Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց աշխարհ» թերթը արձակուրդից իր վերադառնալը ազդարարում է հետեւյալ կերպ. - «Հայոց Աշխարհ»ը վերադարձավ երկշաբաթյա արձակուրդից եւ կշարունակի լեգենդար մոնղոլ մարշալ Չոյբոլսանի հարձակողական ոճով գնահատել մեզ շրջապատող զարմանահրաշ իրականությունը»:

«Հայկական ժամանակ»-ի մատուցմամբ, թիվ 44 ընտրատարածքում օգոստոսի 29-ին տեղի ունենալիք ընտրություններն այդ ընտրատարածքում առաջադրված հիմնական թեկնածուներ՝ «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Արտակ Սարգսյանի եւ «Նիգ Ապարան» հայրենակցական միության անդամ Արայիկ Հայրապետյանի միջեւ ընթացող մրցակցությունից վերածվել են «Օրինաց երկիր» կուսակցության եւ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի ու ՀՀ գլխավոր դատախազ, «Նիգ Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանի միջեւ պայքարի: Թերթի տեղեկություններով` Աժ նախագահը սպառնացել է, որ Արտակ Սարգսյանի պարտության դեպքում «Օրինաց երկիր»-ը դուրս կգա կոալիցիայից: «Ես «Նիգ Ապարան» հայրենակցական միության անդամ եմ եւ էապես զգում եմ իմ հայրենակիցների աջակցության արգասիքը», - «Հայոց աշխարհ»-ում շեշտադրում է թիվ 44 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Արայիկ Հայրապետյանը: - «Իմ նախընտրական գլխավոր կարգախոսը՝ «Ստեղծենք առողջ միջավայր», նախ եւ առաջ նկատի ունի մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու առողջության ապահովումը»: «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում տարածքային կառավարման եւ արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը իր պաշտոնանկության մասին լուրերը համարել է «անհեթեթություն»` ավելացնելով, թե արդեն հայտնի են իր դեմ կազմակերպված լրատվական արշավի պատվիրատուները. - «Իմ անձի շուրջ բարձրացված այս ողջ արհեստածին աղմուկը, որ դարձրել էին գրեթե Ղարաբաղի հարց, միանշանակ հրահրված էր իշխանական որոշ ուժերի եւ անձանց կողմից, որոնց անուններն ինձ հայտնի են, սակայն հարկ չեմ համարում հրապարակել: Այդ արշավն ընդամենը մեկ նպատակ էր հետապնդում՝ թուլացնել իմ ազդեցությունը: Բնականաբար, այդ ուժերն արձանագրեցին իրենց ջախջախիչ պարտությունը»:

«Իրավունք»-ի պատկերմամբ` Հայաստանում կամ առնվազն երկրի վերնախավում տիրում է «օլիմպիական հանգստություն». - «Երկրի ֆինանսների համար պատասխանատուները շարունակում են օլիմպիական հանգստությամբ վերաբերել դոլարի կուրսի կտրուկ տատանումների ոչ այնքան հանգիստ տնտեսական հետեւանքներին, վարչապետն ու ԱԺ նախագահը օլիմպիական հանգստությամբ վայելում են իրենց հանգիստը արտերկրի առողջարանային քաղաքներում, իսկ երկրի նախագահը օլիմպիական հանգստությամբ ընդունում եւ ճանապարհում է տարբեր պատվիրակությունների… Օլիմպիական հանգստություն է պահպանում նաեւ ընդդիմությունը»:

Նույն թերթի հարցազրույցում ՀԺԿ անդամ, ԱԺ պատգամավոր Վարդան Մկրտչյանը պարզաբանում է. - «Մենք ոչ մի անգամ պասիվ չենք եղել եւ պատճառաբանությունների կարիք չենք ունեցել: Ընդդիմությունը ո’չ սպառվել, ո’չ էլ դադարեցրել է իր պայքարը, մեզ մոտ արձակուրդային տրամադրություն չկա, եւ մենք աշխատում ենք մեր կառույցների հետ: Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները մենք ուսումնասիրում ենք եւ այդ նախագծերի վերաբերյալ մեր տեսակետը կներկայացնենք»: Անդրադառնալով ընդդիմության հետագա քայլերին, Մկրտչյանը ասում է. - «Ելնելով դառը փորձից, մենք մշակում ենք եւ շուտով հանրությանը կներկայանանք նոր մարտավարությամբ»:

«Հայոց աշխարհ» թերթում քաղաքագետ Սուրեն Զոլյանը մեկնաբանում է Ղարաբաղում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առնչությամբ Արեւմուտքից հնչած բացասական տեսակետները: «Այս իրողությունը պետք է դիտարկենք իբրեւ ստեղծված իրավիճակի ախտանիշ: Այսինքն՝ սա ցույց է տալիս, որ կարգավորման գործընթացում զարգացումները մեզ համար առանձնապես նպաստավոր հունով չեն ընթանում: Սա ավելի շուտ պիտի լինի ազդանշան՝ չթուլացնել զգոնությունը ու չկարծել, թե ժամանակը մեր օգտին է աշխատում»:

«Պահանջվում է 21 ուրացող» վերնագրի ներքո «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Իշխանական վերնախավից պետպատվեր է իջեցված՝ մինչեւ սեպտեմբերի առաջին օրերը, երբ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն իր նիստում կորոշի նախորդ նստաշրջանի քվեարկությունների կեսից ավելիից բացակայած պատգամավորների բացակայությունների հարցը, ճշտել՝ կա՞ն «Արդարության» եւ «Ազգային միաբանության» համամասնական ցուցակներում մարդիկ, ովքեր չեն ենթարկվի ԱԺ աշխատանքները բոյկոտելու ընդդիմության միասնական որոշմանը, չեն դիմանա 250 հազար դրամ պատգամավորական աշխատավարձի գայթակղությանը եւ կգնան խորհրդարան: Իշխանություններին հստակ երաշխիք է պետք, որ «Արդարություն» խմբակցության համամասնական ցուցակով ընտրված եւ «Ազգային միաբանության» համամասնական ցուցակով ընտրված 8 պատգամավորներին մանդատից զրկելուց հետո նշյալ ցուցակներում կգտնվեն 21 թեկնածուներ, ովքեր կգնան ԱԺ՝ ապահովելով խորհրդարանական ընդդիմության անհրաժեշտ ներկայությունը»: «Եթե հանկարծ այդպիսիք գտնվեն, նրանք ԱԺ կգան փչացածի իմիջով, որը, չեմ կարծում, թե իշխանություններին ձեռնտու է», - «Հայկական ժամանակ»-ին փոխանցել է «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի հավաստմամբ, իրենց կուսակցության որեւէ անդամ Ազգային ժողով չի մտնելու, որեւէ թեկնածու պատգամավորական մատդատ չի վերցնելու: «Այն, ինչ այսօր իշխանությունները ձեռնարկել են, պարզապես քաղաքական շանտաժ է: Նման քայլի գնալու համարձակություն այս վարչախումբը չունի», - իր հերթին ասում է «Արդարություն» դաշինքի լրատվական ծառայության ղեկավար Ռուզան Խաչատրյանը: - «Նրանք նման ինքնասպանության չեն գնա, որովհետեւ դա կնշանակի նոր խորհրդարանական ընտրություններ»: Իսկ Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Հայկական ժամանակ» թերթի թղթակցին ասել է. - «Ես անձամբ ամեն ինչ անելու եմ, որ պետաիրավական հանձնաժողովն անհարգելի համարի նրանց բացակայությունները, իսկ խորհրդարանը փակ, գաղտնի քվեարկությամբ նրանց զրկի մանդատից»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG