Մատչելիության հղումներ

Կառավարությունը վճռական է բջջային կապի ոլորտը ազատականացնելու հարցում


Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հինգշաբթի օրը վերահաստատեց Հայաստանի կառավարության վճռականությունը ազատականացնել բջջային կապի ոլորտը, որտեղ առայժմ մենաշնորհ է վայելում «ԱրմենՏել» ընկերությունը:

Կառավարության նիստից հետո Հարությունյանը լրագրողներին ասաց, որ «ԱրմենՏել»-ը փաստորեն հրաժարվել է Լոնդոնի արբիտրաժային դատարան ներկայացրած հայցից, ու այժմ հարցերը փորձում է լուծել բանակցությունների միջոցով։ Ուժի մեջ են մնում, սակայն, հունական OTE ընկերության հայցը ընդդեմ Հայաստանի կառավարության եւ վերջինիս հակընդդեմ հայցը:

Սեպտեմբերի 28-ին ավարտվող բանակցություններից ակնկալվող արդյունքների մասին նախարարը գերադասեց չխոսել, սակայն վերահաստատեց կառավարության վճռականությունը բջջային կապի ոլորտը ազատականացնելու հարցում:

Դավիթ Հարությունյանի խոսքերով, կառավարության այժմ պետք է որոշի, թե քանի նոր օպերատորի մուտք է արտոնվելու հայաստանյան շուկա: Նոր օպերատորը կամ օպերատորները ընտրվելու են բացառապես միջազգային մրցույթի միջոցով։

Չնայած այս հանգամանքին, մերթ ընդ մերթ ասպարեզ են գալիս մի շարք կազմակերպություններ, որոնք ոչ միայն հայտարարում են, թե հենց իրենք են լինելու բջջային կապի ոլորտի նոր գործող անձինք, այլեւ բավականին լուրջ գումարներ ծախսելով` գովազդում են իրենց «ապագա բիզնեսը»։ Նման ընկերություներից մեկը՝ «Ռուսաստանի միավորված կապի համակարգեր - Զվեզդա» ընկերությունը արդեն մի քանի ամիս շարունակ իր գովազդային կամպանիայի ընթացքում հավատացնում է, թե կապի շուկան ազատականացվելուց հետո գրեթե ձրի ու անսահմանափակ ծառայություններ է մատուցելու հայ հանրությանը։ Այս ընկերության ծրագրերը եւ հավակնությունները, սակայն, արդարադատության նախարարը անլուրջ է համարում.

«Իմ վերաբերմունքը «Զվեզդա»-ին` փոքր-ինչ մտահոգ եմ, որովհետեւ այդ կազմակերպությունը հայտարարություններ է անում, որոնք բացարձակապես չեն համապատասխանում իրավիճակին: Իմ վրա դա բավականին անլուրջ տպավորություն է թողնում», - ասաց Դավիթ Հարությունյանը:

Հայաստանի տարածքի 95 տոկոսի վրա իր ցանցը կառուցելու համար «Զվեզդան» պատրաստ է 60 միլիոն եվրո ներդրում կատարել եւ ստեղծել շարժական GSM կապի ամենաարդիական՝ երրորդ սերնդի տեխնիկայի վրա հիմնված կապի համակարգ։ «Զվեդա»-ն նույնիսկ արդեն իր գրասենյակն է բացել Երեւանում եւ մեծ քանակությամբ սարքավորումներ է ներկրել ու տեղադրել` թերեւս ակնկալելով, որ մրցույթ լինելու դեպքում սեփական ցանց ունենալը առավելություն կտա մրցակիցների նկատմամբ ։



Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG