Մատչելիության հղումներ

logo-print
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները չորեքշաբթի օրը չվտարեցին ապագա Հյուսիսային պողոտայի տեղում` Պուշկինի նրբանցքի թիվ 9 տան բնակիչներին, եւ տանտիրուհին՝ երկու անչափահաս երեխաների մայր Սվետա Հակոբյանը, բարեբախտաբար, չիրագործեց իր հուսահատ սպառնալիքը` սպանել սեփական երեխաներին եւ ինքնասպան լինել:

«Ես կվառեմ երեխաներիս եւ ինձ, եթե դուք հիմա ինչ-որ բանի ձեռք տաք», - դիմեց նա հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներին:

«Տիկին Ալավերդյանը զանգել է, ասել է, այս մարդիկ հարգել են», - ապագա Հյուսիսային պողոտայի տեղում բնակվող բողոքավոր մի քանի տասնյակ մարդկանց, ծառայության աշխատակիցների, ոստիկանների ու լրագրողների խմբի առջեւ ասաց Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբի ղեկավար Գայանե Հարությունյանը: - «Այս պահին հետաձգել են` մինչեւ քաղաքապետը կվերադառնա»:

Երեւանի քաղաքապետարանի լրատվական հարցերով պատասխանատու Էդմոն Զարգարյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ քաղաքապետ Երվանդ Զախարյանը արձակուրդից կվերադառնա հաջորդ շաբաթվա ընթացքում:

Սվետլանա Հակոբյանը, այդուհանդերձ, թերահավատ էր: «Կխնդրեի, որ գրավոր գրեն, որ չեն գալու: Շատ հնարավոր է, որ ես երեխաների հետ դուրս գամ զբոսանքի, գամ` տեսնեմ տուն չկա», - ասաց նա` փաստարկելով, թե նման դեպքեր արդեն տարածքում եղել են:

«Այդ ամեն ինչը լինելու է գրավոր», - հավաստիացրեց Գայանե Հարությունյանը:

Սվետա Հակոբյանի ամուսնուն՝ այս տան սեփականատեր Արարատ Ծովյանին, 54 քառակուսի մետր տարածքի դիմաց 13 հազար 200 դոլար են առաջարկում, եւ նա «Հյուսիսային պողոտա եւ Կասկադ» ծրագրերի իրականցման գրասենյակի հետ պայմանագիր չի ստորագրել: Իսկ դատարանը վճռել է վտարել: Նման պայմանագիր չի ստորագրել եւս յոթ ընտանիք՝ պատճառաբանությամբ, որ գումարը չնչին է՝ մեկ քառակուսի մետրի դիմաց մոտ 240 դոլար, երբ այստեղ հողի շուկայական արժեքը մոտ 800 դոլար է:

Նշված ծրագրով տեղահանման ենթակա 500 ընտանիքներից այստեղ 20 ընտանիք է մնացել, որոնցից ութը պայմանագիր չի ստորագրել, եւ դրանցից երկուսին օրերս արդեն վտարել են: Վտարվող բնակիչներից մեկը` 32-ամյա Շավարշ Գեւորգյանը, փորձել էր ինքնասպան լինել` կտրելով իր երակները:

Ավերակների վրա իրոք բարձրակարգ ու գեղեցիկ թաղամաս է բարձրանում, բայց այն այստեղ ծնված ու մեծացած մարդկանց համար չէ. կառուցվող բնակարաներում մեկ քառակուսի մետրի գինը 800-1500 դոլար է լինելու:

«Պարոն նախագահ, բացեք ձեր աչքերը, ձեզ խաբում են», - վրդովված ասաց բնակիչներից մեկը: - «Ժողովրդին դուք դարձրիք բոմժ: Տվեք ինձ ստատուս. արտասահմանյան որ երկիրը լինի, ես կգնամ»:

Նախագահի վերահսկողական ծառայության ներկայացուցիչները երեկ ընդունել են բողոքավորներին: Ծառայության պետ Վահրամ Բարսեղյանը փոխանցեց, որ սա Երեւանի քաղաքապետի հետ քննարկելիք բողոք է, եւ այն կքննարկեն արձակուրդից Երվանդ Զախարյանի վերադարձից հետո:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG