Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, որ Էրեբունի համայնքի դատախազությունը ավարտել է Գրիշա Վիրաբյանի գործի քննությունը եւ պատրաստվում է ուղարկել դատարան: «Մենթական վրեժ» վերնագրի տակ թերթը արձանագրում է. - «Այս խայտառակ գործով դատախազությունը փաստորեն ապացուցեց, որ ոչնչով չի տարբերվում մարդ խոշտանգող տգետ ոստիկաններից: Փոխանակ պատժելու իրենց իրավասությունները գերազանցած, լկտիացած ոստիկաններին, որոնք կարող են մարդուն առանց պատճառի բաժին տանել ու խոշտանգել՝ մինչեւ մահամերձ դարձնելը, դատախազությունը որոշել է, որ Գրիշա Վիրաբյանն է հանցանք կատարել: Այն էլ՝ ծանր հանցանք, որը պետք է պատժել «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար», որը պատժվում է 5-10 տարի ազատազրկմամբ»:

«Եղվարդի թիվ 44 ընտրատարածքում Հանրապետական կուսակցությունը թերեւս պաշտպանի «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Սարգսյանին», - մատուցում է «Հայոց աշխարհ» թերթը, որի թղթակցի հետ զրույցում ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշել է. - «Հանձնաժողովներում տեղերը զիջելու առնչությամբ տեղեկացված չեմ, բայց, կարծում եմ, ճիշտ կլինի, որ իբրեւ կոալիցիայի անդամ կուսակցության ներկայացուցչի այդ տեղերը տրամադրվեին Արտակ Սարգսյանին: Ընդհանուր մոտեցումն այն է, որ կոալիցիան պաշտպանում է Արտակ Սարգսյանի թեկնածությունը»:

Նույն թերթի հարցազրույցում «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը թղթակցի ուղղակի հարցին, թե ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն պաշտոնապես պաշտպանում են ձեր թեկնածուի՞ն, պատասխանել է. -«Այո: Ըստ էության այդ պաշտպանությունը նշանակում է, որ գործընկեր կուսակցություններն իրենց դիրքորոշումներով, տեղական կառույցներով աշխատելու են մեր թեկնածուի օգտին: Քանի որ նա պաշտոնական աջակցության տեսանկյունից դառնում է կոալիցիայի թեկնածուն»:

«Օրինաց երկիր»-ի թեկնածուի հիմնական մրցակից Արայիկ Հարությունյանը, ում, ըստ մամուլի, աջակցում է երկրի գլխավոր դատախազը, «Հայկական ժամանակ»-ում անդրադառնում է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանում իր դեմ ներկայացված հայցին: «Ինձ մեղադրում են՝ ինձ պատկանող բնակարաններից մեկի տարածքի սխալ չափսեր ներկայացնելու մեջ: Այդ մեղադրանքն անհեթեթություն է եւ ընտրապայքարի սեւ տեխնոլոգիաների կիրառում», - թղթակցին ասել է Հայրապետյանը եւ, համոզված լինելով, որ հայց ներկայացրած թեկնածուի` Աղասի Գասպարյանի թիկունքին կանգնած են «սեւ», «մութ» ուժեր, նա վերջինիս դրածո լինելը փաստում է այն հանգամանքով, որ հուլիսի 26-ից սկսված քարոզարշավի ընթացում ընտրատարածքում ոչ ոք նրան չի տեսել: Ենթադրվում է, որ Աղասի Գասպարյանն իր թեկնածությունն առաջադրել է ինչ-որ քաղաքական պատվեր կատարելու համար: «Եթե մտածում են, որ ձվի մեջ մազ գտնելը հաղթանակի նշան է, ապա չարաչար սխալվում են: Մենք հայտարարում ենք, որ նման մեթոդներով աշխատող մարդիկ եւ ուժերը պետք է հասկանան, որ նման գործելաոճը իրենց վերջի սկիզբն է լինելու», - «Հայկական ժամանակ»-ում հայտարարում է «Նիգ Ապարան» հայրենակցական միության անդամ, ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը («Ժողպատգամավոր» խումբ): Նրանից հետ չի մնում պատգամավորական այդ խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը` նույն թերթում սպառնալով. - «Ես կոչ եմ անում իրավիճակը սրել փորձող ուժերին եւ անհատներին՝ դրսեւորել զսպվածություն, այլապես դա նրանց կպարտադրվի»:

«Հայոց աշխարհ»-ի վերլուծաբանի գնահատմամբ` վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանի ձեռնարկած արտաքին քաղաքական զորաշարժերը եւ նրա բարձրաստիճան պաշտոնյաների բերանից պարբերաբար հնչող հայտարարություններն ու սպառնալիքները վկայում են, որ ազերիները սկսել են շանտաժի ենթարկել ոչ միայն Հայաստանին, այլեւ Ղարաբաղյան բանակցային գործընթացում միջնորդի դեր ստանձնած գերտերություններից մեկին՝ ԱՄՆ-ին: «Էլմար Մամեդյարովի մոսկովյան ներկա այցը Ադրբեջանի ձեռնարկած շանտաժի քաղաքականության կիզակետային պահն է», - գրում է թերթի վերլուծաբանը:

Ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակները այցելելուց հետո «Հայաստանի Հանրապետություն» թերթի թղթակիցը նկարագրում է. - «Կուսակցությունների մեծ մասը ազատ գրաֆիկ է սահմանել ամռանը. գրասենյակը բաց է, բայց կուսղեկավարները անկանոն են հաճախում` հիմնականում առավոտյան ժամերին: Հանգստանալու էլ մեկնում են անկանոն` մի քանի օրով, ով երբ կարողանա, հերթափոխով… Ինչպես երեխաները, այնպես էլ մեծերը աշնանում պատմում կամ էլ «շարադրություն» են գրում, թե «ինչպես անցկացրին ամառային արձակուրդները»:

«Սեպտեմբերի առաջին տասնօրյակում մեր կուսակցությունը բավականին հետաքրքիր սյուրպրիզ է անելու այս իշխանություններին», - «Հայկական ժամանակ»-ին փոխանցել է «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանը, ով մինչ այդ «համբերատար» սպասում է, որ իշխանական վերնախավում իրար ուտեն. - «Թող իրար ուտեն, հետո արդեն դեսերտին մենք կմասնակցենք»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG