Մատչելիության հղումներ

«Արմենալ»-ը կդառնա փայլաթիթեղ արտադրող լավագույն ձեռնարկությունը ողջ Եվրոպայում


Ալյումինի արտադրության ծավալներով աշխարհում միայն ամերիկյան «Ալկո»-ին զիջող «Ռուսալ» ընկերությունը մտադիր է անցած տարեսկզբից իր սեփականությունը դարձած «Արմենալ»-ը վերածել Եվրոպայում փայլաթիթեղ արտադրող լավագույն ձեռնակության:

«Ռուսալ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Լիվշիցի գլխավորած պատվիրակությանը երկուշաբթի օրը ընդունել էր նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ալեքսանդր Լիվշիցը, ըստ Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի, Ռոբերտ Քոչարյանին ներկայացրել է «Արմենալ» ընկերության գործունեության հետ կապված ծրագրերը եւ դրանց ընթացքը:

Նախագահ Քոչարյանի հետ հանդիպումից հետո Լիվշիցը, ով այդ հանդիպումը գնահատեց «կոնստրուկտիվ» եւ «բարեհաճ», լրագրողներին ասաց, թե տեխնիկական եւ տեխնոլոգիական վերազինումից հետո ձեռնարկությունը կդառնա լավագույնը, քանի որ այժմ Եվրոպայում չեն կառուցում փայլաթիթեղի գլանվածքներ արտադրող ձեռնարկություններ:

«Արմենալ»-ում ներդրվելիք տեխնոլոգիան, ըստ Լիվշիցի, լավագույնն է լինելու. ձեռնարկությունը կաշխատի փակ արտադրական շրջափուլով` այստեղ կպատրաստեն ալյումինե գլանվածք, որից կարտադրվի աշխարհում մեծ պահանջարկ ունեցող չափազանց բարակ փայլաթիթեղ:

«Արմենալ»-ի արդիականացումը իրականացնելու է գերմանական «Ախենբախ» ընկերութունը, իսկ գերմանական մի խումբ բանկեր կվարկավորեն գործարքը: Վարկավորման ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 50 մլն դոլար:

Ներդրումների նշված ծավալը գերազանցում է նախնական պայմանավորվածությունը, ըստ որի ձեռնարկության արդիականացմանը պիտի հատկացվեր 34 մլն դոլար: Լիվշիցը դա պայմանավորեց նրանով, որ նախորդ տարի ձեռնարկությունում նախատեսվում էր արտադրել միայն փայլաթիթեղ, սակայն ներկայումս մտադիր են արտադրել նաեւ գլանվածք:

«2002 թվականին «Արմենալ»-ը տվել է 5,5 հազար տոննա արտադրանք, 2003 թվականին՝ 9 հազար տոննա», - ասաց նա` ավելացնելով, որ արդիականացումից հետո տարեկան արտադրանքի ծավալը կկազմի 25 հազար տոննա:

Լիվշիցը փոխանցեց իր վստահությունը, որ թողարկված ողջ արտադրանքը կվաճառվի, եւ որ 2005 թվականին «Արմենալ»-ում աշխատատեղերի թիվը կհաստնի 1000-ի:

«Ռուսալ» ընկերությունը, իր հերթին, շրջանառու միջոցների համար «Արմենալ»-ին կտրամադրի 20 մլն դոլար: Այդ միջոցներից տեխնիկական հիմնավորումների եւ այլ աշխատանքների համար արդեն հատկացվել է 1,5 մլն դոլար:

Ալեքսանդր Լիվշիցն ասաց նաեւ, թե արդիականացման եւ վերազինման գործընթացը կսկվի գերմանական «Հերմես» ապահովագրական ընկերության հետ վերջնական պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո, որի առաջին երաշխավորությունները վարկավորման գործարքը ապահովագրելու վերաբերյալ սպասվում են արդեն օգոստոսի վերջին:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG