Մատչելիության հղումներ

Բրիտանացի փորձագետների կարծիքով, Հայաստանում «հեղափոխությունը» ճնշվեց սաղմնային վիճակում


2004 թվականին Հայաստանում կատարվածը «Էկոնոմիստ» բրիտանական շաբաթական հանդեսի հետազոտող խումբը իր վերջին վերլուծականում անվանել է՝ «հեղափոխություն, որը ճնշվեց սաղմնային վիճակում»:

Հանդեսի փորձագետները փաստում են, որ Ռոբերտ Քոչարյանը «վերահաստատեց իր վերահսկողությունը ներքաղաքական ասպարեզում այն բանից հետո, երբ ընդդիմության նախաձեռնած արշավը չհանգեցրեց նախագահի հրաժարականին»:

Պատասխանելով հարցին, թե ինչու ընդդիմությունը չհասավ իր նպատակին, «Էկոնոմիստ»-ի վերլուծաբանները մեջբերում են նախկին վարչապետ Արամ Սարգսյանի կարծիքը. - «Նախ, ընդդիմությունը պետք է համախմբվեր մեկ խարիզմատիկ առաջնորդի շուրջ, ինչպես վրացական ընդդիմությունը համախմբվեց Միխայիլ Սահակաշվիլիի շուրջ եւ երկրորդ՝ ընդդիմության դեմ ելավ նախագահամետ կուսակցությունների, հատուկ ծառայությունների եւ այլ կառավարական հաստատությունների միասնական ճակատը` պետական բոլոր ռեսուրսներով»:

Բրիտանացի մասնագետները մեջբերում են նաեւ ընդդիմության այլ առաջնորդների կարծիքը. - «Քոչարյանին պաշտոնազրկելու արշավը կորցրեց իր թափը, երբ ապրիլի կեսերին դեպի նախագահական նստավայր նախաձեռնած երթը խափանվեց հատուկ ուժերի կողմից: Ավելին` երբ ընդդիմությունը մի քանի անգամ հետաձգեց «վճռական գործողությունը», նրա աջակիցները հիասթափվեցին եւ այլեւս անհնար դարձավ բավարար մարդ հավաքել նախատեսված նպատակին հասնելու համար»:

«Փողոցային ցույցերի ձախողված փորձը ցույց տվեց, որ իշխանությունների դեմ արդյունավետ արշավ ծավալելու` «Արդարություն» դաշինքի ունակությունը հարցականի տակ է եւ դա, ամենայն հավանականությամբ, կստիպի ընդդիմությանը վերանայել իր քաղաքական մարտավարությունը», - գրում են «Էկոնոմիստ»-ի փորձագետները:

Բրիտանացի վերլուծաբանները, այդուհանդերձ, կարծում են, որ ընդդիմության արշավը որոշ չափով թուլացրեց Ռոբերտ Քոչարյանին: Նրանք ուշագրավ դիտարկում են անում. - «Նախագահի այդ թուլացումից ավելի շատ շահեցին հանրապետականները, քան ընդդիմությունը»:

«Էկոնոմիստ»-ը փաստում է, որ թեեւ ընդդիմությանը չհաջողվեց պաշտոնազրկել Ռոբերտ Քոչարյանին, նախաձեռնած արշավը ցույց տվեց, որ նախագահը պատրաստ է ուժ կիրառել ընդդիմությանը ճնշելու համար եւ ավելի քիչ է հակված զիջումների ու երկխոսության:

«Ընդդիմությանը նաեւ հաջողվեց միջազգային հանրության ուշադրությանն արժանացնել այն փաստը, որ Հայաստանը այնքան առաջ չի շարժվել ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ճանապարհով, որքան թվում էր մինչեւ հիմա», - փաստում են բրիտանացի վերլուծաբանները:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG