Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները


Անցած շաբաթավերջին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնց անցկացմանը կտրականապես դեմ էր Ադրբեջանը` դրանք որակելով «անօրինական»: ԼՂՀ իշխանությունները, սակայն, ընտրությունները կարեւոր քայլ են համարում ժողովրդավարություն կառուցման ճանապարհին:

Ըստ ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ), 85 հազար ընտրողների շուրջ 61 տոկոսը մասնակցել է կիրակի օրը կայացած քվեարկությանը, որի արդյունքում ընտրվելու են Լեռնային Ղարաբաղի մոտ 200 քաղաքների եւ գյուղերի վարչական ղեկավարներն ու ավագանու խորհուրդների անդամները:

Ընտրողների ամենացածր մասնակցությունը արձանագրվել է Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններում: Այստեղ անակնկալ կերպով իշխանությունների աջակցությունը վայելող թեկնածուն չի կարողացել հաղթել առաջին փուլում: Ըստ նախնական արդյունքների, «Ժողովրդավարական Արցախ» միություն (ԺԱՄ) կուսակցության աջակցությունը վայելող թեկնածուի` Պավել Նաջարյանի օգտին քվեարկել են ընտրողների 42,8 տոկոսը, մինչդեռ առաջին փուլում հաղթելու համար արհրաժեշտ էր ստանալ ձայների կեսից ավելին:

Նաջարյանի հիմնական մրցակիցը` Էդուարդ Աղաբեկյանը, ստացել է քվեարկությանը մասնակցած 34,5 տոկոս ընտրողների ձայները, եւ ակնկալվում է, որ օգոստոսի 22-ին տեղի ունենալիք երկրորդ փուլում նրան կպաշտպանեն առաջին փուլում պարտություն կրած մյուս երեք թեկնածուները:

Նախկինում զինվորական բժիշկ Աղաբեկյանը ներկայումս գլխավորում է ԼՂՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովը, եւ հանդես է գալիս նախագահ Արկադի Ղուկասյանին ընդդիմադիր դիրքերից:

Իշխանական ԺԱՄ կուսակցությունը ամենաստվարն է ներկայացված տեղական ինքնակառավարման մարմիններում, եւ այդ ներկայությունը մայրաքաղաքից դուրս որեւէ լուրջ վտանգ չի սպառնում:

ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքները կհրապարակի այս շաբաթ ավելի ուշ: ԿԸՀ նախագահ Սերգեյ Դավթյանը գոհ է դրանց անցկացումից:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հասել է իր նպատակին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Դավթյանը: - «Այս ընտրությունները ավելի լավ էին կազմակերպված, քան նախորդները»:

Նրա խոսքերով, երկուշաբթի օրվա երկրորդ կեսին ԿԸՀ-ն դեռեւս որեւէ բողոք չէր ստացել թեկնածուներից:

Ադրբեջանը խիստ կտրուկ էր արձագանքել այս ընտրություների անցկացմանը ` պնդելով, թե Լեռնային Ղարաբաղում անցկացված ցանկացած ընտրություն չի կարող օրինական համարվել, քանի դեռ «չի վերականգնվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

Ընտրույթունների անցկացումը քննադատել էր նաեւ Եվրամիության` պաշտոնավարությունն ավարտող գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը` նշելով, թե քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, «միակողմանի գործողությունները լավ արդյունքի չեն հանգեցնի»:

Հայաստանի արտործնախարարությունը, հակադարձելով Ադրբեջանի արտգործախարարության` ԼՂՀ ընտրություններին եւ այստեղ ընթացող զորավարժություններին վերաբերող հայտարարությունը, այն որակել էր որպես «տեւական խաղաղության հասնելու գործում իր [Ադրբեջանի] ոչ կառուցողական դիրքորոշումը» քողարկելու փորձ:


Հրանտ Ալեքսանյան, Ստեփանակերտ

(Լուսանկարում` Պավել Նաջարյանը (ձախից) եւ Էդուարդ Աղաբեկյանը)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG