Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների այսօրվա հանդիպման առիթով «Իրավունք»-ի մեկնաբանը նկատում է. - «Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը վերջին տարվա ընթացքում բազմիցս դժգոհություն է հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի վարչախումբը իր իշխանությունը Հայաստանում ամեն անգամ (այդ թվում եւ ուժային եղանակով) վերահաստատում է Ռուսաստանի եւ անձամբ Վլադիմիր Պուտինի հեղինակության հաշվին… Նաեւ գաղտնիք չէ, որ Ռուսաստանի ղեկավարության բարիդրացիական դիրքորոշումը Հայաստանի ներկայիս վարչախմբի եւ անձամբ Ռոբերտ Քոչարյանի լեգիտիմության եւ վարած քաղաքականության հանդեպ արդեն առաջացրել են ավանդաբար ռուսամետ հայաստանցիների ընդգծված դժգոհությունը: Իսկ մեր տարածաշրջանում միակ ռազմավարական գործընկերոջ աշխարհաքաղաքական կողմնորոշման անսասան լինելու դիմաց այսօր Ռուսաստանը պատրաստ է բավականին լուրջ գին վճարել»: «Եթե նախկինում ռուսական ներկայությունը Հայաստանում սահմանափակվում էր հիմնականում ռազմաքաղաքական սերտ համագործակցությամբ, ապա վերջին մեկ տարում այն զուգակցվում է գրեթե տնտեսական էքսպանսիայով, երբ գնվում է ամեն ինչ, ամենուրեք ու ամեն գնով», - բնորոշում է մեկնաբանը:

«Եղվարդի թիվ 44 ընտրատարածքում մոտ օրերս անցկացվելիք Ազգային ժողովի թափուր տեղի ընտրությունը իրավացիորեն համարում են այն հերթական փորձաքարը, որով պետք է պատասխան տրվի հավերժական դարձած հարցին՝ ի վերջո, կոալիցիա որպես այդպիսին գոյություն ունի՞, թե՞ ոչ», - ձեւակերպված է «Իրավունք»-ում: Հիշեցնելով, որ օրերս ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը բավականին զգուշորեն կարծիք հայտնեց, որ իրենք թերեւս կպաշտպանեն «Օրինաց երկիր»-ի թեկնածուին` «Իրավունք»-ը հավելում է. - «Սակայն հետաքրքիր է, որ Գալուստ Սահակյանի` բավականին զգուշավոր եւ, ըստ էության, որեւէ կոնկրետ պարտավորության չհանգեցնող կանխատեսումը միանշանակ չի ընդունվել նույնիսկ հանրապետականների շրջանակում: Այդ կուսակցության անդամներից մեկը, չցանկանալով, որ իր անունը նշվի, «Իրավունք»-ի թղթակցին ասել է. - «Գալուստ Սահակյանը թերեւս իր անձնական կարծիքն է հայտնել»: Ներկայացնելով նաեւ կոալիցիայի երրորդ կողմի՝ ՀՅԴ-ի դիրքորշումը` «Իրավունք»-ը գրում է. - «Դաշնակցական մեր աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՅԴ-ն ամենեւին էլ չի պատրաստվում նաեւ իր օժանդակությամբ խորհրդարան բերել «Օրինաց երկիր» կուսակցությունը ներկայացնող եւս մեկ պատգամավորի»: «Հայկական ժամանակ»-ում Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչանը հստակ հայտարարում է. - «Դաշնակցության դիրքորոշումն այս հարցում բացարձակապես չեզոք է, եւ մենք հրահանգել ենք Եղվարդի մեր տեղական կազմակերպություններին այս հարցում չեզոքություն պահպանել: Դաշնակցությունը թիվ 44 ընտրատարածքում որեւէ թեկնածուի չի սատարում: Բացի այդ, գոյություն չունի կոալիցիայի որոշում՝ պաշտպանելու այս կամ այն թեկնածուին»:


ՀՅԴ «Երկիր» պաշտոնաթերթի հարցազրույցում սահմանադրական փոփոխությունների փաթեթին է անդրադառնում ընդդիմադիր պատգամավոր Շավարշ Քոչարյանը: «Ինքնին անբարոյական է հիմք ընդունել այն նախագիծը, որն արդեն մեկ անգամ մերժվել է ժողովրդի կողմից: Այսօրվա փոփոխությունները հիմնված են դրա վրա, ինչն է’լ ավելի է վատացրել այն. կատարվել են քայլեր, որոնք է’լ ավելի անձնիշխանական, ավելի ճիշտ` երկիրը բռնապետական դարձնելու ուղղութամբ են տանում»:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը «Իրավունք»-ում արձանագրում է. - «Առաջակվող բարեփոխումների փաթեթը վերստին բլեֆ է. այն չի լուծելու պետության եւ հասարակության առջեւ ծառացած արմատական խնդիրները: Ավելին՝ առավել է սրելու դրանք»: Նրա կարծիքով, եթե չկեղծվեն հանրաքվեի արդյունքները, ապա այս տարբերակն էլ անվերապահորեն կկրկնի իր նախորդի ճակատագիրը, որովհետեւ ժողովուրդը քվեարկում է ոչ թե Սահմադրության լավ կամ վատ լինելու օգտին, այլ տվյալ պարագայում հանրությունը դեմ կամ կողմ է քվեարկում իշխանություններին:

Մամուլը շարունակում է արձագանքել «Տրիումֆ» սրճարանի միջադեպի գործով Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վճռին: «Հանցավորության դեմ այսպիսի գլուխգործոց, ավելի ճիշտ ծածկադմփոց պայքար մղելուց հետո, իսկապես պետք չէ զարմանալ, որ հանցագործությունները, մասնավորապես` պաշտոնատար անձանց որդիների ու մերձավորների մասնակցությամբ, դառնում են այսքան ցինիկ: Ու դեռ հարց է, թե ով է դրա հիմնական մեղավորը՝ հանցագործություն կատարողը, թե քողակողը», - ընդգծված է «Երկիր»-ում:

«Հայոց աշխարհ»-ում գրող Գուրգեն Խանջյանը ուրվագծում
է այսօրվա երեւանցու հավաքական կերպարը. - «Դա մարդ է, որն այսօր գիտի. Երեւանում ապրելու համար ինքը պետք է լինի լկտի, պիտի կարողանա աջ ու ձախ բոլորին հրել, լինի ագրեսիվ, նախահարձակ: Պիտի ամպայման կարողանա տարածք գրավել... Դա մի լկտի տեսակ է, որից փրկություն չկա… Ու այդ տեսակը Երեւանի հերն անիծում է»:

Անվանի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը չի հրավիրվել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնին»,- տեղեկացում է «Հայկական ժամանակ»-ը` հասկանալի համարելով, որ Կապուտիկյանի դեմ նման դեմարշ չէր կազմակերպվի, եթե վերջինս Ռոբերտ Քոչարյանին չվերադարձներ նրա ձեռքից ստացած «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը: «Բանաստեղծուհուն նման նշանակալի միջոցառմանը չհրավիրելը միանգամայն տեղավորվում է Ռոբերտ Քոչարյանի մենթալիտետի մեջ, որն իրականացվել է մշակույթի նախարար Հովիկ Հովեյանի անմիջական հրահանգով»:

«Երկիր» շաբաթերթը փորձել է պարզել, թե քաղաքական գործիչները ինչ նշանակություն են տալիս «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնին: ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանի կարծիքով, հասարակ ժողովուրդը մասնակից չէ այս փառատոնին. - «Տպավորություն է ստեղծվում, որ այն վերնախավային ինչ-որ միջոցառում է` գերատեսչական, իշխանական տարբեր թեւերի մասնակցությամբ եւ դրան մասնակից չեն ինչպես Հայաստանի, այնպես էլ սփյուռքի մեր շատ հայրենակիցներ»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG