Մատչելիության հղումներ

Քաղաքաշինության նախկին նախարարի որդին դատապարտվեց պայմանական ազատազրկման


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը երեկ սկսված եւ ավարտված նիստում վճռել է անցած գարնանը երեւանյան «Տրիումֆ» սրճարանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ երկու ամբաստանյալների հանդեպ պատիժը` 6 եւ 3,5 տարվա ազատազրկում չկիրառել՝ նշանակելով երեքական տարով փորձաշրջան:

«Տրիումֆ» սրճարանում մարտի 12-ին տեղի ունեցած միջադեպը մեծ արձագանք ունեցավ նախ այն պատճառով, որ միջադեպի պահին հարեւանությամբ գտնվող «Առագաստ» սրճարանում էին Հայաստանի եւ Վրաստանի նախագահները եւ ապա` ամբաստանյալներից մեկը քաղաքաշինության նախկին նախարար Արա Արամյանի որդին է: Այս վերջին հանգամանքը, ըստ էության, հետագայում նախարարի հրաժարականի հիմնական պատճառն էր:

Ապօրինի պահվող «Մաուզեր» ատրճանակից դիտավորությամբ կրակելու եւ երեք անձի միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելու համար Հայկ Արամյանը դատապարտվել է 6 տարվա, իսկ սրճարանի անվտանգության ծառայության աշխատակից Արթուր Գեւորգյանը` Արամյանին դանակով միջին ծանրության վնասվածք պատճառելու համար` 3,5 տարվա ազատազրկման: Պատիժը, սակայն, ի կատար չի ածվելու:

«Պատժի ի կատար ածումը հետաձգվում է եւ հնարավորություն է տրվում դատապարտվածին, որպեսզի իր օրինավոր վարքով կարողանա այդ պատիժը չկրել», - «Ազատություն» ռադիոկայանին պարզաբանեց փաստաբանների միջազգային միության անդամ Վարդան Զուռնաչյանը` ավելացնելով, որ եթե որպես փորձաշրջան նշանակված երեք տարվա ընթացքում ամբաստանյալները նոր քրեորեն արարք չեն կատարում, ամբողջությամբ ազատվում են պատիժը կրելուց:

Ներկայումս Ազգային Ժողովի նախագահի գլխավոր խորհրդական, քաղաքաշինության նախկին նախարար Արա Արամյանը հրաժարվեց կարծիք փոխանցել դատավճռի շուրջ՝ ասելով սոսկ, որ չեն բողոքարկելու այն:

Նախարարի պաշտոնից հրաժարական ներկայացնելու օրը Արա Արամյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում մեղադրվող որդուն բնորոշել էր այսպես. - «Իմ տղան կյանքում ոչ զենք է կրել, ոչ խմել է, ոչ ծխել է… Միշտ եղել է շրջապատի համար էտալոն»:

Միջադեպին հաջորդած օրերին խորհրդարանական ճեպազրույցներում Արա Արամյանի կուսակցության` «Օրինաց երկիր»-ի խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանն էլ կտրականապես հերքում էր, թե Հայկ Արամյանն է եղել հրազենից կրակողը:

Դատարանը, այդուհանդերձ, քննությամբ պարզեց, որ հենց Հայկ Արամյանն է կրակել, իսկ Արթուր Գեւորգյանը դանակով միջին ծանրության վնասվածք է հասցրել Արամյանին ու ծանր՝ նրա ընկեր Խաչատրյանին:

Նման մեղմ պատիժը, եթե այն համեմատելու լինենք ապրիլի 12-ին ընդդիմության բողոքի ցույցը ցրելու ժամանակ պլաստիկե շշով ոստիկանին հարվածելու համար դատապարտված Էդգար Առաքելյանի համար սահմանված պատժաչափի հետ (1,5 տարվա ազատազրկում), հարցեր է առաջացնում օրենքի առջեւ բոլորի հավասար լինելու` սահմանադրական նորմի կապակցությամբ:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG