Մատչելիության հղումներ

logo-print

«Միջազգային քրեական դատարանի կանոնադրության մասին» համաձայնագիրը Հայաստանը կարող է վավերացնել սահմանադրական փոփոխություններից հետո


Ուրբաթ օրը Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշեց, որ Հայաստանի կողմից ստորագրված «Միջազգային քրեական դատարանի կանոնադրության մասին» համաձայնագրով նախատեսված պարտավորությունները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը:

Այսպիսի բան շատ հազվադեպ է եղել Հայաստանի Սահմանադրական դատարանի պատմության մեջ: Սա նշանակում է, որ երկրի նախագահն Ազգային Ժողովի վավերացմանը չի ուղարկի այս փաստաթուղթը, որը Հայաստանը ստորագրել է հինգ տարի առաջ:

Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ստանձնվելիք պարտավորությունները չհամապատասխանող ճանաչվել գործող Սահմանադրության այն կետերին, որոնցով «նախատեսված չէ, որ դատական ֆունկցիաները վերապահվեն այլ պետության կամ միջազգային կազմակերպության»:

«Այդ դատարանը բացառում է քաղաքացիների համաներումից օգտվելու [Հայաստանի սահմանադրությամբ նախատեսված] իրավունքը», - ավելացրեց Բալայանը:

Խոսելով համաձայնագրի հետագա ճակատագրի մասին, Բալայանը ասաց, որ այն Ազգային ժողով վավերացման կարող է ուղարկվել միայն սահմանադրական փոփոխություններից հետո:

Միջազգային քրեական դատարանը հիմնվել է զանգվածային իրավունքների դեմ գործված հանցագործությունները` ցեղասպանությունը, պատերազմական հանցագործությունները, ստրկացումը եւ այլ ծանր ոճիրները պատժելու համար` եթե, իհարկե, դրանք իրագործվել են պետական ծրագրերի, քաղաքականության, թեկուզ բանավոր հրամանների արդյունքում:

Երկու տարի առաջ հիմնված դատարանն այսպիսի հանցագործություններին առնչվող որեւէ դիմում-֊բողոք դեռեւս չի ստացել, որեւէ դատավարություն մինչ օրս չի տեղի չունեցել:

Համաձայնագիրը ստորագրել են աշխարհի 139 երկիրներ, որոնցից 94-֊ը արդեն վավերացրել են այն: Ադրբեջանն ու Թուրքիան չեն ստորագրել այդ համաձայնագիրը: Ռուսաստանը, Ուկրաինան, Մոլդովան ստորագրել, բայց դեռեւս չեն վավերացրել: Հարեւան Վրաստանն արդեն վավերացրել է:

Միացյալ Նահանգները հրաժարվել է մասնակցել այս գործընթացին, եւ առանձին երկրների հետ երկկողմանի պայմանագրեր է կնքել:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG