Մատչելիության հղումներ

30 տոկոսով ավելացել է հացահատիկի արտադրությունը


Հայաստանում այս տարի հացահատիկի արտադրությունը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 30 տոկոսով։ Գյուղնախարարության բուսաբուծության վարչության կանխատեսումներով, այս տարվա բերքահավաքի արդյունքներով կստացվի մոտ 430 հազար տոննա հացահատիկ` նախորդ տարվա 310 հազար տոննայի դիմաց:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գյուղատնտեսութան նախարարության բուսաբուծության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը փոխանցեց, որ Արարատյան հարթավայրում բերքահավաքը արդեն ավարտվել է: Լավ արդյունքներ են ակնկալվում նաեւ բարձրադիր գոտուց, որտեղ բերքահավաքը դեռեւս շարունակվում է:

«Լավ բերք է ստացվում Շիրակի մարզում, Գեղարքունիքի մարզում, Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում: Այնպես որ, մեր սպասելիքները, կանխատեսումները իրականություն են դառնում», - ասաց Պետրոսյանը:

Հողագործները, փաստորեն, այսպես են արձագանքել անցյալ տարվա կեսերից հացի եւ հացամթերքի գների ավելի քան 50 տոկոսանոց թռիչքին։ Հացահատիկ աճեցնելը դարձել է շահավետ։ Պետրոսյանի խոսքերով, բերքը ավելացել է առավելապես բերքատվության բարձրացման եւ ոչ թե ցանքատարածությունների ավելացման հաշվին։ Եթե բերքահավաքը մինչեւ վերջ ընթանա կանխատեսումներին համապատասխան, ապա երկրի ներսում արտադրված հացահատիկը կկազմի երկրի ողջ պահանջարկի 60-65 տոկոսը` նախորդ տարիների 50 տոկոսի դիմաց:

«Այսօր հանրապետությունում հարց է դրվում որքան հնարավոր է բարձրացնել պարենային հացահատիկով ապահովածության մակարդակը` սեփական ներուժը օգտագործելու միջոցով», - ասաց Գառնիկ Պետրոսյանը:

Սա նշանակում է, որ առաջիկայում եւս կշարունակվեն ներդրումները գյուղատնտեսության այդ հատվածում։ Իսկ սա, իր հերթին, հացի գների կտրուկ թռիչքներից ապահովագրվելու լավագույն ձեւն է։ Պետրոսյանի տեղեկացմամբ, Արարատյան դաշտում տնտեսություներ կան, որոնք կարողանում են հեկտարից մինչեւ 90 ցենտներ հացահատիկ ստանալ, մինչդեռ, այդ տարածաշրջանում միջին բերքատվությունը 30- 40 ցենտներ է։ Այնպես որ, եթե հնարավոր լինի ոչ մեծ չափով բարձացնել բերքատվությունը, ապա հացահատիկի նկատմամբ հանրապետության ողջ պահանջարկը կբավարարվի ներսում արտադրածի հաշվին։

«Եթե 10 ցենտներով մենք հացահատիկի բերքատվությունը բարձրացնենք, 200 հազար հեկտար հացահատիկի ցանքատարածություններից արդեն կարելի է ստանալ 200 հազար տոննա լրացուցիչ բերք: Այսինքն` այն ցուցանիշը ապահովել, որը կբավարարի մեր հանրապետության կարիքները»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG