Մատչելիության հղումներ

Նորանշանակ գլխավոր ճարտարապետը ուշադրության կենտրոնում է պահելու մայրաքաղաքի կենտրոնի կառուցապատումը


Անցած շաբաթվանից Երեւանի գլխավոր ճարտարապետ նշանակված Սամվել Դանիելյանը երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, թե «օրակարգային է համարում» Երեւանի որոշ տարածքների` Հյուսիսային պողոտայի եւ Գլխավոր պողոտայի կառուցապատման աշխատանքները:

Սամվել Դանիելյանի փոխանցմամբ, կառավարության որոշմամբ այդ հատվածներում հողահատկացումները արդեն կատարվել են: Հայտնի են նաեւ այն, հիմնականում տեղական, ընկերությունները, որոնք ներդրումներ են կատարելու այստեղ: Գլխավոր պողոտայում, օրինակ, նախատեսվում է նոր բնակելի շենքերի եւ սպասարկման օբյեկտների կառուցում:

Իրացվելու է նաեւ Ֆիրդուսու փողոցին, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն եւ Երեւանի գինու կոմբինատին հարող տարածքները: Գլխավոր ճարտարապետի փոխանցմամբ, այս բոլոր հատվածների նկատմամբ ներդրողներից արդեն ստացվել են կոնկրետ առաջարկներ:

Մինչեւ քաղաքապետ երվանդ Զախարյանի կողմից Երեւանի գլխավոր ճարտարապետ նշանակվելը, Սամվել Դանիելյանը քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության պետն էր, եւ ինչպես Դանիելյանն ինքն ասաց` շարունակելու է իր նախորդի` Նարեկ Սարգսյանի «կիսատ թողած գործերը»:

Նորանշանակ ճարտարապետը դժվարանում է ասել, թե մայրաքաղաքում վերջին տարիներին կառուցված շինությունների, մասնավորապես սպասարկման օբյեկտների եւ սրճարանների որ մասն է համապատասխանում քաղաքաշինական նորմերին: «Մի զգալի մասը, գերակշռող մասը իրականացվել է նախագծերով, համապատասխանում է նախագծերին` թերեւակի շեղումներով, որոնք ես համարում եմ բնական» - ասաց նա:

Կոնկրետ Օղակաձեւ այգում մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետին մտահոգում է միայն սրճարանների մեծ քանակը, իսկ դրանց ճարտարապետական տեսքն ու քաղաքաշինության նորմերին համապատասխանելը Սամվել Դանիելյանին գոհացնում են:

Անդրադառնալով Օպերայի շրջակայքում կառուցված սրճարաններին, Երեւանի գլխավոր ճարտարապետը ասաց. -«Իհարկե, լավ կլիներ, եթե Օպերայի տարածքում մենք դրանք չունենայինք: Դրանք պետք է սովորաբար լինեն թեթեւ կոնստրուկցիաներով, միգուցե ավելի ջրաշատ, ավելի կանաչապատ… Բայց ինչ որ եղել է` եղել է արդեն», - եզրափակեց նա:

Նույնն ասաց Դանեիլյանը նաեւ Հաղթանակ զբոսայգում կառուցվող հյուրանոցային համալիրի մասին. - «Ինչ որ կա` կա… Ինչ որ եղել է` արդեն եղել է: Այնտեղ շինարարությունն արդեն ավարտվում է: Դրա մասին խոսելը, կարծում եմ, արդեն ակտուալ չէ»:

Դանիելյանը խուսափում էր խոսել քաղաքաշինության նորմերից շեղումներով կառուցված շինությունների մասին` ասելով այդուհանդերձ, թե իր նախորդի կողմից «բացթողումներ գրեթե չեն եղել»:

«Ես չեմ կարծում, որ մեծ բացթողում եղել է [Նարեկ Սարգսյանի օրոք]: Նախկին գլխավոր ճարտարապետը աշխատել է որոշակի պայմաններում, որոշակի իրավիճակում… Եթե բացթողումներ էլ եղել են, ապա` ինչ-որ բաներով պայմանավորված», - ասաց նա` առանց կոնկրետ օրինակներ բերելու:

Սամվել Դանիելյանը ասաց, թե Նարեկ Սարգսյանը ինքն է հրաժարվել գլխավոր ճարտարապետի պաշտոնից` Հյուսիսային պողոտայի նախագծման աշխատանքներով զբաղվելու նպատակով:

Քաղաքաշինության պետական տեսչության պետ Սեւադա Հայրապետյանը, մինչդեռ, անցած ամիս «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե Սարգսյանը պաշտոնազրկվել է նաեւ խախտումների համար: «Հիմնականում խախտումներ թույլ տվող անձը քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի ժամանակ եղել է գլխավոր ճարտարապետը, որը աշխատանքից ազատվել է», - ասել էր Հայրապետյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG