Մատչելիության հղումներ

Վառելանյութի գները աճը Հայաստանում զսպվել է դրամի արժեվորման հաշվին


Նավթամթերքի հայաստանյան շուկայում գրեթե չի արտացոլվում գների աճը նավթի համաշխարհային շուկայում: Հայաստան նավթամթերք ներկրողները դա բացատրում են դոլարի փոխարժեքի անկմամբ եւ դրամի արժեվորմամբ:

Հայաստանյան ամենախոշոր` «Ֆլեշ» ընկերության վաճառքի եւ տեղեկատվության բաժնի պետ Մուշեղ Էլչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե վերջին ամսվա ընթացքում հիմնական նավթային բորսաներում գների ռեկորդային թռիչքը շատ քիչ է ազդել մեր շուկայում վաճառվող բենզինի եւ դիզվառելիքի գների վրա։ Նրա խոսքերով, ավտովառելիքի գների աճը հնարավոր է եղել զսպել Հայաստանում դոլարի փոխարժեքի կտրուկ անկման հաշվին.

«Մեր դրամի կուրսի բարձրացումը դրական ազդեցություն ունեցավ այս գների վրա», - ասաց Էլչյանը: - «Եթե դրամը չարժեվորվեր, դոլարի փոխարժեքը այսօր լիներ 550-560 դրամի սահմաններում, ապա շուկայում այսօր բենզինի մեկ լիտրը շատ հավանական է, որ լիներ ոչ թե 310 դրամ, այլ 330-340 դրամ»:

Առայժմ դժվար է ասել, թե դոլարի փոխարժեքի վերջին շրջանի կտրուկ անկման մեջ ավտովառելիք ներկրող տնտեսավարող սուբյեկտները որեւէ դեր խաղացել են, թե ոչ, սակայն փաստ է, որ դոլարի արժեզրկումից շահողները նաեւ նրանք են։ Սրա անուղղակի ապացույցներից է նաեւ այն, որ Կենտրոնական բանկը, որոշակի պահից միջամտելով արտարժույթի շուկայում, այնուամենայնիվ, ամենեւին չի շտապում նպաստել, որպեսզի դրամի փոխարժեքը վերստին վերադառնա նախկին մակարդակին։

Ուժեղ դրամի հարցում շահագրգիռ են ոչ միայն խոշոր ներկրողները, այլեւ կառավարությունը, որը ստիպված է այս տարվանից սկսած կտրուկ ավելացնել պետական բյուջեից արտաքին պարտքի սպասարկմանն ուղղվող գումարները: Ուստի կառավարությանը եւս խիստ պետք էր, որ կտրուկ իջներ դոլարի փոխարժեքը, ու ամենակարեւորը` տեւական ժամանակ մնար նույն մակարդակի վրա։



Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG