Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր պատգամավորը պատրաստ է սահմանադրական փոփոխությունների շուրջ համագործակցել կոալիցիայի հետ


Ազգային ժողովրդավարների դաշինք ընդդիմադիր կուսակցության նախագահ, «Արդարություն» խորհրդարանական խմբակցության անդամ Արշակ Սադոյանը պատրաստ է սահմանադրական փոփոխությունների շուրջ համագործակցել իշխանությունների հետ:

Արշակ Սադոյանը անցած ամիս իր կուսակցության համագումարում կոչ էր արել որդեգրել սահմանադրական բարեփոխումների վրա հիմնված իշխանափոխության սցենար, ըստ որի` տարեվերջին հանրաքվեի է դրվում Սահմանադրության` «արմատական փոփոխությունների ենթարկված», «փոխհամաձայնեցված» տարբերակ, ինչից հետո անցկացվում են «նոր լիազորություններով նախագահի եւ խորհրդարանի ընտրություններ»:

Առաջարկը անընդունելի էին համարել գրեթե բոլոր ընդդիմադիր գործիչները, այդ թվում` «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանը:

Շավարշ Քոչարյանը, օրինակ, անցած երկուշաբթի «Ազատություն» ռադիոկայանին ասել էր. - «Հույս դնել, որ կարելի է պայքարի մնացած ձեւերը մի կողմ թողնել եւ իշխանությունների հետ համագործակցելով կամ նրանց պարտադրելով ընդունել նորմալ Սահմանադրություն, այս իշխանության օրոք միամտություն է»:

Հինգշաբթի օրը, «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում պաշտպանելով իր առաջարկը, Արշակ Սադոյանը փաստարկեց. -«Եթե կոալիցիայի ներկայացուցիչների հայտարարությունը սուտ չէ, եթե Տիգրան Թորոսյանը նույնիսկ վերջերս հայտարարեց, թե` էլ ի՞նչ անի մեծամասնությունը, եթե ասում է` եկեք համատեղ մշակենք Սահմանադրությունը եւ մենք մեր մեծամասնությունը չենք օգտագործի` մերժելու, այսպես ասած, փոխհամաձայնությամբ Սահմանադրության տարբերակ, ապա կա’մ իրենք պետք է հրաժարվեն` բաց, հրապարակայնորեն իրենց այդ հայտարարությունից, կա’մ պետք է սահմանադրական կարգը Հայաստանի Հանրապետությունում փոխհամաձայնությամբ մշակվի»:

Շարունակելով` Սադոյանը ասաց, որ արդեն երկու տարի շարունակ ինքը հանդիպումներ է ունեցել բոլոր հիմնական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: «Ես առանձին-առանձին ներկայացրել եմ մեր մոտեցումները ու կարող եմ ասել, որպես կանոն, համարյա բոլորը ընդունել են պետության հիմնական ծրագրային սկզբունքը», - ասաց նա: - «Եթե չլինի ուղղակի ճնշում, հիմնական քաղաքական ուժերը կպաշտպանեն, մասնավորապես ե’ւ Դաշնակցությունը, ե’ւ «Օրինաց երկիր»-ը, ե’ւ Հանրապետական կուսակցության որոշ ներկայացուցիչներ»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG