ազգ»-ի վերլուծաբանը, անդրադառնալով Հարավային Կովկասի հակամարտություններին, բխեցնում է. - «Վատ օրինակը կարող է վարակիչ լինել: Վրաստանը եւ Ադրբեջանը ոչ միայն դաշնակիցներ են, այլեւ բախտակիցներ: Թբիլիսիի եւ Բաքվի նախկին իշխանությունների փորձերը՝ ռազմական ճանապարհով լուծել Աբխազիայի ու Հարավային Օսիայի, Լեռնային Ղարաբաղի խնդիրները, ավարտվեցին անհաջողությամբ: Սակայն, եթե Սահակաշվիլիին հաջողվի ռազմական ռեւանշի հասնել Օսիայում, ապա դա կարող է վարակիչ լինել առանց այն էլ ռազմամոլ Իլհամ Ալիեւի համար»:

«Գոլոս Արմենիի» թերթը, քննադատաբար մոտենալով նախարարական պաշտոններում կուսակցական գործիչների նշանակելու սկզբունքին, արձանագրում է. - «Քաղծառայության խորհրդի գործունեութունն ու մեխանիզմները հնարավորություն են տալիս մասնագիտական ունակություններ ցուցաբերած պետծառայողներին ընդգրկել միայն պետական կառավարման միջին եւ ցածր աստիճաններում, բայց նույն գերատեսչության բարձրագույն ղեկավարների համար այդ չափանիշները չեն գործում: Արդյունքում ստացվում է, որ մասնագետների բանակը եւ ամբողջ բնագավառը ղեկավարում է անիրազեկ անձնավորությունը: Այստեղ գոյություն ունի մեկ սկզբունք՝ կուսակցական պատկանելությունը: Գլխավորը կուսակցական տոմսն է… Եվ այդ սկզունքը պաշտոնապես դրվել է երկրի կադրային քաղաքականության հիմքում»:

Նույն թերթի մեկնաբանի հայացքով` որքան մոտենում է աշունը, այնքան ակնհայտ է դառնում, որ հասարակության կարծիքի ճոճանակը թեքվում է դեպի ընդդիմադիրների` Ազգային ժողով չվերադառնալու եւ ակցիաները վերսկսելու կողմը: «Իշխանությունը ամբողջ ամառվա ընթացքում աշխատեց նման հեռանկարի օգտին, եւ ոչինչ չձեռնարկվեց իրավիճակը առողջացնելու ուղղությամբ», - գրում է «Գոլոս Արմենիի»-ն:

«Արդեն մոտ երեք ամիս է կոալիցիայի խորհրդի նիստեր չեն հրավիրվում: Կոալիցիայի խորհրդի անդամներն իրար հանդիպում են միայն նախագահական նստավայրում, երբ Ռոբերտ Քոչարյանը կոալիցիայի հետ քննարկելու որեւէ հարց է ունենում», - փաստում է «Հայկական ժամանակ»-ը: - «Ըստ դաշնակցական մի պատգամավորի՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Օրինաց երկիր»-ը միմյանց հետ խոսելու, ճշտելու եւ համաձայնեցնելու որեւէ բան այլեւս չունեն: Եվ քանի որ կոալիցիայի բոլոր որոշումները, ըստ էության, թելադրվում են Քոչարյանի կողմից, ուստի կոալիցիան ինքնաբերաբար հրաժարվել է անիմաստ նիստեր անցկացնելու ավանդույթից»:

«Հայոց աշխարհ»-ի հարցազրույցում Ազգային Ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշում է. - «Հայաստանում սահմանված է դոլարի փոխարժեքի լողացող կամ ազատական կուրս: Դոլար - դրամ փոխարժեքի հարաբերակցությունը որոշվում է շուկայի պահանջարկով: Չեմ կարծում, թե կառավարության, կամ Կենտրոնական բանկի հատուկ միջամտություն է պետք, որովհետեւ դա կլիներ մեր տնտեսական գաղափարախոսությանը հակասող քայլ»:

Ներմուծելով «վարչական օլիգարխիա» տերմինը` «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Այս տերմինը կարելի է օգտագործել մարդկանց կամ պետական պաշտոնյաների փոքր խմբի վերաբերյալ, որոնք միասին վերցրած, ըստ էության, անսահմանափակ ազդեցություն ունեն եւ կարող են երկրի ճակատագրի վրա էական ազդեցություն ունենալ… Ակնհայտ է, որ Հայաստանում իշխանության թեւերի բաժանումն այլեւս իմիտացիա է եւ երկիրը կառավարվում է ոչ թե իշխանության ֆորմալ մարմինների լիազորությունների ազատ իրացմամբ, այլ` օլիգարխիայի կողմից»: Թերթն առանձնացրել է այդպիսի չորս անուն եւ նրանց պատկերել խաղաթղթերի չորս տուզերի տեսքով` «Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյան, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյան, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան եւ նախագահի առաջին օգնական Արմեն Գեւորգյան»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG